Իրանական վերջին նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը սպառնալիք է ամբողջ տարածաշրջանիՙ նաեւ Հայաստանի համար: Երեկ «Արմատ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը ՙ ավելացնելով, որ Իրանը վերջին տարիներին տարածաշրջանի ամենակայուն երկիրն էր, որ նպաստում էր տարածաշրջանի կայունությանը:
Ընտրություններից առաջ եւ հետո քաղաքագետը գտնվել է Իրանում եւ հնարավորություն է ունեցել համեմատելու երկրում տիրող իրադրությունը: Լ. Մելիք-Շահնազարյանի խոսքերով, մինչեւ ընտրություններն արդեն հնչել էր առաջին ահազանգը, որ Իրանին ներսից վտանգ է սպառնում. «Խոսքս վերաբերում է Մուսավիի այն հայտարարությանը, թե իր ընտրվելու դեպքում Իրանի բոլոր էթնիկական խմբերը հնարավորություն կունենան իրենց լեզվով դպրոցներ հիմնելու, լրատվամիջոցներ ունենալու: Իսկ մինչ այդ Իրանում էթնիկական փոքրամասնություն հասկացություն չի եղել, համենայն դեպս, ոչ ոք դրա մասին չի խոսել: Միայն կան 4 կրոնական փոքրամասնություններ», ասաց քաղաքագետը:
Իրանում տեղի ունեցած քաղաքական վերջին իրադարձությունները նա համարեց գունավոր հեղափոխության դասական փորձ, որը չի հաջողվել: Իրանում տեղի ունեցած բախմանն այս անգամ, նրա խոսքերով, պատրաստ էին միայն քաղաքական առաջնորդները, բայց ոչ ժողովուրդը: Իսկ նորՙ հնարավոր բախման ժամանակը քաղաքագետը չկարողացավ նշել, միայն նկատեց, որ եթե նորից ընտրություններ լինեն Իրանում, ապա բախումը անխուսափելի կլինի: Իրանին ապագայում սպասում են շատ ավելի լուրջ մարտահրավերներ, քան կան այսօր:
Ն. Մ.