Եվրոպական ակադեմիայում գործում է առողջապահության կառավարման համատեղ նոր հայ-ֆրանսիական ֆակուլտետ
Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի եւ ֆրանսիական Մեդիտերանե (Էքս-Մարսել 2-րդ) համալսարանի պատվիրակությունների բազմաթիվ հանդիպումների արդյունքում է ծնվել առողջապահության բնագավառում համատեղ ուսուցում կազմակերպելու գաղափարը` մագիստրոսի կրթական մակարդակում:
Երեկ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի ռեկտոր Անդրանիկ Ավետիսյանի եւ ֆրանսիական Մեդիտերանե (Էքս-Մարսել 2-րդ) համալսարանի խորհրդի նախագահի խորհրդական Միշել Կասպարյանը ներկայացրին այդ համաձայնության ու ընդհանրապես երկու համալսարանների միջեւ տարիների համագործակցության արդյունքները:
Նրանց ներկայացմամբ, առողջապահության ոլորտի մասնագետների պահանջարկը Հայաստանում մեծ է, մինչդեռ սահմանափակ է հասանելի ու պատշաճ ուսուցման հնարավորությունը:
Միեւնույն ժամանակ, առողջապահության մակարդակը 191 երկրներում հանգամանորեն ուսումնասիրելով, Համաշխարհային առողջապահության կազմակերպությունը նախապատվությունը տվել է Ֆրանսիային, ընդ որում, հաշվի են առնվել առողջապահության արդյունավետությունը, հասանելիությունը եւ մատչելիությունը, ինչպես նաեւ բնակչության կարիքներին արձագանքելը:
Այս ամենի արդյունքում, ինչպես ներկայացրեց Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի ռեկտոր Անդրանիկ Ավետիսյանը, 2009 թ. փետրվարի 12-ին ԵԿՏԱ գիտական խորհուրդը որոշել էր եւ ապրիլի 1-ից իր գործունեությունը մեկնարկեց առողջապահության ֆակուլտետը, իսկ առողջապահության կառավարման մասնագիտությամբ ուսումնական դասընթացները մեկնարկում են այս տարվա սեպտեմբերից:
Ուսուցումը, ըստ Ավետիսյանի եւ Կասպարյանի խոսքերի, մագիստրատուրայի բաժնում է, երկու տարով, առողջապահության կառավարման մագիստրոսի որակավորմամբ: Ընդ որում, մեկ տարի Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում ուսանելուց հետո մագիստրատուրայի ուսանողները կարող են ուսումը շարունակել Մեդիտերանե (Էքս-Մարսել 2-րդ) համալսարանի մագիստրատուրայում եւ ավարտին ստանալ երկու հաստատությունների դիպլոմները:
Միշել Կասպարյանի, ում երեկ շնորհվեց ԵԿՏԱ շքանշան, փոխանցմամբ, Մարսելի բնակչության մոտ 10 տոկոսը հայեր են, դա եւս նպաստող գործոն է լուրջ գնահատելու երկու կրթական հաստատությունների համագործակցությունը: Բժշկագիտության պրոֆեսոր Կասպարյանը կարեւորեց, որ Հայաստանում չկա այնպիսի բժշկական ֆակուլտետ, ինչպիսին դա պատկերացնում են Ֆրանսիայում:
ԵԿՏԱ-ի հետ համագործակցությունն, ըստ Մեդիտերանե համալսարանի նախագահի խորհրդականի, հիմնվում է գործընկերների բարձրակարգության ապահովման վրա, իսկ ֆինանսավորումը կարողանում են հոգալ եվրոպական ծրագրերի կիրառմամբ:
Այդպիսի եվրոպական համագործակցությամբ է իրականացվել IT.AM նախագիծը ԵԿՏԱ-ի հետ, այն էլ այնպիսի մի համալսարանի հետ, ինչպիսին ֆրանսիական Մեդիտերանեն է, որ ունի 25 հզ. ուսանող, որից 3 հզ.-ը օտարերկրացիներ են: Համալսարանը Ֆրանսիայում երկրորդն է գիտահետազոտական աշխատանքներով:
Միշել Կասպարյանի գնահատմամբ, ֆրանսիական համալսարանի բարձրակարգությանը ԵԿՏԱ ո՛չ ուսանողությունն է զիջում, ո՛չ դասախոսական կազմը: Այս համատեքստում Կասպարյանն իր ուրախությունը հայտնեց առ այն, որ վերջերս ԵԿՏԱ ուսանողուհի Անուշ Կոստանյանն, օրինակ, արժանացել է Հայաստանի նախագահի «լավագույն ուսանողուհի» պարգեւին` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:
Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի ռեկտորի խոսքերով, Մեդիտերանե (Էքս-Մարսել 2-րդ) համալսարանի հետ համագործակցությունը մեկնարկել է ԵԿՏԱ հիմնադրումից` 2001 թ. ստորագրված համագործակցության հուշագրի տեսքով:
2004-2006 թթ. Եվրոմիության Tacis ծրագրի շրջանակներում գործընկեր ֆրանսիական համալսարանի գլխավորած կոնսորցիումը ԵԿՏԱ-ում իրականացրել է աջակցության IT.AM ծրագիրը: Դրա շրջանակներում նախագծվել ու ներդրվել են եվրոպական չափանիշներին համապատասխանող բակալավրի եւ մագիստրոսի ուսումնական ծրագրեր եւ դասավանդման ուսումնական փաթեթներ ԵԿՏԱ տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետի 3 մասնագիտացումների գծով, նաեւ նախագծվել ու ներդրվել է համակարգչային հզոր ժամանակակից համալսարանական ցանց:
Հետագայում համագործակցության համաձայնագրեր են ստորագրվել երկու բուհերի տեղեկատվական տեխնոլոգիաների, տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետների միջեւ: 2009-ի մարտին ԵԿՏԱ ռեկտորի գլխավորած պատվիրակությունը այցելել է Մարսել, որտեղ ստորագրվել է նոր ընդլայնված համագործակցության համաձայնագիր, ինչպես նաեւ համաձայնեցվել եւ ստորագրվել են համագործակցության համաձայնագրի լրացուցիչ հավելվածներ, այդ թվում` առողջապահության կառավարման համատեղ նոր ֆակուլտետ հիմնելու մասին:
Ռեկտոր Անդրանիկ Ավետիսյանի ներկայացմամբ, հայ-ֆրանսիական այս նախաձեռնության շրջանակներում ներկայացվող պահանջներին բավարարող եւ ցանկություն հայտնող հայ ուսանողները կարող են երկու տարի ԵԿՏԱ-ում ուսանելուց հետո բակալավրի կրթությունը շարունակել Ֆրանսիայում, ընդ որում, սովորելու ընթացքում բարձր ցուցանիշներ ցույց տալու դեպքում հնարավոր է ընդհուպ անվճար կրթություն ստանալ:
Իսկ ընդհանուր առմամբ, միայն ԵԿՏԱ երաշխավորմամբ արդեն ուսանողները կարող են ներկայացվել ֆրանսիական Մեդիտերանե համալսարանում ուսումը շարունակելու, եւ համալսարանի կողմից էլ ընտրվելու դեպքում արդեն ըստ ուսման առաջադիմության կպակասեցվի ուսումնական վարձը:
Երկու տարի ԵԿՏԱ-ում, ապա եւս երկու տարի Մեդիտերանե համալսարանում բակալավրի կրթություն ստանալով հայ ուսանողները կստանան երկու բուհերի դիպլոմները, ինչը լրացուցիչ հնարավորություններ կարող է բացել:
Ընդհանուր առմամբ էլ, հայ-ֆրանսիական այս համագործակցությունը լավ հնարավորություն է հայ ուսանողների համար իրենց կրթությունը շարունակելու Ֆրանսիայում, ստանալու ֆրանսիական դիպլոմներ, վերապատրաստման ու փորձի փոխանակման միջոցով զարգացնելու ԵԿՏԱ վարչական ու կրթական կարողությունները:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ