Օգոստոսի 23-ին Հայաստան կժամանեն իտալացի մասնագետներՙ ավարտին հասցնելու Մինաս Ավետիսյանի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարի վերականգնողական աշխատանքները, որոնք սկսել են անցած տարի ամռանը, երբ իտալացի երեք մասնագետ Գյումրիի էլեկտրատեխնիկական գործարանի ճաշարանի մասնաճյուղի պատից Ջաջուռի թանգարան տեղափոխեցին նշված որմնանկարը եւ իրականացրեցին վերականգնման առաջին փուլը: Երկրորդը կատարեցին նույն թվականի աշնանը: Այդ խնդիրը լուծվեց Ֆլորենցիայում բնակվող հայտնի քանդակագործ Վիգեն Ավետիսի միջնորդությամբՙ մշակույթի նախարարությունը դիմեց Հռոմի Պալացցո Սպինելի արվեստի եւ վերականգնողական աշխատանքների ինստիտուտին` Հայաստան մասնագետներ ուղարկելու խնդրանքով: Սա նկարչի 80-ամյակին, որ լրացավ անցած տարի հուլիսի 20-ին, մշակույթի նախարարության նախաձեռնած եւ հովանավորած հոբելյանական տարվա միջոցառումներից մեկն էր: Իսկ մեկնարկել էր դեռեւս 2007-ին, երբ նախարարությունն առաջարկեց Հայաստանի կառավարությանը վերջապես անդրադառնալ Շիրակի մարզում գտնվող Մինաս Ավետիսյանի որմնանկարների վիճակին: Առաջարկն ընդունվեց եւ 2007-ին պահուստային ֆոնդից հատկացվեց 5 միլիոն 578.6 հազար դրամ` Մինաս Ավետիսյանի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարի վերականգնման համար:
Արդեն այս տարի Ազգային պատկերասրահում տեղի ունեցավ նկարչի հոբելյանական ցուցահանդեսը, որը հաջողված էր: Հետեւեց հայ մշակույթի զարգացման հիմնադրամի նախագահ Մեցցո Իգիթյանի առաջարկը հոկտեմբերին Մինասի ցուցահանդեսը Մոսկվայում կազմակերպելու մասին: Միեւնույն ժամանակ Մշակույթի նախարարությունը, Վիգեն Ավետիսի միջնորդությամբ, ծանոթություն հաստատեց Նեապոլի գեղեցիկ արվեստների ակադեմիայի դոկտոր, պրոֆեսոր Ֆրանչեսկո Գալլոյի հետ, ով իր հերթին առաջարկեց կազմակերպել Մինաս Ավետիսյանի ցուցահանդեսները Իտալիայում: Բացի այդ, Հայաստանում հունիսի վերջին Մինասի գործերին ծանոթանալուց հետո Գալլոն առաջարկել է մի քանի ծրագրեր, որոնք կիրականացվեն մշակույթի նախարարությունում քննարկվելուց հետո:
Հոբելյանական միջոցառումների շարքը Հայաստանում կեզրափակվի այս տարի նկարչի ծննդյան օրըՙ հուլիսի 20-ին Երեւանի Կամերային երաժշտության տանը կայանալիք համերգով: Համերգին մասնակցելու են հայտնի երաժիշտ Պյեռ Դոմենիկ Պոնելը Գերմանիայից, որի «Մինասին» ստեղծագործությունն առաջին անգամ կներկայացվի հանդիսատեսին Հայաստանի մենակատարների պետական նվագախմբի կատարմամբ: Մինասի հոբելյանական տարին նոր սկիզբ կստանա այս տարվա հոկտեմբերին Ռուսաստանում, իսկ 2010 թվականի գարնանիցՙ Իտալիայում:
Ն. Պ.