«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#117, 2009-06-25 | #118, 2009-06-26 | #119, 2009-06-27


Ի՞ՆՉ ՇԱՀԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ

«Եթե մենք Սաակաշվիլուն ընդունում ենք, պետք է հասկանանք, որ այստեղ որոշակի «գին» կա, որ Վրաստանը պետք է վճարի», երեկ «Հայացք» ակումբում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը բացատրելով, որ ռուս-վրացական օգոստոսյան պատերազմից հետո այսօր Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն Ռուսաստանում համարում են հանցագործ, արեւմտյան երկրներն էլ, Ռուսաստանի հետ իրենց հարաբերությունները չփչացնելու համար, նախընտրում են նրան չհրավիրել տարատեսակ համաժողովների եւ հանդիպումների: Սաակաշվիլին խնդիրներ ունի նաեւ սեփական երկրի ներսում: Փաստորեն, նա հայտնվել է մեկուսացած վիճակում եւ որեւէ այց նրա համար շահեկան է: Սակայն ի՞նչ է շահում այս պարագայում Հայաստանը:

«Դիվանագիտական տեսանկյունից սխալ կլիներ, որ ասեինք մի արի: Սակայն, ես կուզենայի հասկանալ, թե մենք ինչ էինք ցանկանում ստանալ: Ջավախահայության խնդիրներն են բաց մնացել, ինձ համար շատ մշուշոտ է մնացել Վերին Լարսի բացման խնդիրը, որովհետեւ այստեղ կախվածությունը շատ ավելի մեծ է Ռուսաստանից, քան Վրաստանից, եւ Հայաստանի հետ հավաստար Վրաստանն է շահագրգռված Վերին Լարսի ճանապարհի բացմամբ», նկատում է Ե. Բոզոյանը: Նա հավելեց, որ որքան Հայաստանն է կախված Վրաստանից, այնքան էլ Վրաստանն է մեր երկրից գտնվում կախվածության մեջ, քանի որ Ջավախքում վրացական պետության համար կայունացնող դեր խաղացող մի մեծ գործոն կաՙ հայկական համայնքը:

«Օգոստոսյան պատերազմի ժամանակ Հայաստանի եւ ջավախահայության ճիշտ, չեզոք դիրքորոշումը նպաստեց, որ այդ պատերազմը չբռնկվեց արդեն այլ կետերում: Վրաստանը գնահատեց այդ վիճակը եւ հայտարարեց, թե Հայաստանը նույնպես իր համար ռազմավարական դաշնակից է: Սակայն գնահատո՞ւմ ենք, արդյոք, մենք, որ ունենք այդպիսի գործոն Ջավախքում: Ինձ համար դա հարցական է», ասում է բանախոսը:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4