«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2009-07-02 | #123, 2009-07-03 | #124, 2009-07-04


ՑԱՎԱԼԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման փուլի առաջին խաղում «Միկան» հյուրընկալվել էր շվեդական «Հելսինգբորգին»: «Միկան» ցավալի պարտություն կրեց 1-3 հաշվով: Մինչեւ 86-րդ րոպեն հաշիվը հավասար էր, սակայն խաղավերջում «Միկան» 2 գոլ բաց թողեց ու ցավալի պարտություն կրեց:

Հաշվետու խաղում «Միկայի» մարզիչները թիմի մեկնարկային կազմում ընդգրկել էին պաշտպանական ոճի խաղացողներիՙ ձգտելով ամրապնդել թիկունքը: Վնասվածքի պատճառով բացակայում էր Արամ Ոսկանյանը, ինչն, իհարկե, մեծ կորուստ էր «Միկայի» համար: Փաստորեն, առջեւի գծում գործում էր միայն մեկ «մաքուր» հարձակվողՙ Բոտի Դեմելը:

Առաջին խաղակեսում «Միկային» հաջողվեց անառիկ պահել սեփական դարպասը: Գլխավոր իրադարձությունները ծավալվեցին ընդմիջումից հետո: 50-րդ րոպեին դաշտի տերերի հերթական գրոհը դիպուկ հարվածով եզրափակեց «Հելսինգբորգի» առաջատար, 37-ամյա Հենրիկ Լարսոնը: Ի պատիվ հյուրերի, բաց թողած գոլը չընկճեց նրանց եւ 16 րոպե անց Ուլիսես Մոնտենեգրոն վերականգնեց հավասարակշռությունը: Դրանից հետո «Միկան» հաջողությամբ դիմագրավում էր մրցակցի գրոհներին ու թվում էր, թե խաղը կավարտվի հյուրերի համար ձեռնտու ոչ-ոքի արդյունքով: Սակայն 86-րդ րոպեին կրկին իր վարպետությունը դրսեւորեց Լարսոնըՙ 2-րդ անգամ գրավելով «Միկայի» դարպասը: Ցավոք, դա վերջը չէր: Ավելացված ժամանակի 2-րդ րոպեին նպատակին հասավ Սունդինի հարվածը, ինչը զգալիորեն բարդացրեց պատասխան խաղում «Միկայի» խնդիրը: Ամեն դեպքում, հուլիսի 9-ին Երեւանում կայանալիք խաղում «Միկան» պետք է ձգտի հետ վերադարձնել կորցրածը: Խնդիրն իրոք դժվար է, բայց դեռ հույս կա: Հաջորդ փուլ մտնելու համար «Միկան» պետք է մրցակցին հաղթի առնվազն 2-0 հաշվով:

«Հելսինգբորգի» հետ խաղում «Միկան» հանդես է եկել հետեւյալ կազմով. Արթուր Հարությունյան, Ալեքս, Գեւորգ Պողոսյան, Հրաչյա Միքայելյան (Արա Հակոբյան, 85), Նիկիտա Ֆուրսին, Արմեն Պետրոսյան, Պեդրո Լոպես, Աղվան Մկրտչյան, Ուլիսես Մոնտենեգրո, Էդնեյ, Բոտի Դեմել (Նարեկ Բեգլարյան 88):

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում կայացավ 23 հանդիպում: Նոր մրցաշարի անդրանիկ գոլի հեղինակ դարձավ Վրաստանի «Օլիմպիայի» խաղացող Գեորգի Մեգրելաձեն: Ֆարերների «B-36» թիմի դարպասը նա 2 գոլ խփեց, ինչն էլ ապահովեց թիմի հաղթանակը: Հաջող խաղաց նաեւ Վրաստանի մյուս ներկայացուցիչըՙ «Զեստաֆոնին», որը հյուրընկալվելիս 5-1 հաշվով ջախջախելով Հս. Իռլանդիայի «Լիսբեռնին», ապահովեց հաջորդ փուլի ուղեգիրը: Իսկ ահա ադրբեջանական «Սիմուրգը» սեփական հարկի տակ 0-1 հաշվով զիջեց Իսրայելի «Բնեյ-Եգուդային»:

Մյուս հանդիպումներում գրանցվեցին հետեւյալ արդյունքները. «Խոլոդաշ» (Հունգարիա)-«Իրտիշ» (Ղազախստան)ՙ 1-0, «Գրեվենմախեր» (Լյուքսեմբուրգ)-«Վետրա» (Լիտվա)ՙ 0-3, «Զիմբրու» (Մոլդովա)-«Օկժետպես» (Ղազախստան)ՙ 1-2, «Դինամո» Մինսկ (Բելառուս)-«Ռենովա» (Մակեդոնիա)ՙ 2-1, «Տրանս» (Էստոնիա)-«Ռուդար Վելենիե» (Սլովենիա)ՙ 0-3, «Սուտիեսկա» (Չեռնոգորիա)-ՄՏԶ-ՌԻՊՕ (Բելառուս)ՙ 1-1, «Դինաբուրգ» (Լատվիա)-«Նիմե Կալյու» (Էստոնիա)ՙ 2-1, «Լախտի» (Ֆինլանդիա)-«Դինամո» Տիրանա (Ալբանիա)ՙ 4-1, «Վալետա» (Մալթա)-«Կեֆլավիկ» (Իսլանդիա)ՙ 3-0, «Սպարտակ» Տրնավա (Սլովակիա)-«Ինտեր» (Ադրբեջան)ՙ 2-1, «Սլավեն» (Խորվաթիա)-«Բիրկիրկարա» (Մալթա)ՙ 1-0, «Անորտոսիս» (Կիպրոս)-«Կերյենգ» (Լյուքսեմբուրգ)ՙ 5-0, «Ռանդերս» (Դանիա)-«Լինֆիլդ» (Հս. Իռլանդիա)ՙ 4-0, «Ռունավիկ» (Ֆարերներ)-«Ռուսենբորգ» (Նորվեգիա)ՙ 0-3, «Սլայգո Ռովերս» (Իռլանդիա)-«Վլազնյա» (Ալբանիա)ՙ 1-2, «Բուդուչնոստ» (Չեռնոգորիա)-«Պոլոնիա» (Լեհաստան)ՙ 0-2, «Ֆրամ» Իսլանդիա-ՏՆՍ (Ուելս)ՙ 2-1, «Մազերվել» (Շոտլանդիա)-«Լանելի» (Ուելս)ՙ 0-1:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4