Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու այցը Հայաստան միանշանակ չէր հենց Հայաստանի ու հայերի համար, ուր մնաց այս տարածաշրջանով ու դրանում տարբեր երեւույթներով հետաքրքրվողների համար: Բնական էր, որ Ռուսաստանից պիտի լինեին արձագանքներ, ավելին, բացասական, միեւնույն ժամանակ, դրանք հաստատապես չէին հնչի բարձր մակարդակով, ինչպես եւ պատահեց:
Ռուսաստանի արձագանքները Սաակաշվիլու Հայաստան այցին, ըստ «Արմատ» ակումբում հյուրընկալված «Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամի տնօրեն Հայկազուն Ալվրցյանի, կոշտ չէին ընդհանուր առմամբ ու ամենայն հավանականությամբ ոչ մի բանի էլ չեն հանգեցնի:
Դրա փոխարեն Ալվրցյանն, անդրադառնալով Հայաստան-Վրաստան հարաբերություններին, գտնում է, որ Վրաստանի նախագահին շքանշանով պարգեւատրելը ճիշտ չէր բոլոր առումներով: Հայաստանի իշխանություններն, ըստ մասնագետի, այսպիսով պարզունակ քայլ են արել, ավելորդ քայլ, որ հաջողված չէ ոչ բարոյական, ոչ էլ քաղաքական տեսանկյուններից:
Բարոյական առումով մի տեսակ ստացվում է, որ Սաակաշվիլուն պարգեւատրում են Հայաստանում, մինչդեռ իր երկրում նրա քայլերը հակահայ են` ոչ միայն Ջավախքի ու թիֆլիսահայության դեմ ուղղված, այլեւ հաճախ ոչ կոռեկտ արտահայտությունների ձեւով` նաեւ Վրաստանի: Ավելին, Ալվրցյանի կարծիքով, Ջավախքը հայաթափելու ծրագիր մշակող Սաակաշվիլուն շքանշան տալը վատ արձագանք կունենա հենց Ջավախքում:
Ինչ վերաբերում է շքանշան տալու սխալականության քաղաքական տեսանկյունին, ապա այդ առնչությամբ հիմնադրամի տնօրենը գտնում է, որ պարգեւատրվել է մեկը, որ հեռանկար չունի որպես քաղաքական գործիչ, ավելին, ունի իշխանություն պահելու խնդիր: Մի խոսքով, ում-ում, բայց Սաակաշվիլուն պետք չէր, ըստ Ալվրցյանի, պարգեւատրել:
Մյուս կողմից, «Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» հիմնադրամի տնօրենը կարծում է, թե Արեւմուտքը Սաակաշվիլուն պաշտպանելու մտադրություն այլեւս չունի, Վրաստանի ներսում էլ երկրի նախագահին չեն աջակցում, ու այդկերպ կարծես Վրաստանը վտանգ է զգում ՆԱԲՈՒԿԿՈ-ի ծրագրի չիրականանալուց, հայ-թուրքական սահմանի բացման դեպքում Կարս-Ախալքալաք երկաթգծի նախագծի լրջորեն վնասվելուց, հայ-իրանական հարաբերությունների ու հաղորդակցության ուղիների զարգացումից եւ այլն:
Վրաստանը այս ամենի ֆոնին, ըստ Ալվրցյանի, հետաքրքրություն է սկսում ցուցաբերել Հայաստանի հանդեպ: Հատկապես որ, հիմնադրամի տնօրենի խոսքերով, Վրաստանի մերձավոր գործընկերներ Թուրքիան եւ Ադրբեջանը հենց Վրաստանի ներսում լուրջ խնդիրներ են առաջացնում, ի դեմս Վրաստանի մեծապես ադրբեջանաբնակ Քվեմո Քարթլի նահանգի, քանի որ Թուրքիան եւ Ադրբեջանը ոչ միայն կրթական ու մշակութային աջակցություն են ցուցաբերում նահանգի բնակչությանը, այլեւ ֆինանսական օժանդակություն տարբեր հարցերում:
Միեւնույն ժամանակ, ինչ էլ լինի, Ալվրցյանի հավաստիացմամբ, «վրացիները վստահելի գործընկեր չեն»: Հայաստանի կառավարությունն էլ սխալմամբ ակնկալում է, թե վրացիները կարող են լինել վստահելի գործընկեր ու լինել ավելի հայամետ տրամադրված: Եվ այս ամենով հանդերձ, Հայկազուն Ալվրցյանի վստահեցմամբ, ինչպես Հայաստանը, այնպես էլ Վրաստանը պետք է գիտակցեն ու հասկանան, որ գտնվում են թուրքական ամբողջացող օղակի մեջ եւ դրան կարող են դիմակայել միայն միասին:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ