«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2009-07-01 | #122, 2009-07-02 | #123, 2009-07-03


ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ԹԱՆԳԱՐԱՆԸ ՀԱՏՈՒԿ ԲԱՑԻԿ Է ԹՈՂԱՐԿԵԼ

«Եթե որեւէ հայ ձեզնից օգնություն կխնդրի, չվերաբերվեք նրան իբրեւ մուրացիկի, այլ հարգալից կերպով ու ներողամտություն հայցելով ձեռք մեկնեք նրան, քանզի չի կարելի ուրանալ ամենքիս վրա ծանրացած պատասխանատվությունը»: Սրանք Հայոց ցեղասպանության տարիներին հայությանը սատարած անձանցից մեկիՙ Էնտոնի Կրաֆտ-Բոնարի խոսքերն են, որի ծննդյան 140- ամյակը լրանում է այս տարի:

Շվեյցարացի գործչի հոբելյանի կապակցությամբ սահմանափակ քանակությամբ հատուկ բացիկ է թողարկել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Բոնարը ծնվել է 1869 թվականի հունիսի 15-ին Շվեյցարիայի Վո նահանգի Էկլ քաղաքում, դեղագործի ընտանիքում: 1888թ. Լոզանում ստացել է դպրության պսակավորի աստիճան, որից հետո մինչեւ 1893թ. Լոզանում, Բեռլինում, ապա եւ Փարիզում ստացել է աստվածաբանի կրթություն: 1893-1919թթ. ընթացքում որպես հոգեւոր առաջնորդ գործել է Շվեյցարիայի տարբեր բնակավայրերում, ապա թողնելով հոգեւոր գործունեությունը, ամբողջապես նվիրվել է Հայկական հարցին ու հայության բազմաթիվ խնդիրների լուծմանը: Նրա չորս զավակներն էլ հոր օրինակով ցուցաբերել են բացառիկ հայասիրություն: Հայասիրական իր գործունեությունը Կրաֆտ-Բոնարը սկսել է դեռեւս 1896թ-ից, երբ համիդյան կոտորածների սարսափելի հետեւանքների մասին բանախոսությամբ հանդես եկավ Շվեյցարիայի Բենյեն գյուղում, ուր նա հոգեւոր հովիվ էր: Ազդված Բոնարի ցնցող կոչից` մի քանի շվեյցարական ընտանիքներ ջարդերի արդյունքում որբացած հայ մանուկներ որդեգրելու ցանկություն հայտնեցին: Շուտով Բոնարի նախաձեռնությամբ Բենյեն գյուղում հիմնադրվեց մի հաստատություն` «Հայ տունը» անվամբ, որը կոչված էր ապաստան տալու եւ խնամելու Շվեյցարիա գաղթած հարյուրավոր հայերի: Համագործակցելով Շվեյցարիայում հայանպաստ գործի հիմնադիր Ժորժ Կոտեի հետ` Կրաֆտ-Բոնարը ակտիվ կերպով ներգրավվել է «Հայ որբերի գաղթի եւ խնամակալության շվեյցարական հասարակություն» կազմակերպության աշխատանքներում` 1896թ-ից դառնալով այդ հաստատության նախագահը: 1898-1922թթ. ընթացքում շվեյցարական որբանոցներում ապաստանել են շուրջ 2000 որբացած հայ մանուկներ:

Բացի որբախնամ գործունեությունից մեծ մարդասերը ակտիվորեն կազմակերպել ու իրագործել է արեւմտահայության վիճակը բարելավող մի շարք աշխատանքներ: 1896թ. Բոնարի անմիջական նախաձեռնությամբ Լոզանում գումարվել է Շվեյցարիայի կանտոնների (նահանգների) ներկայացուցիչների ժողով, ուր որոշում է կայացվել Օսմանյան կայսրության հայ բնակչությանն անհրաժեշտ օգնություն ցույց տալու վերաբերյալ: Միեւնույն ժամանակահատվածում դարձյալ Կրաֆտ-Բոնարի ակտիվ ջանքեով ստեղծվել է «Հայերի օգնության շվեյցարական կազմակերպությունը», որն իր գործունեությունը շարունակել է մինչեւ 1922թ.:

Լինելով «Հայաստանի բարեկամների շվեյցարական կոմիտեների միության» գլխավոր քարտուղար` Կրաֆտ-Բոնարը բազմիցս դիմել է Մեծ տերությունների ղեկավարներին` օսմանահպատակ հայերի ճակատագրի մտահոգությամբ: 1919թ. հոկտեմբերի 31-ին Բոնարը հեռագրել է ԱՄՆ-ի նախագահ Վ. Վիլսոնին` խնդրելով «իր պաշտպանության տակ առնել նահատակվող ժողովրդին»:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4