Թերեւս Զարուհի Փոստանջյանը սրա մեջ էր արդարացում փնտրում
ՀՀ-ում արդեն սովորական երեւույթ է դարձել ներքին հարցերին լուծում տալու համար դրսի «ձյաձյաներին» , «ախպեր տղերքին» օգնության կանչելը: Ցավալի է, որ մի բուռ ազգ ենք ու մեր ներքին խնդիրները նորից ու նորից եվրոպացիներին ու ամերիկացիներին ենք դեմ տվել` քաջ գիտակցելով, որ այսպես թե այնպես վերջնական լուծումներն ու որոշումները ոչ միշտ են հայանպաստ լինելու: Թողած բազում հոգսեր ու խնդիրներ Հայաստանում, արդեն մեկ շաբաթից ավելի ընկել ենք Ստրասբուրգով ու ամբողջ Եվրոպայով մեկ տիկին Զարուհի Փոստանջյանին ենք փնտրում: Ինչեւէ, վերջինս վերջապես երեկ հայտնվեց «Դե ֆակտո» ակումբում ու այս անգամ ոչ թե մենակ, այլ «Ժառանգությունը» ներկայացնող «հռետորների» ու «պաշտպանյալների» հետ: Եկել էին Ստյոպա Սաֆարյանը, մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը ու էլի մի երկու «ժառանգականներ»: Նրանք եկել էին տիկին Փոստանջյանի «թասիբը» պահելու: Քանի որ ակումբում էլ ասեղ գցելու տեղ չկար` Ստյոպա Սաֆարյանն ու Վաչե Խուրշուդյանը փորձում էին իրենք ասուլիսին ուղղորդում տալ` մինչեւ գործին կխառնվեր ակումբավարը: Վերջապես «մեղադրյալը» պատասխանեց այն հարցին, թե ինչո՞ւ Հայաստանի մասին բանաձեւի իր առաջարկներին աջակցելու համար ստորագրություն էր վերցրել նաեւ թուրք եւ ադրբեջանցի պատգամավորներից: Այստեղ Զարուհի Փոստանջյանը խիզախեց ու անվախ դարձավ. «Այո՛, ես թույլ եմ տվել, որ նրանք ստորագրեն իմ առաջարկության տակ, այո՛, ես թույլ եմ տվել, որպեսզի ստորագրեն Արցախի հերոսամարտի մասնակիցներին ազատ արձակելու առաջարկի տակ: Դա իմ գործընկեր Սասուն Միքայելյանն է, դա Ժորա Սափեյանն է, դա Մկրտիչ Սափեյանն է եւ այն մարդիկ են, ովքեր մասնակցել են Արցախի հերոսամարտին եւ գտնում եմ, որ իմ առաջարկը, որով թույլ եմ տվել, որ ստորագրեն այլ պատվիրակներ, ճիշտ է: Այդ աղմուկի ամբողջ նպատակը եղել է ոչ թե, որ թուրք պատվիրակը եւ ադրբեջանի պատվիրակը իմ առաջարկությանն են միացել, այլ հիմնական նպատակը այն է եղել, որ ես տապալել եմ Դավիթ Հարությունյանի գործունեությունը այնտեղ, որը հետապնդում էր մեկ բան` այնպես անել, որ մարտի 1-ի դեպքերը կոծկվեին եւ մարտի 1-ի էջը փակվեր: Դրանից հետո պարոն Դավիթ Հարությունյանը քաջատեղյակ է եղել, որ ես ներկայացրել եմ բանաձեւի նոր նախագիծ, որը պետք է հատուկ զեկուցող նշանակի մարտի 1-ի դեպքերի 10 զոհերի ուսումնասիրման վերաբերյալ: Այս ամենի նպատակը եղել է շեղել բուն նպատակային պրոցեսներից, որը տեղի ունեցավ ԵԽԽՎ -ում»:
«Թող բոլորը լավ գիտակցեն, որ դաստիարակություն եմ ստացել հայկական ընտանիքում, իմ պապերը գաղթել են Արեւմտյան Հայաստանից, եւ իմ մեջ կա կարոտը, այո, իմ երկրի նկատմամբ: Եվ որեւիցե մեկը չփորձի կասկածի տակ դնել իմ հայրենասիրությունը եւ խոսի դավաճանության մասին: Թող խոսեն այն մարդիկ, թե ինչպիսի դավաճանություն են իրականացրել», ասում է Զարուհի Փոստանջյանը:
Հետաքրքրական է` ինչպիսի՞ արձագանք կտային այս ամենին մեր պապերը, որոնք նույնպես Արեւմտյան Հայաստանի քաղաքացի են եղել: Թերեւս Զարուհի Փոստանջյանը շատ է շփոթված ու խառնված եղել, քանի որ, իր ներկայացմամբ, ԵԽԽՎ կառույցի առաջին հարկում գտնվող ճեմասրահը մարդաշատ է եղել, որտեղ ամեն եկող-գնացող պատվիրակությունների անդամներ ստորագրել են առաջարկի տակ. «Այնտեղ ինձ մոտեցել է պարոն Գորան Լիբլանտը, որը քաղաքական հանձնաժողովի նախագահ չէ: Ինձ մոտեցել է պարոն Անդրեաս Գրոսը, որը սոցիալիստների խմբի նախագահն է: Ինձ մոտեցել է մի թուրք պատվիրակ, մոտեցել է Գյուլփեկին հաջի Բեյլին»:
Ի պատասխան լրագրողների այն հարցի, որ հայկական պատվիրակությունը մեծ քանակի կոնյակ եւ գեղանկարներ է տարել Ստրասբուրգ, այնտեղ դրանցով թերեւս հարցեր լուծելու համար, հաստատեց, որ հայկական պատվիրակությունն իսկապես տարել է բավականաչափ արկղեր: Զարուհի Փոստանջյանը նշում է, թե չգիտի այդ արկղերի պարունակության ճակատագիրը Ստրասբուրգում:
«Բայց ես կարող եմ ասել, այո, ես ինքս էլ եմ ականատես եղել, հսկայական քանակի, 30 մեծ արկղեր, նրանք տանում էին, խմիչք էր, թե ինչ էր, ես չեմ կարող ասել, որովհետեւ նրանց վրա պիտակ էին փակցնում, որ այդ արկղերի մեջ գտնվում են այնպիսի ապրանքներ, որոնք կարող են ջարդվել: Եվ, ասացին, խոսում են, որ դրանք նկարներ են», ասում է Զարուհի Փոստանջյանը:
Բացի այդ, նա նաեւ նշեց Ստրասբուրգում հունիսի նստաշրջանում հայկական պատվիրակության անդամների գործունեության որոշ հետաքրքրական դրվագներ. «Դավիթ Հարությունյանն, օրինակ, Ստրասբուրգից հեռացել է շատ շուտ` հունիսի 24-ին, սակայն Հայաստան չի վերադարձել եւ հայտնի չէ, թե ուր է գնացել այնտեղից»:
Զարուհի Փոստանջյանը նշեց, որ պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանն, օրինակ, ժամանել է ուշացումով: Բացի այդ, Փոստանջյանը նկարագրեց նաեւ, թե ինչպես են քննարկումներն անցել փաստացի առանց հայ պատվիրակների եւ ԵԽԽՎ նիստերի դահլիճում մեր պատվիրակներից հիմնականում եղել է միայն ինքը:
«Այնտեղ մարդիկ ոչ թե գալիս էին դահլիճ, այլ հիմնականում այն սենյակները, որոնք տրամադրված էին մեր պատվիրակությանը, հիմնականում այդ սենյակներում նրանք զբաղված էին սնվելով եւ կոմպյուտերի վրա շարիկ էին գլորում: Հայրենասիրությունն իրենց կողմից դա է», ասում է Զարուհի Փոստանջյանը
Ն. ՄՈՒՐԱԴՅԱՆ