Ռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմի ցուցադրությամբ են հունիսի 22-ին «Հոկտեմբեր» կինոթատրոնում բացվել Մոսկվայի 31-րդ միջազգային կինոփառատոնի հետահայաց ցուցադրությունները:
Ռեժիսորի 7 ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը կայացել է 19-28-ը կայացած փառատոնի շրջանակներում: Մոսկովյան հանդիսատեսը հնարավորություն է ունեցել դիտելու «Սահման», «Պոետի վերադարձը», «Վավերագրողը», «Կոնդը», «Վերջին կայարանը», «Վերադարձ ավետյաց երկիր», «Սպիտակ քաղաքը» ֆիլմերը:
Ցուցադրություններին հաջորդել է ընդունելությունը Մոսկվայում Հայաստանի դեսպանությունում, որտեղ ողջույնի խոսքով է հանդես եկել ռուս հայտնի կինոքննադատ, կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի նախագահ Անդրեյ Պլախովը: Մոսկվայի փառատոնի կատալոգում նա գրել է. «Հարություն Խաչատրյանի ֆիլմերը կինեմատոգրաֆի մաքուր ձեւեր են ներկայացնում, որոնց միջոցով ռեժիսորը կարողանում է արտահայտել ժամանակակից աշխարհի սուր եւ դաժան հակասությունները»:
Ն. Պ.