Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, երեկ կառավարության նիստերի դահլիճում ԼՂՀ եւ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեների ղեկավարները ստորագրել են համագործակցության հուշագիր:
ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն պարտավորվել է յուրաքանչյուր տարի բարելավել արցախյան գործընկեր կառույցի մեկ ստորաբաժանման շենքային պայմաններն ու այն տեխնիկապես համալրել: Միաժամանակ, նախատեսվում է միջազգային կադաստրային գործընթացներում ու ՀՀ-ում կազմակերպվող դասընթացներում ներառել նաեւ ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետկոմիտեի ներկայացուցիչներին:
Ստորագրման արարողությունից հետո ՀՀ ԱԳԿՊԿ նախագահ Երվանդ Զախարյանը նշել է, որ հուշագիրը ծավալուն ծրագրային փաստաթուղթ է առաջիկա 4-5 տարվա համար, եւ այն կենսագործելու համար կպահանջվի լուրջ մոտեցում ու պատասխանատվություն: Նա հույս է հայտնել, որ արդյունավետ համագործակցության արդյունքում Արցախը նույնպես կունենա կադաստրային զարգացած համակարգ:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ