Այն հանգամանքը, որ Հայաստանի եւ Վրաստանի հարաբերություններից որեւէ մակարդակում գրեթե չեն խոսում կամ չեն կարողանում, կամ էլ չի ստացվում, ապացույցների կարիք չունի: «Ազգը» քանիցս անդրադարձել է այն խնդրին, որ հայ-վրացական հարաբերությունները երկու պետությունների մակարդակով կենացներով հարուստ սեղան են հիշեցնում, որտեղ բովանդակություն անգամ չի դրվում:
Նույնն էր, կարծես, երեկ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած Երեւան-Թբիլիսի տեսակամուրջի ժամանակ` Վրաստանի նախագահի Հայաստան կատարած այցի արդյունքների վերաբերյալ, երկկողմ հարաբերությունների հեռանկարի քննարկմամբ, թերեւս մի տարբերությամբ, որ փորձ արվեց անդրադառնալու հայ-վրացական իրականությանը, սակայն այդպես էլ գերակշիռ մնաց ռուս-վրացական թեման: Տեղին է ասված ռուսական առածում. «Ում ինչը ցավում է, դրանից էլ խոսում է»:
Տեսակամրջին հայկական կողմից մասնակցում էին Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը եւ «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը : Վրացական կողմից ներկայացել էին Վրաստանի նախագահի փոքրամասնությունների հարցերով խորհրդական Վան Բայբուրթը , քաղաքագետներ Գեորգի Խուցիշվիլին եւ Գիա Նոդիան :
Վերին Լարսի անցակետը բացելու առնչությամբ այդպես էլ չանդրադարձան այլ հարցի, քան ռուսական կողմի կամքով այդ անցակետը փակելու հանգամանքն է: Վան Բայբուրթը հայտարարեց, որ Միխեիլ Սաակաշվիլու այցը բարեկամի այց էր բարեկամ երկիր, Վերին Լարսի անցակետի բացման առնչությամբ էլ միայն հիշեցրեց, թե ով է իր ժամանակին փակել` նորոգման պատրվակով:
Կարեն Բեքարյանը սկսեց նրանից, որ Վրաստանի հետ Հայաստանի հարաբերություններում առկա է այն կարծրատիպը, թե դրանք ավելի շատ Հայաստանին են պետք: Նույն կերպ Վերին Լարսի պարագայում է, քանի որ գրեթե բոլորը խոսում են այդ անցակետի` Հայաստանի համար անհրաժեշտ լինելու մասին, մինչդեռ այդտեղով անցնում են տարբեր երկրների բեռներ ու այդ անցակետի աշխատանքը ձեռնտու է հավասարապես նաեւ Վրաստանին: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ Վրաստան-Ռուսաստան հարաբերությունները լավագույններից չեն ու կարիք ունեն համատեղ այնպիսի վիճակների, որոնք կարող են հնարավոր դարձնել երկխոսությունը այդ երկու երկրների միջեւ, որից հրաժարվում է Ռուսաստանը:
Սերգեյ Մինասյանը գտնում էր, որ Վրաստանի նախագահը, բացի մնացյալից, նաեւ հարեւան երկիր էր գալիս ու քննարկվել են կոմպլեքս հարցեր: Այնուամենայնիվ, Մինասյանը համաձայն է, որ առկա է հայ-վրացական հարաբերությունների` առավելապես հայերին պիտանի լինելու կարծրատիպ, մինչդեռ նույն Վրաստանը երբեմն օգտագործել է Հայաստանի գործոնը` Ռուսաստանի հետ կամ այլ պարագաներում որոշակի հարցեր կարգավորելու համար, ի մասնավորի, աբխազական երկաթուղու հարցը Ռուսաստանի առաջ դրվեց այն բացատրությամբ, թե դրա կարիքը մեծապես ունի Հայաստանը, բայց դրանով շատ վրացիներ վերադարձան Գալիի շրջան:
Առավել հետաքրքրական է, որ, Մինասյանի ներկայացմամբ, փոխկապակցված են ինչպես պատգամավոր Շիրակ Թորոսյանին Վրաստան եւ ջավախահայ ուսուցիչներին Հայաստան չթողնելու վրացական իշխանությունների մոտեցումները, այնպես էլ Վերին Լարսը բացելու հարցում պատրաստակամ լինելու մասին Վրաստանի նախագահի Երեւանում կատարած հայտարարությունները: Սակայն քաղաքական-դիվանագիտական ի՞նչ առեւտրի մասին է խոսքը` դժվար է ասել:
Վրացի քաղաքագետ Գիա Նոդիան գտնում էր, որ Հայաստանն ու Վրաստանը չունեն այնպիսի մասշտաբային խնդիր, որ փչացնի երկու երկրների հարաբերությունները: Իսկ որ Վերին Լարսի անցակետի բացումը օգտակար է նաեւ Վրաստանին, դրանում Նոդիան վստահ է, սակայն գնահատմամբ, որ այդ անցակետը շուտով չէ, որ բացված կլինի: Գեորգի Խուցիշվիլին էլ լրիվ կենացային տրամաբանությամբ էր մեկնաբանում իրողությունները, թեկուզ այն ելակետով, թե «Հայաստանի եւ Վրաստանի բարիդրացիական հարաբերությունները ենթակա չեն ժամանակային ցնցումների» կամ որ «աշխարհում չկա էլի երկու ժողովուրդ, որ իրար ավելի լավ հարեւան լինեն, քան վրացին ու հայը»:
Ինչեւէ, քննարկման ընթացքում Ջավախքին անդրադարձներում որեւէ մեկնաբանությամբ հնարավոր չէ գնահատել այն, ինչ փորձում էր ներկայացնել Վրաստանի նախագահի հայ խորհրդականը: Բայբուրթը հայտարարեց. «Ես Ջավախեթիում SOS գոռալու լուրջ խնդիր չեմ տեսնում»: Ուրեմն կույր է:
Ա. Հ.