IBF-ի ղեկավարությունը նամակով դիմել է Արթուր Աբրահամի պրոմոութերներին, որով խորհուրդ է տվել անմիջապես սկսել բանակցություններն աշխարհի չեմպիոնի տիտղոսի պարտադիր հավակնորդ Ջովանի Լորենցոյի ներկայացուցիչների հետ: Մահիր Օրալի հետ մենամարտն Աբրահամի համար աշխարհի չեմպիոնի կամայական պաշտպանությունն էր: Նա պարտավոր է իր տիտղոսը պաշտպանել նաեւ պարտադիր հավակնորդի հետ, ուստի IBF-ի ղեկավարությունը հիշեցրել է այդ մասին, քանի որ ըստ տարածված լուրերի, Արթուրը պատրաստվում է տեղափոխվել քաշային հաջորդ կարգ: Եթե դա տեղի ունենա, ապա միջին քաշում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսի համար մենամարտի կբռնվեն վարկանիշային ցուցակում 1-ին եւ 2-րդ տեղերը զբաղեցրած Ջովանի Լորենցոն եւ Սեբաստիան Սիլվեստրը:
«Ինձ համար միեւնույն է, թե ում հետ կմենամարտեմ: Եթե Աբրահամն ինձ հետ չմենամարտի, նրա փոխարեն նոկաուտի կենթարկեմ Սիլվեստրին ու կնվաճեմ աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Պատրաստ եմ նրանցից յուրաքանչյուրի հետ մենամարտել, թեկուզ Գերմանիայում: Եկել է իմ ժամանակը եւ պատրաստվում եմ աշխարհի չեմպիոնի տիտղոսին արժանանալ», հայտարարել է Լորենցոն: Դոմինիկյան Հանրապետությունում ծնված, ԱՄՆ-ում բնակվող Ջովանի Լորենցոն պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 28 մենամարտերից միայն մեկում է պարտվել, իսկ 27 հաղթանակներից 19-ը տոնել է ժամկետից շուտ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ