Երեկ ԱԺ-ում տեղի ունեցավ Վերահսկիչ պալատի նիստը: Ուսումնասիրվել է 6 ոլորտ եւ բացահայտումների մի մասն ուղարկվելու է դատախազություն:
Ներկայացվեց մշակույթի նախարարությունում կատարված ուսումնասիրության արդյունքը, որը վերաբերում է 2007-08 թվականների բյուջետային ծախսերին: Ըստ այդմ պարզվել է, որ նախարարությունն, օրինակ, կառավարության պահուստային ֆոնդի հատկացրած գումարների ծախսի մասով, ըստ Վերահսկիչ պալատի, թույլ է տվել 61 միլիոն 499 հազար դրամ ֆինանսական խախտում, եւ դա պետք է վերադարձվի բյուջե: Նախարարության ՊՈԱԿ-ների գործունեության մասով Վերահսկիչը հայտնաբերել է 24 միլիոն դրամի, իսկ հուշարձանների պահպանության գծովՙ 118,5 միլիոն դրամի խախտում, որոնք նույնպես պետք է վերադարձվեն բյուջե:
Ըստ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ` մշակույթի նախարարությանը դեռեւս 2006 թվականից «Սայաթ-Նովա» օպերան բեմադրելու համար հատկացրել է 14,9 միլիոն դրամ, որը չկա, իսկ օպերան էլ առ այսօր բեմադրված չէ:
Կամ նախարարությունը մի քանի տասնյակ հեղինակների գրքեր է հրատարակել 500-ական տպաքանակով, որոնցից մի քանիսն են ընդամենը վաճառվել:
Իշխան Զաքարյանը հայտնաբերվածի մասով զրուցել է նախարարի հետ, սակայն իրենց դիրքորոշումը մնում է անփոփոխ` գումարները պետք է վերադարձվեն բյուջե:
Իշխան Զաքարյանի զարմանքը հատկապես առաջացրել է Արմավիրի մարզում հողերի վաճառքի ընդունված ավանդույթը. «Այն միլիոնները, որ պետք է մտնեին համայնքային բյուջե, մի մասը գնար պետական բյուջե, չգիտես` ուր են գնացել եւ ում գրպանը: Սա ես վստահ եմ ասում, որովհետեւ չի կարող պատահել, որ մեկ, հինգ կամ տասնինը օրվա ընթացքում, օրինակ, 40 հեկտար հողը 850 հազարով վաճառվեր եւ, ասենք, 26 օր հետո երկրորդ վաճառքը լինի 21 միլիոն դրամ: Կամ 60 հեկտար հողը վաճառվեր 6 միլիոն դրամով, ընդամենը 5 օր հետո վաճառվեր 23,4 միլիոն դրամով»:
Նա նշում է, որ, օրինակ, Փարաքար գյուղում կազինոների եւ կահույքի խանութների համար վաճառվել է հող մեկ քառակուսի մետրը 6,7 դրամով:
Այդ ուսումնասիրությունը, որ կատարել է Վերահսկիչ պալատը, ներառում է Արմավիրի մարզպետարանի 2007-08 թվականների գործունեությունը: Այդ ընթացքում Արմավիրում մարզպետ է փոխվել` Ալբերտ Հերոյանին փոխարինել է Աշոտ Ղահրամանյանը:
Վերահսկիչ պալատը չի տալիս անուններ, թե էժան հողերն ում են վաճառվել: Փոխարենը նշում է երկու ընկերություն` «Արաքս ավազան» ՍՊԸ եւ «Վինեկ» ՍՊԸ, որոնց մեկ հեկտարը 25 հազար դրամով հող են վաճառել գյուղմթերքներ արտադրելու համար, սակայն դրա փոխարեն այդ հողում սկսել է արդյունահանվել սեւ ավազ, այսինքն` գյուղմթերքի արտադրության տակ կատարվել է հանքի վաճառք: Իսկ սեւ ավազի մեկ մեքենան արժե 25-30 հազար դրամ:
Այս ամենը լսելուց հետո նիստին ներկա պատգամավորներին հետաքրքրում էր, թե ինչ միջոցներ են ձեռնարկվելու չարաշահումներ թույլ տված պաշտոնյաներին պատասխանատվության կանչելու համար: Ըստ Իշխան Զաքարյանի` իրենք այդ հարցում իրավասու չեն: Վերահսկիչ պալատի հաջորդ նիստը նույնպես լինելու է աղմկահարույց: Դրա նախադրյալներն արդեն կան, ասում է Իշխան Զաքարյանը:
Մասնավորապես` նյութեր են պատրաստվում Փարաքարի ճանապարհին գործող կազինոների վերաբերյալ. «Կազինոների լիցենզիաներ ունենալ- չունենալու հետ կապված նախ ասեմ, որ բավականին լուրջ խախտումներ կան, ես ընդամենը այսքանը կասեմ»:
Սոցիալական ծառայությունների աշխատանքը նույնպես հրավիրել է Վերահսկիչ պալատի ուշադրությունը. «Արմավիր, Էջմիածին եւ այլ քաղաքներում մոտավորապես 8-12 տոկոս է խախտումը, գյուղերում` 18- 22 տոկոս: Հիմնականում կեղծ տեղեկանքների հիման վրա մարդկանց ընդգրկում են ցուցակներում եւ տալիս են նպաստներ: Եթե մոտավորապես մենք այս տոկոսների հետ ենք գործ ունենում, դուք պատկերացրեք` բյուջեից քանի միլիարդ ուր է գնում»:
Ուսումնասիրված այլ ոլորտներում` Սահմանադրական դատարանի եւ գլխավոր դատախազության կողմից պետբյուջեից հատկացված միջոցների օգտագործման առումով ֆինանսական չարաշահումներ չեն հայտնաբերվել: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում բացահայտված խախտումները պետբյուջեին կտան 444 միլիոն դրամի օգուտ:
Վերահսկիչ պալատի ուսումնասիրության տվյալով, որ վերաբերում է 2007-2008 թվականներին դատախազության եւ սահմանադրական դատարանի ֆինանսատնտեսական գործունեությանը, ամեն ինչ այդ կառույցներում կարգին է, գրեթե անթերի:
«Սահմանադրական դատարանում ընդհանրապես որեւէ բան չկա, այսինքն` շատ մաքուր էր տնտեսությունը, ֆինանսատնտեսական դաշտը մաքուր էր», ասում է Իշխան Զաքարյանը: Ըստ նրա, կան միայն ընթացակարգային խախտումներ:
Լրագրողների հարցին, թե տարատեսակ ուսումնասիրություններով դատախազությունը համարվում է Հայաստանի ամենակոռումպացված կառույցներից մեկը, այդ ինչպե՞ս է ստուգել Վերահսկիչը, որ խախտում չի գտել, Իշխան Զաքարյանը պատասխանեց. «Մենք նայում ենք միայն պետական բյուջեից ստացված միջոցները, պետական բյուջեից ինչի համար են գումար տվել: Եվ վերջ: Եթե գումար են տվել, այնտեղ մոտ 90 տոկոսը գնում է աշխատավարձի, իր ամբողջ համակարգով` աշխատավարձ, ապարատի պահպանում, չգիտեմ, հոսանք, ջուր: Ինչ որ պետք է ապարատի համար: Մենք այս մասով ենք ասում, որ խախտումներ ֆինանսական չկան»:
Ն. Մ.