Հինգ հայ շախմատիստներ 100 ուժեղագույնների ցանկում
Եռամսյակը մեկ ՖԻԴԵ-ն հրապարակում է աշխարհի ուժեղագույն շախմատիստների վարկանիշային ցուցակը: Հուլիսի 1-ի դրությամբ հայ շախմատիստների առաջատար Լեւոն Արոնյանը 2768 վարկանիշով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Նախորդ ցուցակի համեմատ Լեւոնն իր վարկանիշն ավելացրել է 14-ով եւ առաջադիմել 2 հորիզոնականով: Այժմ հայ գրոսմայստերն իր վարկանիշով զիջում է միայն Վեսելին Թոփալովին (2813), աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդին (2788) եւ նորվեգացի Մագնուս Կառլսենին (2772):
Զգալի առաջընթաց է ունեցել ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոն: Նա 7 հորիզոնականով բարձրացել եւ 2760 վարկանիշով եզրափակում է լավագույն հնգյակը` շրջանցելով Վլադիմիր Կրամնիկին (2759): Փաստորեն այս պահին Յակովենկոն իր վարկանիշով ռուսաստանցի շախմատիստներից լավագույնն է: Իսկ թե իրականում նրանցից ո՞վ է ուժեղագույնը, կարող է որոշվել Դորտմունդում մեկնարկած շախմատի մրցաշարում, որում խաղում են Կրամնիկն ու Յակովենկոն: Լավագույն տասնյակում են նաեւ Պետեր Լեկոն (2756), Թեյմուր Ռաջաբովը (2756), Բորիս Գելֆանդը (2755) եւ Ալեքսանդր Մորոզեւիչը (2751):
100 ուժեղագույն շախմատիստների ցանկում բացի Լեւոն Արոնյանից տեղ են զբաղեցրել եւս չորս հայ գրոսմայստերներ: 2716 վարկանիշով 22-րդ տեղում է Սլովակիայում բնակվող Սերգեյ Մովսիսյանը: Նա իր վարկանիշը 31-ով նվազեցրել է եւ 11 հորիզոնական նահանջել: Իսկ ահա Վլադիմիր Հակոբյանը կրկին էլիտար շախմատիստների թվում է, որոնք 2700-ից բարձր վարկանիշ ունեն: Հակոբյանն իր վարկանիշը (2712) ավելացրել է 16-ով, որի շնորհիվ 34-րդ տեղից տեղափոխվել է 25-րդ հորիզոնական:
Որոշ առաջընթաց է ունեցել Գաբրիել Սարգսյանը` վարկանիշն ավելացնելով 7-ով (2667): Ճիշտ է, նա մեկ հորիզոնականով նահանջել է եւ զբաղեցնում է 64-րդ տեղը: Հայաստանի չեմպիոն Արման Փաշիկյանը վատթարացրել է ցուցանիշները: Նա վարկանիշը նվազեցրել է 5-ով (2650) եւ 71-րդ տեղից նահանջել 84-րդ հորիզոնական:
Իր ցուցանիշները զգալիորեն վատթարացրել է նաեւ ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկը: Նա վարկանիշը նվազեցրել է 43-ով (2703) եւ 12-րդ տեղից նահանջել է 30-րդ հորիզոնական: Սակայն 40-ամյա Իվանչուկը նախկինի պես աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկն է եւ դա նա ապացուցեց վերջերս ռումինական Բազնա քաղաքում անցկացված մրցաշարում` նվաճելով գլխավոր մրցանակը: Ամենամեծ առաջընթացն ունեցել է չեխ շախմատիստ Դավիթ Նավարան: Նա վարկանիշը (2687) ավելացրել է 33-ով եւ 74-րդ տեղից հանգրվանել է 42-րդ հորիզոնականում:
Կանանց դասակարգման ցուցակի անփոփոխ առաջատարը հունգարուհի Հուդիթ Պոլգարն է, որը վաղուց մասնակցում է միայն տղամարդկանց մրցաշարերում: Նա իր վարկանիշով (2687) 64 կետով գերազանցում է 2-րդ հորիզոնականում գտնվող Համպի Կոներուին: 3-րդ տեղում 15-ամյա չին շախմատիստուհի Հոու Իֆանն է (2584): Լավագույն տասնյակում են նաեւ Ժաո Հուեն (2544), Աննա Մուզիչուկը (2542), Տատյանա Կոսինցեւան (2539), Նանա Ձագնիձեն (2536), Անտոանետա Ստեֆանովան (2535), Մարի Սեբագը (2531) եւ Պիա Կրամլինգը (2525):
Հայաստանն ուժեղագույն շախմատիստուհիների ցանկում ներկայացնում են Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը: Էլինան 2502 վարկանիշով 14-րդ տեղում է, իսկ Լիլիթը 2467 վարկանիշով զբաղեցնում է 26-րդ հորիզոնականը:
Մինչեւ 20 տարեկան աղջիկների եւ պատանիների լավագույն քսանյակում Հայաստանը ներկայացուցիչ չունի: Պատանիների դասակարգման ցուցակը 2772 վարկանիշով գլխավորում է 19-ամյա Մագնուս Կառլսենը, որին հաջորդում են նրա հասակակիցներ, ուկրաինացի Սերգեյ Կարյակինը (2717) եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը (2703):
Աղջիկների առաջատարը չին 15-ամյա գրոսմայստեր Հոու Իֆանն է (2584): Լավագույն եռյակում են նաեւ Սլովենիան ներկայացնող Աննա Մուզիչուկը (2542) եւ ուկրաինուհի Կատերինա Լահնոն (2481):
ՖԻԴԵ-ն նաեւ դասակարգում է երկրները` հաշվի առնելով 10 լավագույն շախմատիստների միջին վարկանիշը: Այդ ցուցանիշով Հայաստանը 2628 վարկանիշով 8-րդն է: Ցուցակի անփոփոխ առաջատարը Ռուսաստանն է (2727): Հայաստանին գերազանցում են նաեւ Ուկրաինան (2688), Իսրայելը (2648), Չինաստանը (2643), Ադրբեջանը (2642), ԱՄՆ-ն (2641) եւ Ֆրանսիան (2630):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ