Սիրիայի Արաբական Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ մշակութային հարաբերությունները պաշտոնապես հաստատվել են 1992-ի մարտի 30-ինՙ Երեւանում ստորագրված երկու երկրների մշակութային համագործակցության համաձայնագրով: Վերջինս հիմք ընդունելովՙ պարբերաբար ստորագրվում են երկամյա կամ եռամյա միջգերատեսչական ծրագրեր, որոնք նախանշում են համագործակցության զարգացմանն ուղղված որոշակի միջոցառումներՙ մշակութային փոխանակումներ, պաշտոնական պատվիրակությունների փոխայցելություններ, մշակութային օրեր: Արդեն իսկ 2004-ին եւ 2008-ին Հայաստանի մշակույթի օրեր են անցկացվել Սիրիայի Արաբական Հանրապետությունում: Իսկ հունիսի 29-ից հուլիսի 5-ը Հայաստանում անցկացվելու են Սիրիայի մշակույթի օրերը:
Երեկ Ազգային պատկերասրահում պաշտոնապես բացվեցին ՍԱՀ-ի մշակույթի օրերը, որի ընթացքում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ողջունելով Սիրիայից ժամանած հյուրերին, որոնց թվում էին ՍԱՀ մշակույթի նախարար Ռիադ Նա՛ասան Աղան, տեղակալ Մուհամադ Թուրքի ալ-Սայեդը, Սիրիայի հնագիտության եւ թանգարանների համակարգող Նազիհ Հուրին, սիրիական պետական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Միսաք Պաղպուտարյանը եւ ուրիշներ: Ներկա էին նաեւ երկու երկրներում գործող դեսպանները, ՀՀ փոխարտգործնախարարներն ու էլի շատ հյուրեր:
Պրն Ռիադ Նա՛ասան Աղան ողջունելովՙ ասաց. «Մենք այսօր գտնվում ենք մի ժողովրդի գրկում, որի հետ դարեր շարունակ ապրել ենք միասին ու մեր բարեկամությունը ձգվում է ավելի քան 2000 տարի: Եղել են ժամանակներ, որ երկուսով պատկանել ենք մեկ պետության: 20-րդ դարն իր վերելքով ու պատերազմներով եկավ ու հայի վերքերը խառնվեցին Սիրիայի ժողովուրդների վերքերին ու դարձանք մի ընտանիք: Մենք հպարտանում ենք հայ ժողովրդի այն զավակներով, որոնք Սիրիայի քաղաքացիներ են ու մեր երկրի, հասարակության կարեւոր մասն են կազմում: Նման մշակույթի օրերի փոխանակումն ամրապնդում է մեր կապերը, Սիրիայի նախագահի այցը Հայաստան մի նոր էջ բացեց երկու ժողովուրդների հարաբերություններում»:
Սիրիայի մշակույթի օրերի ընթացքում հայ հասարակությունը հնարավորություն կունենա լավագույնս ծանոթանալու Սիրիայի արաբ ժողովրդի հնամենի ու նորօրյա մշակույթինՙ գեղանկարչությանը, հնագույն ձեռագրերին, սիրիական հնագիտական վայրերը ներկայացնող լուսանկարների ցուցադրությանը, ազգագրությանը, որոնց թվում են «Ջուլնար» եւ «Կամուրջներ» համույթները: Բացի այդ, Ազգային պատկերասրահի մի քանի սրահներում կցուցադրվեն սիրիական ժողովրդական արհեստների ցուցանմուշներ, ձեռագործ գորգեր, կիրառական արվեստ եւ այլն: Մեկ շաբաթ անընդմեջ կցուցադրվեն «Երազոտ տեսիլք», «Մեկնում», «Աղվեսի գիշերները», «Հանրային հարաբերություններ», «Քոմպարս» եւ «Աղի մաշկ» ֆիլմերը: Մշակութային օրերի շրջանակներում կանցկացվեն նաեւ հանդիպում-դասախոսություններՙ «Հայ եւ արաբ գրողների մշակութային առանձնահատկությունները» թեմայով: Կստեղծվի համատեղ կինոարտադրություն: Իսկ մշակութային օրերի ավարտին կստորագրվի նոր համագործակցության փաստաթուղթ: Ազգագրական երկու պարային համույթները համերգային ծրագրերով հանդես կգան նաեւ Գորիսում, Եղեգնաձորում եւ Վանաձորում:
Մ. Մ.