Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) երեկ հայկական «Էլիտ գրուպ» ընկերությանը տրամադրեց 5,5 մլն դոլար վարկ եւ 130 հազար եվրոյի դրամաշնորհ` էներգախնայողության բնագավառում կիրառվող նորարարությունները խրախուսելու համար: Պայմանագիրը ստորագրեցին ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը եւ «Էլիտ գրուպ» ընկերության տնօրեն Արմեն Մկոյանը:
Ստորագրման արարողությանը մասնակցող վարչապետ Տիգրան Սարգսյանը , կարեւորելով այս պայմանագիրը, կարծիք հայտնեց, որ այն կօգնի մեղմել ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները: Նա հիշեցրեց, որ վերջերս կառավարությունը եւս որոշում ընդունեց նույն կառուցապատողին վարկային միջոցներ ստանալու համար պետական երաշխիք տրամադրելու մասին: Նա նշեց, որ կառավարության ջանքերն ուղղված են աջակցելու Հայաստանի կառուցապատողներին, գտնելու լրացուցիչ ֆինանսական միջոցներ, որպեսզի ոլորտը վերականգնի իր ծավալները:
ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրեն Պոլ Անրի Ֆորսթիերը նշեց, որ երկրորդ անգամ է, ինչը վարկային ծրագիր են իրականացնում Հայաստանում, եւ հուսով է, որ դա սովորություն կդառնա: «Մեզ համար հաճելի է նշել, որ ՎԶԵԲ-ը 1 մլն եվրոյի չափով գումար է ծախսել Հայաստանի էներգետիկ արդյունավետության բնագավառում», ասաց Պոլ Անրի Ֆորսթիերը:
Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը , կարեւորելով տնտեսական ճգնաժամի պայմաններում այս պայմանագրի ստորագրումը, նշեց, որ շինարարության տեմպերի դանդաղեցման եւ անկման պայմաններում վարկային պայմանագիրը շատ լուրջ քայլ է: Նա հույս հայտնեց, որ ՎԶԵԲ-ը կշարունակի իր համարձակ ծրագրերը Հայաստանում, եւ մեր երկիրը ճգնաժամից դուրս կգա ավելի ուժեղ եւ մրցունակ:
«Էլիտ գրուպ»-ի գլխավոր տնօրեն Արմեն Մկոյանը Եվրոբանկի հետ համագործակցության առավելություններից մեկը համարեց դրա արդյունքում ընկերության մենեջմենթի որակի բարձրացումը, ավելացնելով, որ «մենեջմենթի բարձր մակարդակը մեր ընկերության կարեւոր մրցակցային առավելություններից է շուկայում»:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ