«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#120, 2009-06-30 | #121, 2009-07-01 | #122, 2009-07-02


ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է, ՈՐ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ

«Կարելի է ասել, որ փառապանծ ընտրություններ էին, մասնակցություն ցուցաբերեց ընտրելու իրավունք ունեցողների 85 տոկոսը: 40 միլիոն քվե քվեատուփերում հայտնվեց, եւ չնայած այն բոլոր ջանքերին, որ Արեւմուտքը, ի դեմս Միացյալ Նահանգների եւ Անգլիայի, գործադրեց, որպեսզի ինչ-որ խնդիրներ առաջացնի, Իրանը, հաշվի առնելով այն հզորությունները, որ ունի, կարողացավ այդ բոլոր խնդիրները հարթել, եւ նորից եմ կրկնում, տեղի ունեցան փառապանծ ընտրություններ», երեկ Մամուլի ազգային ակումբում այսպես գնահատեց Իրանի նախագահի ընտրությունը Հայաստանում Իրանի դեսպան Սեիդ Ալի Սաղայանը :

Սեիդ Ալի Սաղայանը անդրադառնալով Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հեռանկարին` նշեց, որ ով էլ հաղթեր Իրանի նախագահի ընտրությանը, Հայաստանի հետ բարիդրացիական, գործընկերային հարաբերությունը չէր փոխվի, քանի որ բոլոր չորս թեկնածուների արտաքին քաղաքական մոտեցումները գրեթե չէին տարբերվում իրարից: Իրանի դեսպանը հավաստիացրեց, որ հայ-իրանական պայմանավորվածությունները, այդ թվում նրանք, որ ձեռք են բերվել ամիսներ առաջ Սերժ Սարգսյանի Իրան կատարած այցի ընթացքում, կշարունակվեն. «Այդ թվում` երկաթգծի, Իրան-Հայաստան նավթամուղի, այսինքն` նավթամթերքներ տեղափոխող խողովակաշարի հետ կապված: Աշխատում ենք դրանց վրա: Շուտով փորձագիտական խումբ կայցելի Հայաստան` այդ խնդիրները շարունակելու համար»: Նրա կարծիքով, հայ-իրանական նախաձեռնությունները ունեն ոչ միայն երկկողմ, այլեւ տարածաշրջանային նշանակություն:

«Տեսեք, օրինակ, եթե երկաթգիծը շարունակություն ունենա մինչեւ Սեւ ծով, դրա միջոցով մենք կարող ենք Հեռավոր Արեւելքը, Չինաստանը, Ճապոնիան անգամ կապել Եվրոպայի հետ: Մյուս կողմից, նավթազտարանի կամ նավթամթերքներ տեղափոխող այդ խողովակաշարի կառուցումը եւս կարող է մեծ նշանակություն ունենալ տարածաշրջանային առումով, եւ պայմանավորվենք, որ այլ շահագրգիռ կողմեր եւս իրենց մասնակցությունը ցուցաբերեն ֆինանսավորման առումով: Ինչպես, օրինակ, երկաթգծի առումով Ռուսաստանը, Ղազախստանը, եւ անգամ Թուրքմենիան իրենց հետաքրքրությունն են հայտնել այդ նախագծերում մասնակցելու», ասում է Իրանի դեսպանը:

Անդրադառնալով երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների մեծացմանն ու մինչեւ 500 մլն դոլարի հասցնելուն, Սեյեդ Ալի Սաղայանն ասաց, որ այժմ կողմերն աշխատում են այդ ուղղությամբ, եւ այս պահին Հայաստանի ու Իրանի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմում է 250 մլն դոլար:

Ինչ վերաբերում է իրանահայ համայնքի նկատմամբ վերաբերմունքին, Իրանի դեսպանը նախ նշեց, որ Իրանը բազմաէթնիկ երկիր է, որտեղ բոլոր էթնիկական խմբերը միասնական են: Իրանը շատ մեծ կարեւորություն է տալիս Հայաստանի հետ հարաբերություններին եւ շատ մեծ հարգանքով է վերաբերվում իրանահայ համայնքին:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է բոլոր նախաձեռնությունները, որոնք կբերեն տարածաշրջանային խաղաղության ու կայունության», հայտարարեց դեսպանը` պատասխանելով հարցին, թե պաշտոնական Իրանն ինչպես է վերաբերվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

Խոսելով մեկ այլ` Իրան-ԱՄՆ հակամարտության մասին, դեսպանն ասաց, որ Օբամայի վարչակազմը պետք է շատ ջանք ու եռանդ ներդնի Բուշի վարչակազմի հետեւանքները վերացնելու համար: Իրանցի դիվանագետը նշեց, որ ԱՄՆ նախագահ Օբամայի վարչակազմը իշխանության եկել է փոփոխություններ խոստանալով, սակայն նրա վարած քաղաքականությունից այդ փոփոխությունները նկատելի չեն:

Դեսպանի խոսքով, իրենց համար կարեւոր է, որ իրենք տեսնեն, որ Օբամայի վարչակազմը Իրանի հանդեպ այլ, փոփոխված քաղաքականություն է վարում: «Ցավոք, մենք հետագայում տեսել ենք, որ իշխող խումբը Օբամային տարավ այնպիսի ուղղությամբ, որ Իրանի նկատմամբ ցուցաբերեց շատ բացասական քաղաքականություն»:

«Վերջին տարիներին Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ ստեղծված անվստահության պատը պետք է ԱՄՆ-ն քանդի իր գործողություններով», հավելեց Հայաստանում Իրանի դեսպանը:

Կներե՞ն հայազգի լրագրողուհուն

«Ինչ վերաբերում է տիկին Հարությունյանին, ապա նա իմ հայրենակիցն էլ է համարվում: Ես, ճիշտն ասած, ինքս տեղյակ չեմ դատական գործընթացից: Կարծում եմ, որ դատական իշխանությունը պետք է դրան պատասխան տա: Սակայն, հուսով եմ, ըստ այն դիմումի, որ նրա հարազատները ներկայացրել են, շուտով ինքը կներվի», երեկ լրագրողներին ասաց Իրանի դեսպանը:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4