ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը երեկ անդրադառնալով հուլիսի 2-ի հանրահավաքին` նկատեց, որ մասնակցել է 4-5 հազար մարդ, ինչն, ըստ նրա, ի զորու է անել որեւէ գյուղապետ, եթե հանրահավաք հրավիրի:
«Ճիշտն ասած, արտահերթ հանրահավաքը, որ տեղի ունեցավ, ես դեռ նախորդ շաբաթ հայտարարել էի, որ դա կլինի հիասթափության հանրահավաք, եւ, ի դժբախտություն մեզ բոլորիս, այդպես էլ կարծես թե ստացվեց», «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հանրապետական կուսակցության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Մելիքյանն ու ավելացրեց, որ ուժեղ պետություն եւ պետականություն ձեւավորելու համար խիստ կարեւոր է ուժեղ ընդդիմության կարեւորությունը, որը մեր երկրում չի ստացվում:
Դրանից բացի պարզվեց, որ ընդդիմությունը, ըստ Գագիկ Մելիքյանի, հանուն ժողովրդի ոչ մի առաջարկ չի անում եւ գործում է ժողովրդի դեմ: Լրագրողի հարցին, թե հատկապես ի՞նչ է անում ժողովրդի դեմ, հայտարարեց, որ ժողովրդի դեմ է սահմանադրության խախտումով իշխանություն յուրացնելը: Իշխանությունն, ըստ Գագիկ Մելիքյանի, բնականաբար լավն է, համաներումն էլ կատարել է ոչ թե ընդդիմության եւ Եվրոպայի պարտադրանքով, այլ սեփական բարի կամքով: Ոչ ոք, ըստ Մելիքյանի, չի կարող պարտադրել նախագահին եւ Ազգային Ժողովին:
«Ընդդիմությունն իր վերջին հանրահավաքներով, ինչպես նաեւ իր բոլոր քայլերով, որ կատարում են առանց հանրահավաքների, կարծես թե ժողովրդին իրոք հասցրեց հիասթափության, անվստահություն իր նկատմամբ եւ հավատի կորստի», ասում է իշխանությունը ներկայացնող պատգամավորը:
Խոսելով իշխանության թերի կամ անթերի լինելու մասինՙ պատգամավորն ասաց, թե երկրում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք ոչ մեկը չի հերքում, սակայն ընդդիմության ներկայացրած քայլերը բոլորն «ընդդեմ» են եւ միակ «հանուն»-ը աթոռի համար է:
Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ վստահ է, թե մարտի 1-ի 10 զոհերի սպանության իրական մեղավորները կբացահայտվեն: Գագիկ Մելիքյանն ասում է, որ «քննությունը ժամանակին կավարտվի», «կգա ժամանակը» եւ մեղավորները կբացահայտվեն:
Ն. Մ.