Երեւանի երիտասարդական փորձարարականի պետականի կարգավիճակըՙ «Գոյին»
Հայաստանի գրողների միության շենքում գործող Երեւանի երիտասարդական փորձարարական պետական թատրոնի (ԵԵՓՊԹ) նորանշանակ տնօրեն Արթուր Նալբանդյանին թատրոնի կազմն ընդունել է առանց հակադրվելու, բայց եւ կատարվածը դիտարկել որպես թատրոնը վերացնելու առաջին քայլ, հատկապես, որ եղել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի եւ փոխնախարար Դավիթ Մուրադյանի զգուշացումը թատրոնները միավորելու քաղաքականություն իրականացնելու մասին: Մինչդեռ տվյալ թատրոնը վերջին երեք ամիսներին 3 նոր ներկայացում է բեմադրելՙ Հակոբ Պարոնյանի «Բաղդասար Ախպար» (ռեժ. Արմեն Էլբակյան), Պիտեր Տորինի «Վերջ վերջապես» (ռեժ. Արթուր Աբովյան), Սամվել Խալաթյանի «40 օր համբառնալուց առաջ» (ռեժ. Աշոտ Հակոբյան):
Փաստերն այս երեկ «Հայելի» ակումբում ներկայացրեց ԵԵՓՊԹ փոխտնօրեն Հերմինե Վահանյանը: «Որեւէ մեկին կատարած լավ աշխատանքի համար շնորհակալություն հայտնել ու աշխատանքից հեռացնելն առնվազն անտրամաբանական է, ինչը արվեց թատորնը 5 տարի ղեկավարած Էդիկ Հակոբյանի հետ», - կարծիք հայտնեց Հերմինե Վահանյանը:
Թատրոնի գլխավոր ադմինիստրատոր Կարեն Հովհաննիսյանն էլ ընդգծեց. «Թատրոնների բազմազանությունը մրցակցություն է ծնում ու, բնականաբար, ժամանակի ընթացքում ծնում նաեւ որակ: Մեր թատրոնը մշտապես եղել է ազատ հարթակ տաղանդաշատ երիտասարդների համար, սակայն դա էլ առանձնապես նկատի չի առնվում: Միայն վերջին երկու տարում 30 ուսանող է զբաղված եղել մեր ներկայացումներում»:
25 հաստիք եւ պետական կարգավիճակ ունեցող թատրոնի ղեկավարներն ու ստեղծագործական կազմը վստահ է, որ թատրոնների միավորման քաղաքականությունը տվյալ պարագայում, ամենայն հավանականությամբ միջոց է որոշ թատերական գործիչների շարունակական պահանջ-բողոքը բավարարելու, ավելի կոնկրետՙ Արմեն Մազմանյանի ղեկավարած «Գոյ» թատրոնին պետական թատրոնի կարգավիճակ շնորհելու:
«Նոր տնօրեն նշանակելով, որի համար նույնպես, իր խոսքով, նշանակումը անակնկալ է եղել, կփորձեն թուլացնել թատրոնի ստեղծագործական մոտեցումները, ապա պնդմամբ, որ գոյությունն արդարացված չէ, կմիացնեն «Գոյին», որտեղ վստահաբար ոչ թե թատրոնի տեսակին, այլ թատրոնի կարգավիճակին են սպասում», - հավանական սցենարն այսկերպ են տեսնում Երեւանի երիտասարդական փորձարարական պետական թատրոնի ներկայացուցիչները:
Նրանք հավատացած են, որ Արմեն Մազմանյանի մշակված հարաբերությունները ոլորտի պատասխանատուների հետ չպետք է ազդի որեւէ այլ թատրոնի գոյության վրա:
Ն. Պ.