«Գլոբալ ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա. կարճաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարներ» թեմայով երկօրյա միջազգային գիտաժողովը երեկ սկսվեց Երեւանում, որը նախաձեռնել է Հայկական միջազգային տնտեսական հետազոտությունների խումբը: Միջոցառմանը ելույթ է ունեցել եւ ճգնաժամով պայմանավորված Հայաստանի խնդիրներին է անդրադարձել վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Խոսելով համախառն ներքին արդյունքի հնարավոր ցուցանիշների մասին, Տիգրան Սարգսյանը նշեց, որ հարկ է նկատի ունենալ զարգացումների երեք սցենարՙ 9,5 տոկոս, 16 տոկոս եւ 20 տոկոս տնտեսական անկում: Նրա գնահատմամբ, առաջիկա ամիսներին պետք չէ ակնկալել մակրոտնտեսական ցուցանիշների բարելավում, քանի որ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի տնտեսական աճի ցուցանիշները բարձր էին: Մասնավորապես, անցյալ տարվա հուլիս-օգոստոսին շինարարության տեմպերն էին շատ բարձր: Ըստ վարչապետի, բարելավում կարելի է ակնկալել միայն տարեվերջին:
Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ պետական բյուջեի ծախսային մասը նախատեսում է, որ կլինի 900 մլրդ դրամի սահմաններում: Իսկ բյուջեի դեֆիցիտը, համաձայն ԱԺ ընդունած որոշման, թույլատրվում է հասցնել մինչեւ ՀՆԱ 7,5 տոկոսի: Այդ դեֆիցիտը ֆինանսավորվելու է Ասիական բանկի տրամադրած 80 մլն դոլարով, Համաշխարհային բանկի տրամադրած 60 մլն դոլարով, Ռուսաստանից ստացած վարկից 24 մլրդ դրամով, ինչպես նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի 150 մլն դոլարով: Դրա շնորհիվ, վարչապետի կարծիքով, հնարավոր կլինի ապահովել բյուջեի կատարումը: Իսկ 2010-ի բյուջեում, որպես նախնական ցուցանիշ, դրվելու է 1 տոկոս տնտեսական անկումը:
Ինչ վերաբերում է մեր տնտեսության հիմնախնդիրներին, ապա Տիգրան Սարգսյանը մատնանշել է ցածր դիվերսիֆիկացիան, մենաշնորհների առկայությունը, որոնք գնային կոշտություններ են առաջացնում, ստվերային տնտեսությունըՙ որպես հարկային եւ մաքսային վարչարարության ցածր մակարդակի հետեւանք:
Ա. Մ.