«Արարատբանկի» նախաձեռնությամբ երեկ տեղի ունեցավ «Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի ֆինանսական շուկաների զարգացումներն ու հեռանկարները եւ Հայաստանը» թեմայով կլոր սեղանը, որին հրավիրված էր Վարշավայի ֆոնդային բորսայի նախագահ եւ գործադիր տնօրեն Լյուդվիգ Սոբոլեւսկին:
Այս նախաձեռնությունը «Արարատբանկի» վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը պայմանավորեց նրանով, որ հայկական ընկերությունները պարբերաբար միջոցների կարիք են զգում եւ բանկային համակարգից դրանք ստանալուց բացի, կարող են օգտագործել բորսայի հնարավորությունները: Իսկ Վարշավայի ֆոնդային բորսան Կենտրոնական Եվրոպայում խոշորագույնն է եւ կարող է հետաքրքրություն ներկայացնել հայկական ընկերությունների համար:
Հայաստան ժամանելը Լյուդվիգ Սոբոլեւսկին բացատրեց իրենց համար արեւելքի շուկաների կարեւորությամբ եւ նշեց, որ լավ կլինի, եթե Վարշավայի ֆոնդային բորսա ներդնողներ գան Հայաստանից: Նա տեղեկացրեց, որ Վարշավայի ֆոնդային բորսան ստեղծվել է 1991-ինՙ 5 ընկերության մասնակցությամբ, իսկ այսօր այստեղ ցուցակված ընկերությունների թիվն անցնում է 400-ից: Այս տարի նախատեսվում է բացել նորՙ պարտատոմսերի սեգմենտ:
ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը դրական համարեց Վարշավայի բորսայի այստեղ ներկայացումը, նշելով, որ «Նասդաք Օ Էմ Էքսի» հետ նրա մրցակցությունն ավելի նպաստավոր պայմաններ կստեղծի մեր ընկերությունների համար:
«Արարատբանկի» ծրագրումՙ նոր բանկի ձեռքբերում
Երեկ «Արարատբանկի» վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը լրագրողներին հայտնեց, որ իր ղեկավարած բանկի ծրագրում մեկ այլ բանկի ձեռքբերման նպատակ կա, որի մասին շուտով հայտնի կդառնա:
Ա. Մ.