«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2009-07-01 | #122, 2009-07-02 | #123, 2009-07-03


ԴԱՐՉԻՆՅԱՆՆ ՈՒ ԱԳԲԵԿՈՆ ԲԱՐՁՐԱԳՈՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՓՈԽԱՆԱԿԵԼ

Ինչպես հայտնի է, հուլիսի 12-ին առաջին թեթեւագույն քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը ԱՄՆ-ում թեթեւագույն քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսն է վիճարկելու Ժոզեֆ Ագբեկոյի հետ մենամարտում: Այդ մենամարտը յուրահատուկ է նրանով, որ պրոֆեսիոնալ ռինգում Վախթանգն առաջին անգամ հանդես է գալու Հայաստանի դրոշի ներքո: Նա արդեն մեկ ամսից ավելի գտնվում է ԱՄՆ-ում եւ նախապատրաստվում է առաջիկա մենամարտին:

Երեկ մրցակիցների մասնակցությամբ հեռախոսային կապի միջոցով մամուլի ասուլիս էր կազմակերպվել: Երկու բռնցքամարտիկներն էլ խոստացել են ռինգում իսկական մենամարտ ցուցադրել եւ բարձրագոչ հայտարարություններ են արել:

«Բռնցքամարտում անհրաժեշտ է ուժեղների հետ մենամարտել, որպեսզի ուժեղագույնը ճանաչվես: Թող Վիկն իմանա, որ առաջիկա մենամարտն իմ կյանքի գլխավոր մրցամարտն է լինելու: Նա ինձ է ընտրելՙ հուսալով, որ կհաղթի: Սակայն թող իմանա, որ իր կյանքի ամենամեծ սխալն է թույլ տվել, քանի որ ռինգում նրան մի լավ կծեծեմ: Ինչո՞ւ նա այդպես չէր խոսում, երբ նրան նոկաուտի ենթարկեց Նոնիտո Դոները: Ուզում եմ նա գիտակցի, որ Դոներից ավելի ուժգին հարվածներ կհասցնեմ: Գիտեմ, որ Դարչինյանից ուժեղ եմ: Չնայած նա ուժգին հարվածների է տիրապետում, բայց պատրաստ եմ դիմակայելու: Նա երբեք չի մրցել մի մրցակցի հետ, որը նույնպիսի ուժգին հարվածների է տիրապետում: Վիկը մշտապես խոսում է իր հարվածների ուժի մասին, թե որքան ուժեղ ու խելացի է: Սակայն դիտել եմ նրա մասնակցությամբ մի քանի մենամարտ եւ ոչինչ չեմ նկատել: Նա մշտապես մենամարտել է այնպիսի մրցակիցների հետ, որոնք վախեցել են նրանից, ուստի վարվել է այնպես, ինչպես ցանկացել է: Սակայն նրա հետ մենամարտում կանեմ այն, ինչ ցանկանում եմ եւ լավ կծեծեմ: Նրան կթողնեմ ռինգում անել այն, ինչ ցանկանում է, քանի որ ես դա նրանից ավելի լավ կանեմ», հայտարարել է Ժոզեֆ Ագբեկոն:

Բնականաբար, Վախթանգ Դարչինյանը պարտքի տակ չի մնացել. «Կարծում եմ, որ մենամարտից հետո նրան կանվանեն Ջոզեֆ «շիմպանզե» Ագբեկո: Դա անհավասար մենամարտ կլինի: Չեմ կարող իմ ամբողջ կարիերան անցկացնել տիտղոսներիս պաշտպանությամբ: Ինձ հարկավոր է տեղափոխվել քաշային ավելի բարձր կարգեր եւ նոր տիտղոսներ նվաճել: Իմ հարվածների ուժը կարող է ոչնչացնել ցանկացածին: Տեսել եմ Ագբեկոյի մենամարտերը, որոնք ինձ չեն հիացրել: Ես նրան նոկաուտի կենթարկեմ: Կարող եմ ծնոտս նրան դեմ տալ, միեւնույն է, նա չի կարող ինձ հաղթել: Հուսով եմ, որ նա լրջորեն է նախապատրաստվում մենամարտին: Չեմ ցանկանում, որ մենամարտը հեշտ լինի իմ համար: Ցանկանում եմ նրա համար մղձավանջ դառնալ մենամարտից հետո, այլ ոչ թե դրանից առաջ, որպեսզի Ագբեկոն կարողանա հանգիստ քնել»:

Ինչ վերաբերում է Նոնիտո Դոների նկատմամբ ռեւանշին, ապա Դարչինյանը հայտարարել է, որ կոչնչացնի նրան: Սակայն նրա պրոմոութեր Հերի Շոուն հայտնել է, որ Դոների հետ մենամարտելը չի մտնում Դարչինյանի մոտակա ծրագրերի մեջ. «Վախթանգը հուլիսի 12-ին մենամարտ ունի եւ պետք է հաղթել: Հետո նոր կորոշենք, կմնա՞ Վախթանգը թեթեւագույն քաշում, թե կրկին կտեղափոխվի առաջին թեթեւագույն քաշ: Գուցե նա տեղափոխվի ավելի բարձրՙ առաջին կիսաթեթեւ քաշային կարգ, որպեսզի մենամարտի Ռաֆայել Մարկեսի, Իսրայել Վասկեսի կամ որեւէ այլ բռնցքամարտիկի հետ: Վիկը մենամարտում է փողի, այլ ոչ թե ռեւանշի հասնելու համար»:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4