Հավաստում է ՆԱՏՕ-ում ՀՀ դեսպանը
1994-ին Հայաստանը եւ ՆԱՏՕ-ն հաստատեցին «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագիրը: Հայաստանը հնարավորություն ստացավ միջազգային ատյաններում ներկայացնելու տարածաշրջանին առնչվող խնդիրները, ինչպես նաեւ զարգացնել հարաբերությունները դաշինքի անդամ մյուս երկրների հետ:
Թե ինչպիսին է աշխատանքային գործընթացը ՆԱՏՕ-ում, արցախյան հիմնախնդրի վերաբերյալ որն է ՆԱՏՕ-ի դիրքորշումը, այս եւ այլ խնդիրների պարզաբանման համար «Ազգը» դիմեց ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ՀՀ ներկայացուցիչ Սամվել Մկրտչյանին:
- Պրն Մկրտչյան, արդեն չորս տարի է, ինչ Հյուսիսատլանտյան դաշինքում ներկայացնում եք Հայաստանը: Կարո՞ղ եք համառոտ ներկայացնել Ձեր առօրյա հանդիպումներն ու աշխատակարգը:
- ՆԱՏՕ-ի հետ մեր համագործակցությունն իրականացվում է գործընկերության շրջանակներում. դա ենթադրում է, որ մենք միաժամանակ ձգտում ենք ստանալ նրանց աջակցությունը Հայաստանում իրականացվող անվտանգության եւ պաշտպանության ոլորտների բարեփոխումներին, նաեւ մասնակից լինել դաշինքի գործողություններին` դրանով իսկ վերածվելով միջազգային անվտանգության ապահովման ներդնողի:
Յուրաքանչյուր աշխատանքային օրը սկսվում է փաստաթղթերի ծանոթացումից, որոնք մենք ստանում ենք ռեգիստրից: Դա ենթադրում է, որ մենք պետք է կատարենք բովանդակային վերլուծություն, ներկայացնենք համապատասխան առաջարկներ, դրանք փոխանցենք ԱԳՆ եւ ստանանք պաշտոնական դիրքորոշում: Կարեւոր է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայության, ՆԱՏՕ-ի իրավիճակային կենտրոնի ամենօրյա հաղորդագրություններին պարբերաբար հետեւելը. դրանցում հաճախ տեղ է գտնում նաեւ մեր տարածաշրջանին, հարեւան երկրներին, անմիջական գործընկերներին առնչվող տեղեկատվություն: Մշտապես լիարժեք տեղեկացվածությունը մեր աշխատանքի անհրաժեշտ բաղկացուցիչներից է: Ամենօրյա ռեժիմով մենք անցկացնում ենք աշխատանքային հանդիպումներ գլխավոր քարտուղարի անձնական գրասենյակի, միջազգային քարտուղարության տարբեր ստորաբաժանումների պաշտոնատարների հետ. քննարկվում են մեր համագործակցության ընթացիկ խնդիրները, մշակվում են նոր ծրագրեր: Կանոնավոր հանդիպումներ են անցկացվում ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր պետությունների պատվիրակությունների եւ առաքելությունների ղեկավարների ու անդամների հետ:
Ուղեկցում եւ աջակցում ենք ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում գումարվող հանդիպումներին ու ծրագրերին մասնակցող Հայաստանի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներին: Մասնակցում ենք ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջաններին, տարբեր վերլուծական կենտրոնների կողմից անցկացվող խորհրդաժողովներին եւ սեմինարներին: Ահա այսպիսին է, ընդհանուր առմամբ, մեր առօրյան:
- Ադրբեջանի վարած քաղաքականությունը միջազգային ատյաններում, նաեւ ՆԱՏՕ-ում, շատ ավելի ճկուն է. ըստ Ձեզՙ ի՞նչն է խոչընդոտում Հայաստանի դիվանագիտությանը լինել գոնե նույնքան ճկուն:
- Իհարկե, ինձ համար միանշանակ դժվար է համաձայնել Ձեր նույնքան միանշանակ պնդմանը: Ես նախկինում մի քանի տարի աշխատել եմ ԵԱՀԿ-ում մեր պատվիրակությունում, անմիջականորեն զբաղվել եմ Եվրոպական միության եւ Եվրոպայի խորհրդի հետ Հայաստանի հարաբերություններով եւ առանց վարանելու կարող եմ ասել, որ Ձեր պնդումը իրականությանը չի համապատասխանում: Բոլոր դեպքերումՙ մենք առավել նախաձեռնող ենք եւ առավել վստահելի գործընկեր. դա թող չհնչի որպես ինքնագովություն: Ադրբեջանական կողմը միշտ փորձում է ապատեղեկացնել, ապակողմնորոշել մյուսներին եւ վատաբանել Հայաստանին: Սակայն դա անհեռանկար մոտեցում է եւ ոչ մի կերպ չի կարող որակվել որպես «ճկուն քաղաքականություն»: Իսկ մենք մշտապես ներկայացնում ենք ճշմարտությունը` առաջին հերթին արցախյան հակամարտության վերաբերյալ, եւ դա կատարում ենք փաստարկված: Եվ եթե Ադրբեջանին ինչ-որ տեղ հաջողվում է արձանագրել թվացյալ հաջողություն, ապա դա իրոք թվացյալ է եւ խիստ կարճատեւ: Ձեր մեջբերած «ճկունությունը» բերել է այն արդյունքին, որ վերջին մեկ տարվա ընթացքում միջազգային ատյաններում ընդունած որոշումները եւ բանաձեւերը համահունչ են Հայաստանի դիրքորոշմանը` հիմնախնդրի խաղաղ կարգավորում Մինսկի խմբի շրջանակներում` հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի վրա: Այդ առումով կարող եմ Ձեզ հարց ուղղել` ի՞նչն է առավել արդյունավետ:
- Ապրիլին Ադրբեջանի նախագահն այցելեց ՆԱՏՕ: Միտումներ կան, որ ՆԱՏՕ-ն ԼՂ խնդրի կարգավորման դրական ելքը տեսնում է հօգուտ Ադրբեջանի: Ինչպիսի՞ն է Ձեր տեսակետը:
- Բնականաբար, ես նման տեսակետին համաձայն չեմ: Նախ, ելնելով իմ շփումներից, չունեմ նման եզրակացություն անելու որեւէ հիմք: Երկրորդ, Հայաստանի ղեկավարությունը եւս տարբեր առիթներով այցելում է ՆԱՏՕ-ի կենտրոնակայան, հանդիպումներ ունենում գլխավոր քարտուղարի հետ, իսկ ապրիլի վերջին Երեւան էր այցելել գլխավոր քարտուղարի տեղակալ Կ. Բիզոնիերոն. կայացած քննարկումները, մտքերի փոխանակումը միանշանակ վկայում են, որ ՆԱՏՕ-ն ցուցաբերում է հավասարակշռված մոտեցում:
Հյուսիսատլանտյան դաշինքը բազմիցս հայտարարել է արցախյան հիմնախնդրի վերաբերյալ իր դիրքորոշումը, մասնավորապես վերջին անգամ ՆԱՏՕ-ի մամլո խոսնակ Ջեյմս Ապատուրայն իր շաբաթական ասուլիսում բավական հստակ ներկայացրեց ՆԱՏՕ-ի դիրքորոշումը, նշելով, որ ՆԱՏՕ-ն ուղղակիորեն ներգրավված չլինելով հակամարտության կարգավորման գործընթացում, ցանկանում է տեսնել խնդրի կարգավորումը խաղաղ ճանապարհով եւ աջակցում է ԵԱՀԿ-ին ու Մինսկի խմբին, իսկ նրանց առաջարկները համարեց լավ հիմքՙ ընթացող բանակցությունների համար: Կարծում եմՙ բավականին հստակ է դիրքորոշումը, եւ Ադրբեջանի ջանքերը` տապալելու ԵԱՀԿ Մինսկի խումբն ու ՆԱՏՕ-ին կամ մեկ այլ միջազգային կառույցի ներքաշելու արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացում, թերեւս ապարդյուն են, ստանում են բացասական արձագանք եւ չեն արդարացվում:
- Ոչ պաշտոնական, բայց հավաստի աղբյուրներից տեղեկացանք, որ ԼՂ-ում ՆԱՏՕ-ի խաղաղապահների ներկայության ապահովման վերաբերյալ Ալիեւի ծրագրին ՆԱՏՕ-ն հավանություն է տվել: Ինչպիսի՞ն է Ձեր տեսակետը եւ ի՞նչ բանակցություններ եք տարել:
- Այս հարցն առավել ճիշտ կլիներ ուղղել ՆԱՏՕ պաշտոնյաներին, եւ կարող եմ վստահեցնել, որ նրանք կհերքեն այդ տեղեկատվությունը: Եթե նման խնդիր չկա, ապա նաեւ համապատասխան բանակցություններ չէին կարող տարվել: Բայց եւս մեկ անգամ մեջբերեմ այն, որ ՆԱՏՕ-ն բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում ներգրավվել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում, առավել եւս տեղակայել իր խաղաղապահ ուժերը Լեռնային Ղարաբաղում: Ավելին, ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի հավանական տեղակայման հարցը կարող է քննարկման առարկա դառնալ կարգավորման շուրջը քաղաքական համաձայնության ձեռքբերումից հետո միայն եւ հակամարտության բոլոր կողմերի, եւ, իհարկե, ԼՂ-ի, լիարժեք մասնակցության պարագայում:
- ՀՀ արտգործնախարարի եւ պաշտպանության նախարարի այցը Բրյուսել ինչո՞վ էր պայմանավորված:
- Մայիսի 20-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեցին Բրյուսել` ՆԱՏՕ-ի կենտրոնակայան, եւ մասնակցեցին Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին, որը գումարվել էր ՆԱՏՕ-ի անդամներ-Հայաստան ձեւաչափով (28+1). այդ նիստում քննարկվեցին Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության տարբեր ոլորտներին առնչվող մի շարք հարցեր: Իրենց ելույթներում Հայաստանի արտգործնախարարն ու պաշտպանության նախարարը ներկայացրին Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքը:
ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպաններն իրենց աջակցությունը հայտնեցին Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, ինչպես նաեւ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցային գործընթացին: ՀԱԽ-ի նիստից առաջ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Սեյրան Օհանյանը հանդիպում ունեցան նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի հետ. քննարկվեցին մասնավորապես Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի եւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հարցերը:
- Ձեր աշխատակարգում կա՞ն բաներ, որոնք կուզենայիք փոխել:
- Իհարկե, խիստ ցանկալի կլիներ, որ մենք հնարավորություն ունենայինք ընդլայնելու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության անձնակազմը. ցավոք, այս պահին մենք ամենասակավաթիվ անձնակազմ ունեցող դիվանագիտական ներկայացուցչությունն ենք: Առավել մեծ անձնակազմ ունենալու պարագայում, կարելի էր լուծել երկու կարեւոր խնդիր` ընդլայնել աշխատանքային ներգրավումը եւ բարձրացնել արդյունավետությունը:
ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ, Բրյուսել