Երբ լրագրողները Վլադիմիր Պուտինին նրա նախագահական ժամկետի ավարտին հարցրին, թե ի՞նչը նրան չհաջողվեց իրագործել այդ տարիներին, նա միանշանակ պատասխանեցՙ կոռուպցիայի հաղթահարումը: Դմիտրի Մեդվեդեւը, գալով իշխանության գլուխ, միջոցառումների լայն ծրագիր հռչակեց այդ նույն երեւույթի դեմ: Սակայն ըստ էության այս երկրում ոչինչ չի փոխվում եւ հրեշավոր կոռուպցիան ու չինովնիկների կամայականությունը ինչպես այլասերում էին, այնպես էլ շարունակում են այլասերել հասարակությանը:
Այլ է հարցի ցուցադրական կողմը: Չէ՞ որ ժամանակ առ ժամանակ պետք է ստեղծել այդ չարիքի դեմ «անհանդուրժողականության» գոնե պատրանք: Նորերս վարչապետ Պուտինը իրավապահ մարմինների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ խստիվ հարցրեց, թե ի՞նչ է արվում այդ ուղղությամբ: Եվ ասես ի պատասխան պուտինյան հարցադրման, հետեւեցին Մեդվեդեւիՙ խոշորագույն Չերքիզովսկի շուկայի քրեական-մաքսանենգային բնույթի բացահայտման եւ նրա տիրակալ, միլիարդատեր Թելման Իսմայիլովի հետապնդման գործողությունները: Կարծես մինչ այդ ոչ ոք չգիտեր, որ այդ շուկան արդեն երկար տարիներ դարձել է Ռուսաստանի տնտեսական կյանքի խոշորագույն քրեական կենտրոն, կեղծ ապրանքների եւ ապօրինի ներգաղթի թագավորություն: Կարծես ոչ ոք տեղյակ չէր, որ Իսմայիլովի անձնական ինքնաթիռը ոսկեզօծ է եւ որ, ասենք, նրա ծննդյան օրը իր անհատական համերգով զարդարեց ամերիկացի հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը եւ այլն, եւ այլն:
Արդ, ո՞րն է խնդիրը: Այս տարվա մայիսի 23-ին թուրքական Անթալիայից 18 կիլոմետր հեռու գտնվող Կունդու բնակավայրում եզակի հանդիսավորությամբ տեղի ունեցավ Mardan Palace հինգաստղանի գերշքեղ հյուրանոցի բացումը: Դրա կառուցման վրա Իսմայիլովը ծախսել է 1,4 միլիարդ դոլար: Բացման արարողությանը ներկա էին համաշխարհային աստղեր Ռիչարդ Գիրը, Շերոն Սթոունը, Փերիս Հիլթոնը, Թոմ Ֆորդը, Մոնիկա Բելուչին եւ ուրիշներ: Ռուսաստանը ներկայացնում էր Իսմայիլովի մեծ բարեկամըՙ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը: Ահա եւ, ըստ երեւույթին, Կրեմլում հետին թվով հանկարծ նեղսրտել են, թե ինչո՞ւ բաքվեցի հրեա Թելման Իսմայիլովը հսկայական գումարներ աշխատելով Ռուսաստանում, դրանք ներդրումների ձեւով իրացնում է Թուրքիայում, ուժեղացնելով այդ երկրի էկոնոմիկան: Թեեւ կան նաեւ այլ վարկածներՙ խփելով Իսմայիլովին, խփում են նրա հովանավոր Լուժկովին: Կամՙ ձեռներեց հրեան այնքան էր լկտիացել (նույնիսկ Մոսկվայի օկրուգներից մեկի ղեկավար էր «նշանակել» իր հարազատ եղբորը), որ ձեռք էր բերել ազդեցիկ հակառակորդներ, որոնք էլ ձգտում են նրան վերացնել: Այսինքնՙ ոչ թե իրոք լայնամասշտաբ պայքար է ծավալվում կոռուպցիայի դեմ, այլ սոսկ լուծվում են որոշ քաղաքական կամ բիզնես-մրցակցային հարցեր: Ոչ ավելին:
Իսկ որ Չերքիզովսկի շուկան իսկապես հսկայածավալ քրեական սարդոստայն է, մինչ այդ էլ ոչ մեկի մեջ կասկած չէր հարուցում: Մոսկվայի դատախազության քննչական կոմիտեի ռեյդից հետո Իսմայիլովի որջում հայտնաբերվեց... երկու միլիարդ դոլարի չարձանագրված ապրանք: Հեշտ է ասելՙ երկու միլիարդ դոլարի ապրանք հենց այդ պահին: Իսկ ինչքա՜ն նման «պահեր» կարող են լինել տարվա մեջ: Համեմատեք, խնդրեմ, այդ «միագումարը» Հայաստանի տարեկան բյուջեի հետ:
Ոչ ոք չի կարող ասել, թե Իսմայիլովին կպատժեն օրենքի ուժով: Մինչ այժմ Ռուսաստանում օլիգարխներից իրապես տուժել է Միխայիլ Խոդորկովսկին, այն էլ այն պատճառով, որ փորձել էր հավակնել երկրի բարձրագույն քաղաքական պաշտոնին, ձեռնոց նետելով նույն ինքը Վլադիմիր Պուտինին: Կամ եթե նույնիսկ հաջողվի մեկուսացնել Թելման Իսմայիլովին, կարելի՞ է դա համարել կոռուպցիայի դեմ պայքարի պայծառ նմուշ: Հազիվ թե:
Ափսոս չէ՞ մեր չքնաղ Հայաստանը, որտեղ կոռուպցիայի դեմ ոչ պայքարում են, ոչ էլ տարփողում են ինչ-որ դատարկ ծրագրեր...
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա