Չեմ ուզում գրել Զարուհու մասին -, շատ գրեցին - ոչ էլ Նիկոլի -, դեռ շատ կգրեն: Իսկապես չափազանցն է հայի չափը եւ անհամեմատը` համեմատության եզրը: Դրանից առաջին հերթին օգտվում են կեղծ հերոսները` գրավելով հասարակության ողջ ուշադրությունը, երկրորդ` այդ ծխածածկույթի հետեւում թաքնված բոլոր տեսակի խարդախները` պետական թե մասնավոր:
Եվ այս բոլորի գործիքը մամուլն է դառնում, որ հանուն «խոսքի ազատության» բարձրացնում, իջեցնում, հերոսացնում, նսեմացնում է, քանդում է, բթացնում է մարդկանց զգոնությունը, միտքը, մտածելու կարողությունը:
Իսկական քիլլերություն: Ահա՛ թե ինչի մասին եմ ուզում գրել:
Թերթիդ կարեւոր էջում նկարում ես, օրինակ, մի ավանակ, գլխի փոխարեն տեղադրում հայտնի մարդու դեմքը` լուսանկարից կտրված, եւ, խնդրեմ, պատրաստ է հերթական... ճաշը: Ընթերցողը գրավվում է անմիջապես, ծիծաղում, զվարճանում եւ կամ, քիչ դեպքերում, տխրում, ու... թերթիդ վաճառքը ավելանում է մեկ-երկու տասնյակ օրինակով, ընդամենը: Կարող է հովանավորդ կամ պատվիրատուդ գլուխդ շոյի, մի քանի հարյուր դոլար էլ տա որպես քաջալերանք-վարձատրություն:
Եվ կամ, վերցնում ես մի հայտնի կնոջ լուսանկար, դեմքը հանում, պոռնո կամ էրո ամսագրից կտրում-անջատում ես «աստղերից» մեկի մարմինը, ֆոտոշոփով կպցնում դեմքը մարմնին ու... «խայտառակվեց» երեք զավակների մայր ու չորրորդին սպասող կինը: Ամուսին, ընտանիք, ընկերներ, շրջապատ, համբավ... Հերն էլ անիծած: Թերթը վաճառվեց եւս մի քանի տասնյակ օրինակ, հովանավորը գոհ է, գոհ ես նաեւ դու, հագուրդ տվեցիր նաեւ ներքին չարությանդ:
Բայց միայն չարությա՞նդ: Ներքուստ գիտես, որ դա պատժելի արարք է, բայց թայֆաբազ լինելդ, վարձատրության տենչդ խանգարում են հաշվի նստել գիտակցությանդ հետ: Մանավանդ որ, մեր երկրում կոլլաժների ու լուսանկարների օգտագործման որեւէ օրենք-սահմանափակում չկա: Իսկ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածին, հաստատ գիտես, զոհդ չի դիմի` թայֆայի ընկերներդ այնպես կպաշտպանեն քեզ, որ քեզ դատապարտողը կդատապարտվի:
Ուրեմն, օգտվիր առիթից, շարունակիր քիլլերությունը, ու մեկ-մեկ էլ բարձր գոռա` «Լրագրողներ առանց սահմանի», «Ֆրիդոմ հաուս», «խոսքի ազատություն», «Ամերիկյան սահմանադրություն» եւ ուրիշ բաներ, որ թութակի նման սովորել ես գրանտակերական հավաքներում: Իրականում ոչինչ էլ չե՛ս սովորել, քանի որ չես ուզեցել սովորել, ու չգիտես, օրինակ, որ նույն Մ. Նահանգներում լուսանկարը համարվում է ինքնության մաս, անձի սեփականություն, եւ ոչ ոք իրավունք չունի առանց արտոնության ոչ հասարակական վայրում արված այդ սեփականություն-լուսանկարը հրապարակելու: Առավել եւս մոնտաժ-կոլլաժներ անելու: Անգամ դատարանում չի կարելի լուսանկարել կամ տեսագրել: Փոխարենը, խնդրեմ, նկարիր ու գծիր, որքան ուզում ես, որտեղ ուզում ես: Արդեն դա քո՛ սեփականությունն է, ինչպես ծաղրանկարիչինը` իր հեղինակային սեփականություն-ստեղծագործությունը:
Ես բնավ հույս չունեմ, որ մեր Ազգային ժողովը, կառավարությունը կամ նույնիսկ ընդդիմությունը մի օր հանդես կգան լուսանկարների օգտագործումը կարգավորող օրենսդրական նախաձեռնությամբ: Նմանօրինակ քիլլերական ծառայություններից օգտվում են բոլորը, բոլորի՛ դեմ:
Այսինքն` բոլորը մեր միջոցով մեր հասարակության դեմ:
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ