Եվրոգավաթների մասնակից հայաստանյան չորս ակումբներից երեկ առաջինը մրցասպարեզ դուրս եկան «Բանանցն» ու «Միկան»: Վերջինիս հանդիպումը շվեդական «Հելսինգբորգի» հետ սկսվում էր Երեւանի ժամանակով 23.45-ին, ուստի այդ խաղին կանդրադառնանք հաջորդ համարում:
Իսկ «Բանանցը» «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալել էր Բոսնիա Հերցեգովինայի «Շիրոկի Բրիեգին»: Հարկ է նշել, որ բուքմեյքերները գրեթե հավասար էին գնահատում կողմերի հաղթելու հնարավորությունները` մի փոքր առավելություն տալով հյուրերին: Նրանց հաղթանակի համար խաղադրույքներ էին ընդունվում 2,45 գործակցով, մինչդեռ «Բանանցի» հաջողությունը գնահատվել էր 2,55: Ոչ-ոքիի գործակիցը 3,1 էր:
Առաջին իսկ րոպեներից խաղադաշտում սուր մրցակցություն ծավալվեց: Ատլետիկ կառուցվածքով հյուրերը բավական գրագետ խաղ ցուցադրեցին եւ արժանի հաղթանակ տոնեցին: Դեռեւս առաջին խաղակեսում, օգտվելով «Բանանցի» պաշտպանների անփութությունից, Սիլիչը բացեց հաշիվը: Մինչ այդ էլ Լյուբիչի եւ Սիլիչի հարվածներից հետո «Բանանցին» վերահաս գոլից փրկեց դարպասապահը:
Ինչ վերաբերում է «Բանանցին», ապա դաշտի տերերը հիմնական շեշտը դրել էին երկար փոխանցումների վրաՙ հույս ունենալով նման կերպ ճեղքել պաշտպանությունը: Սակայն նման խաղաոճը թիմին հաջողություն չբերեց: Միակ վտանգավոր պահը ստեղծվեց 23-րդ րոպեին, սակայն Դաշյանի փոխանցումը չկարողացավ եզրափակել Նասիբյանը: Եվ ինչպես կարող էր «Բանանցը» հաջողության հասնել, եթե առաջին հարվածը մրցակցի դարպասին կատարվեց միայն 75-րդ րոպեին: Իսկ մինչ այդ Տիագո Ռոդրիգեսը երկրորդ գոլն էր խփել: Խաղավերջում Նորայր Գյոզալյանը կարող էր գլխի հարվածով կրճատել հաշիվը, սակայն հաջող խաղաց դարպասապահը: Այսպիսով, «Բանանցը» եվրոգավաթների հերթական մրցաշարը սկսեց պարտությամբ եւ գործնականում դուրս մնաց հետագա պայքարից:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ