Ըստ «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի, վաթսունհինգ բժիշկ-գիտնականներ, ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի անդամներ, երիտասարդ բժիշկներ, ասպիրանտներ եւ Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) անդամներ մասնակցել են հունիսի վերջին Ռուսաստանում նշվող Առողջապահության աշխատողի օրվան նվիրված երեկոյին: ՌՀՄ-ի կազմակերպած միջոցառումը բացել է միության Բժիշկների ասոցիացիայի ղեկավար, գիտության եւ տեխնիկայի բնագավառում ՌԴ կառավարության մրցանակի դափնեկիր, ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ Առնոլդ Ադամյանը : Նա հպարտությամբ նշել է բժշկության ոլորտում հայ գիտնականների կատարած բազմաթիվ հայտնագործությունների մասին, որոնք, ինչպես միջնադարում, այնպես էլ մեր օրերում համամարդկային նշանակություն ունեն: ՌՀՄ-ի առաջին փոխնախագահ Գեորգի Տեր-Ղազարյանցը միության նախագահ Արա Աբրահամյանի անունից տոնի առթիվ շնորհավորել է ներկաներին: Գ. Տեր-Ղազարյանցը նաեւ ընթերցել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ուղերձը: Ուղերձում հատուկ նշվել է Սպիտակի երկրաշարժից հետո ղարաբաղյան ազատամարտի ժամանակ ռուսաստանցի բժիշկների օգնության մասին, ինչպես նաեւ` այն մասնագիտական օգնության մասին, որը նրանք ամեն տարի տրամադրում են Հայաստանում եւ Արցախում անցկացվող ՌՀՄ-ի օրերի շրջանակներում: Ինչպես փոխանցում են ՀՀ սփյուռքի նախարարությունից, Մոսկվայի Ազգությունների տանն անցկացված երեկոն ուղեկցվել է համերգային ծրագրով, որի ժամանակ հնչել են ինչպես ժողովրդական, այնպես էլ` դասական երաժշտության կատարումներ: