«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#118, 2009-06-26 | #119, 2009-06-27 | #120, 2009-06-30


ԲԱՔՎԻՑ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ՄԵԴՎԵԴԵՎԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ «ԿՀՅՈՒՐԸՆԿԱԼԻ» ԱԼԻԵՎԻՆ ԵՎ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը մի տեսակ շրջապտույտի մեջ է մտել: Հաջորդաբար եւ արդեն զգալի մեծացած պարբերականությամբ հանդիպում են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են հաճախ այցելում տարածաշրջան, մոտ օրերս հնարավոր է, որ տեղի ունենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների արդեն 6-րդ հանդիպումը:

Սակայն ի՞նչ է կատարվում բանակցային գործընթացում, դժվար է անգամ ենթադրել, քանի որ որքան էլ խոսեն այս կամ այն սկզբունքի համաձայնեցված լինելուց, կամ մյուսների առումով դիրքորոշումների մերձեցումից, միեւնույն է, գործում է «քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, ոչինչ համաձայնեցված չէ» սկզբունքը, ուստի ամենայն հանգստությամբ կարելի է ասել, որ դեռեւս ոչինչ էլ համաձայնեցված չէ:

Հունիսի 26-ին աշխատանքային այցով Փարիզ մեկնած Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարի նստավայրում հանդիպում է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամադյարովի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Մեթյու Բրայզայի (Միացյալ Նահանգներ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Հայաստանի արտգործնախարարության կայքէջի համաձայն, վեց ժամից ավելի տեւած բանակցությունների ընթացքում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների դեմ առ դեմ հանդիպումը, այնուհետեւ նրանց են միացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպման արդյունքում տրված հանձնարարականի համաձայն, երկու նախարարները շարունակել են բանակցությունները` քննարկելով արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցեր մադրիդյան փաստաթղթում առաջարկվող սկզբունքների շուրջը կողմերի դիրքորոշումների մոտեցման նպատակով:

Նախարարներ Նալբանդյանն ու Մամեդյարովն անդրադարձել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման կազմակերպման հնարավորությանը, որի համար նախնական ժամկետ էր նշվում հուլիսի սկիզբը: Բանակցություններում որոշվեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի առաջին կեսին կայցելեն տարածաշրջան:

«Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների Փարիզում կայացած հանդիպումը օգտակար էր եւ անցավ կառուցողական մթնոլորտում», այսպիսի գնահատական է տրված հանդիպմանը ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ադրբեջանը Փարիզում արտգործնախարարների հանդիպումը «օգտակար» է գնահատել: Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Էլխան Պոլուխովի խոսքերով, որ փոխանցում է «Ազերիպրեսս» գործակալությունը, փարիզյան հանդիպմանը կողմերը միմյանց դարձյալ տեղեկացրել են երկու կողմերի դիրքորոշումների մասին:

«Ուսումնասիրվել են դիրքորոշումների մերձեցման հնարավորությունները», հայտարարել է ԱԳՆ ներկայացուցիչը, ավելացնելով, որ ճշտվում է տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցելության ժամանակահատվածը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը հայտարարել է, որ նախարարների հանդիպումը կառուցողական էր եւ «կոչված էր քննարկելու նախագահների մակարդակով հաջորդ հանդիպման նախապատրաստումը»: «Մենք կոորդինացրել ենք մեր մոտեցումները ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ եւ շարունակել ենք նախապատրաստել Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի հաջորդ հանդիպումը», նշել է ամերիկացի համանախագահը:

Բրայզան եւս մեկ անգամ ենթադրություն է հայտնել, որ ամենայն հավանականությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը կրկին տեղի կունենա Ռուսաստանում` Մոսկվայում, հուլիսի սկզբին: Հետաքրքրական է, թե որեւէ առաջարկ կլինի՞ Ռուսաստանի կողմից, հաշվի առնելով, որ երեկ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը «գազի» հարցով, եւ ոչ միայն, երեկ աշխատանքային մեկօրյա այցով մեկնել էր Բաքու:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4