«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2009-07-01 | #122, 2009-07-02 | #123, 2009-07-03


ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ 122-ՐԴ ՏԵՂՈՒՄ Է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման հերթական ցուցակում 9 հորիզոնականով առաջադիմել է եւ զբաղեցնում է 122-րդ տեղը: Հայ ֆուտբոլիստները ցուցակում տեղ են զբաղեցրել Արաբական Միացյալ Էմիրությունների, Հորդանանի, Սիերա Լեոնեի եւ Չադի հավաքականների հարեւանությամբ:

Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում հասած հաջողությունը հնարավորություն տվեց Բրազիլիայի հավաքականին շրջանցելու երկար ժամանակ ցուցակը գլխավորող Եվրոպայի չեմպիոն իսպանացիներին: Նախորդ ցուցակում բրազիլացիները 5-րդ տեղում էին: Լավագույն եռյակը եզրափակում են Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստները, որոնց հաջորդում են Իտալիայի եւ Գերմանիայի ընտրանիները:

Ամսեամիս իր ցուցանիշներն է բարելավում Ռուսաստանի հավաքականը, որը 1161 վարկանիշով 6-րդ տեղում է: Վերջին տարիների համար սա ռուսների լավագույն ցուցանիշն է: Ռեկորդը գրանցվել է 1996-ի ապրիլին, երբ Օլեգ Ռոմանցեւի գլխավորած հավաքականը զբաղեցրել էր 3-րդ տեղը ՖԻՖԱ-ի դասակարգման ցուցակում: Իսկ ահա Անատոլի Բիշովեցի օրոք ՌԴ հավաքականն իր պատմության մեջ ամենացածր արդյունքն է ունեցելՙ զբաղեցնելով 40-րդ տեղը: Լավագույն տասնյակում տեղ են զբաղեցրել նաեւ Անգլիայի, Արգենտինայի, Ֆրանսիայի եւ Խորվաթիայի հավաքականները:

Նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հավաքականներից ռուսներից հետո լավագույն արդյունքն ունեն ուկրաինացիները, որոնք 19-րդ տեղում են: Նրանց հաջորդում են Լատվիայի (56-րդ տեղ), Լիտվայի (60-րդ), Բելառուսի (74-րդ), Ուզբեկստանի (79-րդ), Մոլդովայի (84-րդ), Վրաստանի (104-րդ), Էստոնիայի (112-րդ), Ղազախստանի (133-րդ), Ադրբեջանի (139-րդ), Տաջիկստանի (148-րդ), Թուրքմենստանի (151-րդ) եւ Ղրղզստանի (160-րդ) հավաքականները:

Նախորդ ամսվա համեմատ ամենամեծ առաջընթացն ունեցել է Կոտ դ՚ Իվուարի հավաքականը, որը 20 հորիզոնականով բարձրացել է: Իսկ ահա Սիերա Լեոնեի ընտրանին միանգամից 40 տեղով նահանջել է:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4