«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#119, 2009-06-27 | #120, 2009-06-30 | #121, 2009-07-01


«ՓՅՈՒՆԻԿԸ» ԿՐԿԻՆ ՍՏԱՆՁՆԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԵՐԸ

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրում ուշադրության կենտրոնում «Փյունիկ»-«Միկա» հանդիպումն էր: Ցավոք, սպասված լարված մրցակցությունը չստացվեց եւ դրանում մեղավոր էին «Միկայի» ֆուտբոլիստները: Նրանք բավական դանդաղ էին գործում, չէին հասցնում ժամանակին վնասազերծել արագաշարժ փյունիկցիներին: Ճիշտ է, առաջին խաղակեսում գոլային պահերով «Միկան» գերազանցեց «Փյունիկին», սակայն Ուլիսես Մոնտենեգրոն եւ Բոտի Դեմելը չօգտագործեցին նպաստավոր պահերը: Իսկ ահա փյունիկցիները կարողացան օգտագործել մրցակցի դարպասապահի կոպիտ սխալը եւ Գեւորգ Ղազարյանը 32-րդ րոպեին բացեց հաշիվը:

Ընդմիջումից հետո փյունիկցիների առավելությունն ավելի շոշափելի դարձավ, երբ նրանք արագություն հաղորդեցին հարձակողական գործողություններին: 67-րդ րոպեին Կառլեն Մկրտչյանը ճշգրիտ փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց Գեւորգ Ղազարյանին եւ վերջինս կրկնապատկեց հաշիվը: Իսկ խաղավերջում անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով 3-րդ գնդակը խփեց Կառլեն Մկրտչյանը:

Հաղթելով 3-0 հաշվով, «Փյունիկը» շրջանցեց «Միկային» ու կրկին գլխավորեց աղյուսակը: Փյունիկցիները դեռ մեկ խաղ էլ պետք է անցկացնեն հուլիսի 7-ինՙ հյուրընկալելով «Արարատին»: Անկախ այդ հանդիպման արդյունքից, «Փյունիկը» դարձավ առաջնության առաջին կեսի հաղթող:

  Սամվել Դարբինյան («Միկա») - Ճիշտն ասած, չէի սպասում, որ մեզ համար կարեւոր այս հանդիպումն այսպես անհաջող կդասավորվեր: Առաջին խաղակեսը դեռ ոչինչ, հավասար խաղ էր ընթանում, իսկ երկրորդում մեր ֆուտբոլիստները խաղադաշտում կանգնած էին, կարծես թիմ չկար: Երեւի տղաների վրա ծանրաբեռնվածությունը մեծ էր, չկարողացան հավաքվել ու փրկել խաղը: Իսկ ահա փյունիկցիներն ավելի ոգեւորված խաղացին ընդմիջումից հետո, արագություն հաղորդեցին գրոհներին եւ արժանի հաղթանակ տարան: Գտնում եմ, որ 3-0-ն օբյեկտիվ հաշիվ է: Իհարկե, հոգեբանական առումով այս պարտությունը շատ ծանր էր եվրոգավաթների խաղարկության շեմին: «Փյունիկը» մեզ դաս տվեց ու պատժեց:

  Վարդան Մինասյան («Փյունիկ») - Ֆուտբոլիստները գրեթե 100 տոկոսով կատարեցին իրենց տրված առաջադրանքը: Լավ էի ուսումնասիրել «Միկայի» խաղը եւ այսօր ավելի հետ քաշված էինք խաղում, որ օգտագործենք ազատ տարածությունները: Կարծես թե դա ստացվեց: Առաջին խաղակեսում մի փոքր կաշկանդված էին, ավելորդ շտապողականություն կար ֆուտբոլիստների գործողություններում, իսկ ահա ընդմիջումից հետո ավելի վստահ էին գործում: Մտահոգում է միայն Վահագն Մինասյանի վնասվածքը:

Գիտեք, որ Մարկոսը մեզ հետ է մարզվում: Նա բարձրակարգ ֆուտբոլիստ է, լավ մարզավիճակում է եւ վստահ եմ, որ կփոխարինի Հենրիխ Մխիթարյանին: Եթե հասցնենք նրան հայտավորել, ապա հուլիսի 7-ին կխաղացնենք «Արարատի» դեմ: Գոնե մեկ խաղ նա պետք է անցկացնի փյունիկցիների հետ, որ համագործակցության եզրեր գտնի: Զագրեբի «Դինամոն» ուժեղ մրցակից է, այսօր չորս տեսաերիզ փոխանակեցինք, ինչը հնարավորություն կտա ուսումնասիրելու մրցակցի խաղը:

Նշենք, որ «Փյունիկի» եւ «Միկայի» հանդիպմանը ներկա էին Զագրեբի «Դինամոյի» եւ շվեդական «Հելսինգբորգի» ներկայացուցիչները:

Իր երկրպագուներին շարունակում է հիասթափեցնել «Արարատը»: «Ուլիսի» հետ խաղում թիմը տխուր տպավորություն թողեց եւ 13-րդ անընդմեջ պարտությունը կրեց խոշոր հաշվով: Ուլիսցիներից երկու գոլ խփեց Արտյոմ Ադամյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Արթուր Քոչարյանը: Իսկ «Արարատը» կրկին չգտավ մրցակցի դարպասի բանալին, թեեւ 11 մ հարվածի իրավունք էր ստացել: Սակայն Գալուստ Պետրոսյանի հարվածը հետ մղեց դարպասապահ Մանվել Աֆրիկյանը:

«Գանձասարը» Կապանում 2-1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Շիրակի» նկատմամբ: Արդեն 2-րդ րոպեին շիրակցի Անդրանիկ Բարիկյանը բացեց հաշիվը: Հետագայում Արսեն Ավետիսյանը 2 գոլ խփեց ու «Գանձասարին» հաղթանակ պարգեւեց: «Բանանցն» էլ խաղավերջում կարողացավ կոտրել «Կիլիկիայի» դիմադրությունը եւ Նորայր Գյոզալյանի ու Սամվել Մելքոնյանի խփած 2 գոլերի շնորհիվ հաղթել:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Փյունիկ13103030-633
2. Միկա14102226-1432
3. Բանանց1490525-1627
4. Ուլիս1482422-1126
5. Գանձասար1452710-2017
6. Շիրակ1434713-2613
7. Կիլիկիա14311012-2310
8. Արարատ1300133-250

Ռմբարկուները

Հենրիխ Մխիթարյան«Փյունիկ»11
Բոտի Դեմել«Միկա»9
Արամ Ոսկանյան«Միկա»7
Անդրանիկ Բարիկյան«Շիրակ»7
Արթուր Քոչարյան«Ուլիս»7

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4