Ինչպես հայտնի է, վերջերս շախմատի Հայաստանի հավաքականը Փարիզում արագ շախմատի մրցաշարում զգալի առավելությամբ հաղթել էր տանտերերին: Այդ մրցամարտի մասնակիցներից երեքըՙ Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Պետրոսյանն ու Գաբրիել Սարգսյանը երեկ հյուրընկալվել էին «Տեսակետ» ակումբում:
Անդրադառնալով մրցախաղին, Տիգրան Պետրոսյանը նշեց, որ նման մրցախաղ անցկացնելու գաղափարը դեռեւս 2 ամիս առաջ էր մտահղացել Վարդան Գաբրիելյանը: Թեեւ մրցախաղի արդյունքը շախմատիստների վարկանիշների վրա չէր ազդելու, սակայն մարզական առումով այն հետաքրքրական էր: Առաջին օրը համառ պայքար ծավալվեց: Մեր շախմատիստների մոտ մի փոքր զգացնել տվեց հոգնածությունը, քանի որ Տիգրանը մասնակցել էր «Ֆորդ Բոյարի» նկարահանումներին եւ մրցաշարի մեկնարկից 2 ժամ առաջ էր ժամանել Փարիզ, իսկ Լեւոն Արոնյանը եկել էր հեռավոր Ավստրալիայից: Ի դեպ, Տիգրանը մասնակցել էր «Ֆորդ Բոյարի» փորձություններին, որոնցից ամենադժվարը 100 մ բարձրությունից թռնելն էր:
Վլադիմիր Հակոբյանն արժանին մատուցեց մրցաշարի կազմակերպիչներին, նշելով, որ այն ավելի շատ շոու էր: Եվ չնայած դրան, նա գտնում է, որ լավ չէր լինի, եթե մեր թիմը պարտվեր: Ուստի տղաները լարված էին խաղում եւ արժանի հաղթանակ տոնեցին:
Գաբրիել Սարգսյանի կարծիքով մրցախաղի անցկացման հիմնական նպատակը սփյուռքահայության հետ մեր հավաքականի անդամների ծանոթությունն էր: Նա նշեց, որ նման մրցաշարերի անցկացումը հաճելի է: Արդեն Ֆրանսիայում խոսակցություններ էին տարվում Հայաստան-ԱՄՆ շախմատային մրցամարտ կազմակերպելու շուրջը: Հավանաբար հաջողվի հաջորդ տարի այն կազմակերպելՙ հաշվի առնելով երկու երկրների շախմատիստների խիստ ծանրաբեռնվածությունը:
Ինչ վերաբերում է մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամին, ապա այն մեծ չէր: Տղաների համար տվյալ պարագայում Հայաստանի մարզական պատիվը բարձր պահելն էր: Ինչ վերաբերում է մեր չեմպիոնների առաջիկա ծրագրերին, ապա Գաբրիելը մասնակցելու է Դանիայի մրցաշարին, այնուհետեւ Հայաստանի հավաքականի կազմում հանդես է գալու հոկտեմբերին կայանալիք Եվրոպայի թիմային առաջնությունում: Վլադիմիր Հակոբյանը մասնակցելու է Գերմանիայում կայանալիք Ֆիշերի շախմատի մրցաշարին, այնուհետեւ «Միկայի» կազմում հանդես է գալու եվրոգավաթների խաղարկությունում, ինչպես նաեւ ՀՀ հավաքականում իր խաղընկերների հետ պայքարելու է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար: Տիգրանը բացի եվրոգավաթներից ու հավաքականում ելույթ ունենալուց, նոյեմբերի սկզբին հանդես է գալու շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում:
Ասուլիսի մասնակիցները մեր շախմատիստներին հաջողություն մաղթեցին առաջիկա մրցաշարերում, իսկ «Բարի Սամարացի» ընկերության կողմից նրանց հուշանվերներ հանձնվեցին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ