«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2009-07-02 | #123, 2009-07-03 | #124, 2009-07-04


ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ՈՐՈՆՈՒՄՆԵՐ ԱՆՑՅԱԼԻ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԵՋ

Երեկ գեղանկարիչ Տիգրան Բարխանաջյանը Նկարիչների միության սրահում բացեց իր առաջին ցուցահանդեսը: Գյումրիի Մերկուրովի անվ. գեղարվեստի դպրոց, Երեւանի Թերլեմեզյանի անվ. գեղ. ուսումնարան, ապա Գեղարվեստի պետական ակադեմիա. այսպիսին է եղել Տիգրանի պրոֆեսիոնալ կրթության ճանապարհը: Ցուցահանդեսի բացմանը նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի շնորհավորանքից հետո նկարիչ Արկո Բաղդասարյանը Տիգրանի աշխատանքների մեջ ընդգծեց նկարչական բարձր կուլտուրան եւ արտիստիզմը. «Շատ կարեւոր է, երբ արվեստագետը որոնումների մեջ իր ողղությունն է փնտրում»:

Փարավոն Միրզոյանը, որի մոտ ուսանել է Տիգրան Բարխանաջյանը, անդրադարձավ նրա ստեղծագործության ընդհանուր բնույթին, հոգեւոր թեմատիկային` Քրիստոսի մատնության, խաչելության պատկերում, որի արձագանքը Տիգրանի կտավներում արտահայտված է գունային մուգ տոնայնություններով, ներքին լարումով, դրամատիզմով եւ մնացած աշխատանքներից էապես տարբերվում է:

Ստեղծագործական որոնումները նրան թեմատիկ բազմազանության են մղել: Գեղագիտական արժեքներ նա գտնում է դասական արվեստի միջավայրում` 17-18-րդ դարերի արեւմտաեվրոպական, մասնավորապես հոլանդական նկարչության մեջ:

Ցուցադրված 4-5 տասնյակ յուղաներկ նկարները վերջին 2-3 տարվա աշխատանքներն են, մի մասը նատյուրմորտներ, որոնցում նկարչության վարպետությունը ակնհայտ է, առարկայի, իրի ձեւերի հստակ ու ճշգրիտ զգացողությամբ, գույները` անխառն: Լույսի ու ստվերի նուրբ համադրությունները ստեղծում են յուրաքանչյուր թեմային բնորոշ նկարչական մթնոլորտ (Ջութակով նատյուրմորտ», «Նռներով նատյուրմորտ»): Կտավների մեջ գերակշռում են անցյալ դարերի արեւմտաեվրոպական նկարչության մոտիվներով պատկերներ, բազմաֆիգուր կոմպոզիցիաներՙ կյանքի տարբեր իրավիճակներում («Առավոտյան հարդարանք», «Ջութակի դաս», «Կարուսել», «Մրգեր եւ ծաղիկներ»):

Տիգրան Բարխանաջյանը անցյալի դասական արժեքների մեջ է փորձում ներդաշնակության, գեղեցկության ու մաքրության ձեւեր ու իդեաներ գտնել: Սա ժամանակից խույս տալ չէ, որքան էլ այն արվեստագետի հոգեկերտվածքին խորթ, օտար լինի: Հայացք անցյալին այս վիճակը տարբեր ժանանակներում արվեստի տարբեր ուղղություններ, շարժումներ է ծնել, ինչպես օրինակ 20-րդ դարասկզբի հեթանոսական շարժումը. ամեն դեպքում դրանք նոր շունչ են հաղորդել արվեստին: Այս առիթով գեղագետ Լեւոն Լաճիկյանը այսպես է բնութագրում Տիգրանի աշխարհը. «Նկարներն արված են դասական շնչով: Վարպետությունն ակնհայտ է: Իր բնույթով ներամփոփ, նկարիչը զարմանալիորեն կտավը լցնում է մարդկանցով, սրանով հանդերձ որեւէ աղմուկ չի լսվում, գերիշխողը հարմոնիան է, երաժշտությունը: Ակնհայտ է, որ նկարիչը ներկա իրականությունից ստեղծագործական ազդակներ չի ստանում եւ անհնար է ստանալ, ուստի հայացքը ուղղում է դեպի այն ժամանակները, երբ մարդը ապրում էր գեղեցիկի օրենքներով: Եվ ոչ միայն իր պերսոնաժներին է բնակեցնում, այդ միջավայրում ինքն էլ է բնակվում, նաեւ հաստատում, որ այդ գեղեցկությունը եղել է եւ հետ վերադարձի հույսն է արթնացնում: Հաստատում է այն միտքը, որ, այո՛, գեղեցիկը կփրկի աշխարհը, սակայն, այսօր հենց ինքը փրկվելու կարիք ունի: Այսու` նկարիչը գեղեցիկը վերահաստատելու խնդիր է դնում: Նկարների` առօրեական թեմաների մեջ անգամ բանաստեղծական-քնարական տրամադրություններն են իշխում»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4