Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ օղլիի երկրորդ այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն տեղի ունեցավ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հատումով` Մարտակերտի շրջանում: Դեսպանը, սակայն, այս իրողությունը գնահատել է անցում ոչ թե սահմանով, այլ շփման գծով:
Նույն այցի շրջանակներում Արցախ էին ժամանել նաեւ ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի համանախագահ Միխայիլ Շվիդկոյը, Ռուսաստանում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը, հասարակական ու քաղաքական գործիչներ Հայաստանի Հանրապետությունից: Փոլադ Բյուլ Բյուլ Օղլիին այս անգամ ուղեկցել էին Ադրբեջանի խորհրդարանի անդամներ: Այս վերջին փաստին ադրբեջանցի դիվանագետը քաղաքական աստառ չի տվել: «Դա արդեն, այսպես ասած, քաղաքական երանգ ունի: Ես ասել եմ հանդիպման ժամանակ եւ հիմա էլ լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներին կուզեի ասել, որ կարգավորման քաղաքական գործընթացին, որ տեղի է ունենում, մենք ոչ մի դեպքում չենք խառնվում: Արտգործնախարարների եւ նախագահների միջեւ բանակցություններին չենք խառնվում: Մենք որպես մշակույթի երեք նախկին նախարարներ այսպիսի նախաձեռնություն ենք հանդես բերել, որ հնարավորություն տանք մարդկանց իրար հետ շփվելու: Այսօր հնչել են մարդասիրական տարբեր ծրագրերի առաջարկներ, որոնք կարող են մերձեցնել մարդկանց եւ դիրքորոշումը», ասել է նա:
Հյուրերին իր նստավայրում ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Երբ լրագրողները Փոլադ Բյուլ-Բյուլ Օղլիին հարցրել են, թե ինչի մասին են խոսել ԼՂՀ նախագահի մոտ, վերջինս «ուղղել է» լրագրողներին, ասելով. «Ես հարցն այդպես չէի առաջադրի` ոչ թե նախագահի հետ, այլ տեղի է ունեցել հանդիպում հասարակայնության ու Հայաստանից եկած պատվիրակության եւ այստեղ ապրողների ներկայացուցիչների հետ»: Նրա այս պատասխանը նույնիսկ զարմացրել է Արմեն Սմբատյանին, որն ուղղակի իր տարակուսանքն է հայտնել լրագրողներին:
Ինչպես նշել են այցի նախաձեռնության հեղինակները` նպատակը երկու հասարակությունների միջեւ առկա անվստահության պատնեշի վերացումն է: Այս համատեքստով ադրբեջանցի դիվանագետը շեշտել է, որ երկու հարեւան ժողովուրդներին վիճակված է միասին ապրել, ուստի անհրաժեշտ է հաստատել փոխհարաբերություններ եւ հարգանք տածել իրար նկատմամբ: Ընդ որում, Փոլադ Բյուլ-Բյուլ Օղլիի համոզմամբ, թշնամու կերպար ստեղծում են հենց լրագրողները: «Պետք է ապրել բարիդրացիների նման, իրար օգնության ձեռք մեկնել, գտնել ոչ թե բաժանող, այլ միավորող պահեր», խորհուրդ է տվել նա: Ադրբեջանցի դիվանագետը էքսկուրս է կատարել դեպի խորհրդային տարիները, մասնավորապես հիշատակելով Հայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանը. «Այդ ժամանակ հայերը, ադրբեջանցիները եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները կռվել են միասին: Եվ այդ պատճառով էլ մարդիկ պետք է հասկանան, որ եթե այն ժամանակ կարողացել են միասին ինչ-որ բան անել, հիմա էլ կարող են», ասել է Բյուլ-Բյուլ Օղլին:
Արդյոք Ադրբեջանի դեսպանի այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն` կարելի՞ է դիտարկել ԼՂՀ-ի ճանաչման համատեքստում: Պատասխանը միանշանակ բացասական էր, քանի որ դեսպանն աներկբա ներկայացնում է իր երկրի պաշտոնական տեսակետը:
Շուշիից պատվիրակությունները մեկնել են Երեւան: Այցի հաջորդ հասցեն կլինի Բաքուն:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ