Հանգստյան օրերին կայանալիք հանդիպումներով ավարտվում է ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 2-րդ շրջանը: Պաշտոնապես առաջնությունը «հասարակածը» կհատի հուլիսի 7-ին, երբ կկայանա 11-րդ տուրից հետաձգված «Փյունիկ»-«Արարատ» հանդիպումը:
Առաջնության 14-րդ տուրի կենտրոնական հանդիպումն, անշուշտ, «Հանրապետական» մարզադաշտում հունիսի 28-ին կայանալիք «Փյունիկ»-«Միկա» մրցավեճն է: Այդ խաղն առաջնության ամենավճռորոշ հանդիպումներից մեկն է, քանի որ ներկայումս «Միկան» գլխավորում է աղյուսակըՙ 2 միավորով գերազանցելով փյունիկցիներին: Ավելորդ է խոսել այդ խաղում հաղթանակի գնի մասին: «Միկայի» հաջողության դեպքում ոսկե մեդալների համար պայքարը նոր ուժով կբորբոքվի, ինչը զգալի ինտրիգ կհաղորդի առաջնությանը:
«Փյունիկի» հետ հանդիպմանը «Միկայի» ղեկավարությունը կրկին որոշել է մրցավարական բրիգադ հրավիրել արտերկրից, այս անգամՙ Լիտվայից: Հիշեցնենք, որ մինչ այդ «Բանանցի» հետ խաղը վարել էր Իտալիայի մրցավարական բրիգադը: Ի դեպ, կողմերի վերաբերմունքն իտալացի մրցավարի գործողությունների հանդեպ տարբեր էր եղել: Մասնավորապես, «Բանանցի» նախագահ Սարգիս Իսրայելյանը բողոքել էր մրցավարից: Բայց ամեն դեպքում կարծում ենք «Միկայի» ղեկավարությունը ճիշտ է վարվումՙ չվստահելով տեղացի մրցավարներին սկզբունքային նշանակություն ունեցող խաղերի սպասարկումը:
«Միկան» ընթացիկ մրցաշրջանում սկսեց ավելի վստահ խաղալ, երբ թիմի ղեկը ստանձնեց հանրապետության փորձառու եւ բանիմաց մասնագետներից մեկըՙ Սամվել Դարբինյանը: Նրա գլխավորությամբ միկացիները դեռեւս չեն պարտվել: «Փյունիկի» հետ առաջին շրջանի խաղում գրանցվել է մարտական ոչ-ոքիՙ 2-2: Հաշիվը բացել էր «Միկայի» լեգեոնական Էդնեյը, որին «Փյունիկը» պատասխանել էր Արթուր Եդիգարյանի գոլով: Ընդմիջումից հետո Արամ Ոսկանյանը կրկին առաջ էր մղել «Միկային», սակայն Հենրիխ Մխիթարյանը վերականգնել էր հավասարակշռությունը:
Թիմերի մրցավեճում «Փյունիկը» զգալի առավելություն ունի: Անցկացված 29 հանդիպումներից 16-ում հաղթել են փյունիկցիները, մինչդեռ «Միկան» ընդամենը 2 անգամ է հաջողության հասել:
Պակաս հետաքրքրություն չեն ներկայացնում նաեւ տուրի մյուս հանդիպումները: «Ուլիսը» հյուրընկալելու է «Արարատին», որին շատ դժվար կլինի առաջին միավորը վաստակել, քանի որ խաղին չեն մասնակցի որակազրկված Գեւորգ Նռանյանը, Վաչագան Կարապետյանն ու Արտակ Գրիգորյանը: Ճգնաժամից աստիճանաբար դուրս եկող «Գանձասարը» Կապանում կհյուրընկալի «Շիրակին», որը նախորդ տուրում «Փյունիկի» հետ խաղում սեփական դարպասն անառիկ էր պահել: «Բանանցի» համար էլ վերջին փորձամրցումը կլինի «Կիլիկիայի» հետ այսօր «Հրազդանում» կայանալիք խաղում:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ