Այս նախագծերի իրականացման հայեցակարգը ներկայացրեց գերմանա-ավստրիական iLF խորհրդատվական ընկերությունը
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«Հյուսիս-հարավ» երկաթուղու եւ արագընթաց ավտոմոբիլային ճանապարհի նախագծերի իրականացման հայեցակարգի շնորհանդեսը երեկ տեղի ունեցավ Երեւանում: Հայեցակարգը մշակել է գերմանա-ավստրիական iLF խորհրդատվական ընկերությունըՙ «Կոնցեռն ՄՈՆ-ԱՐԽ»-ի ֆինանսավորմամբ:
Նախագծերի մասին խոսելով, տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը նշեց, որ դրանք նպատակ ունեն վերականգնելու Հայաստանի Հանրապետության դերը որպես տարանցիկ երկրի: Նախարարի կարծիքով, Իրանից մինչեւ Վրաստան երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհների կառուցումը հնարավորություն կտա կայուն եւ արագ հաղորդակցություն ապահովելու Պարսից ծոցի եւ սեւծովյան նավահանգիստների միջեւ, կնվազեցնի արդյունաբերողների, արտահանողների եւ ներմուծողների ծախսերը: «Հյուսիս-հարավ» նախագծի իրականացման գաղափարը հետաքրքրել է ինչպես Վրաստանին եւ Իրանին, այնպես էլ Ռուսաստանին, Չինաստանին եւ Ղազախստանին:
Գուրգեն Սարգսյանը, մասնավորապես, տեղեկացրեց, որ բանակցություններ են ընթանում Ասիական զարգացման բանկի հետ տեխնիկատնտեսական հիմնավորման ֆինանսավորման համար, որից հետո, այս տարվա սեպտեմբերին կսկսվի «Հյուսիս-հարավի» ավտոճանապարհի 88 կմ հատվածի շինարարությունը: Ասիական զարգացման բանկի հետ բանակցություններ են ընթանում նաեւ Իրան-Հայաստան երկաթգծի տեխնիկատնտեսական հիմնավորման ֆինանսավորման համար դրամաշնորհ ստանալու համար:
«Հյուսիս-հարավ» նախագծերի իրականացման հայեցակարգը մշակած ընկերության տնօրեն Յոհան Բայերը հայտնեց, որ iLF-ը առաջատար միջազգային խորհրդատվական կազմակերպություն է եւ աշխատանքներ է իրականացնում նավթի, գազի, ջրի, էներգետիկայի, բնապահպանության, շինարարության ինժեներական աշխատանքների եւ այլ ոլորտներում: Գործելու տարիների ընթացքում iLF-ը 3500 ծրագիր է իրականացրել:
iLF-ի երկաթուղային ծրագրերի պատասխանատու Ստեֆան Խիշլերը հանգամանորեն ներկայացրեց Իրան-Հայաստան երկաթուղու նախագիծը եւ արագընթաց ավտոմոբիլային մայրուղու որոշ ուսումնասիրություններ: Ստեֆան Խիշլերն ընդգծեց, որ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմամբ հնարավորություն է առաջանում Իրանի ցանցը փոխկապակցելու Ռուսաստանի ցանցի հետ: Ըստ գերմանա-ավստրիական ընկերության ներկայացուցչի, շատերը խոսում են ասիական եւ եվրոպական երկաթուղային ցանցերի փոխկապակցման մասին եւ Հայաստանն այստեղ շատ կարեւոր տարր է:
Իրան-Հայաստան երկաթուղին, iLF-ի եզրակացությամբ, անցնելու է Սեւանա լճի ափով: Ստեֆան Խիշլերը նշեց, որ քննարկվել է երեք տարբերակ: Համաձայն առաջին տարբերակի` երկաթուղին անցնելու է Սեւանա լճի արեւելյան ափով, երկրորդիՙ արեւմտյան ափով, երրորդիՙ Արարատի մարզով: Լավագույն տարբերակը համարվել է Սեանա լճի արեւմտյան ափով անցնողըՙ Սեւան քաղաքից դեպի Սիսիան, Կապան եւ Մեղրի: Այն կկազմի 350 կմ, այդ թվում` 20-30 կմ կլինի Վանաձոր-Ֆիոլետովո հատվածը: Միջին արագությունը լինելու է 100 կմ/ժ: Ճանապարհն անցնելու է նաեւ թունելներովՙ հիմնականում 2-5 կմ երկարությամբ: Ամենաերկար հատվածըՙ 200 կմ լինելու է Սեւան-Սիսիան հատվածը, որն անցնելու է լեռնային լանդշաֆտով եւ բազմաթիվ թունելներով: Սիսիան-Մեղրի հատվածը ամենակարեւոր եւ բարդ հատվածն է, որը պետք է անցնի բավականին բարձր լեռների վրայով: Այս հատվածում լինելու է 2 թունել մինչեւ 10 կմ երկարությամբ:
Ինչ վերաբերում է «Հյուսիս-հարավ» ավտոմոբիլային մայրուղուն, ապա Ստեֆան Խիշլերի համոզմամբ, հանգամանքներն ավելի բարենպաստ ենՙ գործող ճանապարհները բավականին լավն են, բայց ունեն պահպանման խնդիրներ: Տարբերությունը երկաթուղու նախագծից այստեղ այն է, որ ճանապարհն անցնելու է Երեւանով: Միաժամանակ, գերմանա-ավստրիական ընկերության ներկայացուցիչն առաջարկում է ճանապարհի խոշոր քաղաքներիՙ Երեւանի, Գյումրիի եւ Կապանի շուրջը կառուցել շրջանցիկ ճանապարհներ, մայրուղու հոսքը նշված քաղաքներ չբերելու եւ խցանումները չավելացնելու համար: