Դանիել Երաժիշտը երեք պետական անսամբլ է ստեղծելՙ «Տաղարան», «Գանձեր», «Շարական»: Ներկայում ղեկավարում է 1981-ին ստեղծված արդեն ոչ պետական «Շարականը», որը հովանավորներ չունի, փոխարենը կա ընտրված ուղուն անսամբլի 10 երաժիշտների հավատարմությունը: Ու թեեւ «Շարականի» փորձերն անցնում են Դանիել Երաժիշտի երկու սենյականոց բնակարանում, միայն վերջերս դադարած հարեւանների դժգոհություններին զուգահեռ եւ յուրաքանչյուր երաժիշտ էլ աշխատում է մի քանի տարբեր վայրերում, այդուհանդերձ անսամբլը շարունակում է ներկայացնել ոչ հաճախական, բայց համերգային ծրագրեր:
Ինչպես երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարեց Դանիել Երաժիշտը , «Շարականի» հերթական համերգը տեղի կունենա սեպտեմբերին ու նվիրված կլինի Սուրբ Աստվածամոր կյանքի խորհրդին: Նույն համերգում կներկայացվի նաեւ Մակար Եկմալյանի «Բաբելոնի գետերի մոտ» գործը, որի ձեռագիրը Դանիել Երաժիշտն ստացել է Չարենցի անվան Գրականության եւ արվեստի թանգարանից ու լրամշակել, քանի որ հեղինակն ամենայն հավանականությամբ չի հասցրել այն ավարտել:
«Մի քանի այլ մասնագետների հետ խորհրդակցելով, բավական դժվարությամբ կարողացա ռուսական տեքստը համապատասխանեցնել հայերեն շեշտադրությանը, չէ որ մեր նախնիները վաղուց են ասելՙ երգի երաժշտությունն ու խոսքերը համբուրվելու չափ համաձայնություն պետք է ունենան», - փաստեց Դանիել Երաժիշտը:
Մինչ օրս անհայտՙ չտպագրված ու չկատարված «Բաբելոնի գետերի մոտ» Եկմալյանի ստեղծագործությունը, որի հիմքում Դավթի սաղմոսն է ռուսերենով, աշնանը կկատարի «Շարականն» իր մենահամերգում եւ կտպագրվի մշակույթի նախարարությանը կից Հոգեւոր երաժշտության պետական կենտրոնի աջակցությամբ: Համերգին սպասվող մյուս անակնկալների մասին անսամբլի ղակավարը նախընտրեց լռել:
«Շարականի» հաջողությունն, ըստ Դանիել Երաժշտի, սիրո զգացողությունն է ու անսամբլի յուրաքանչյուր երաժշտի դրա համապարփակության գիտակցումը, որ գուցե պահանջված չէ, բայց խիստ անհրաժեշտ է ազատվելու համար այն ամենից, ինչը համատարած է, մատչելի ու խոչընդոտող այն ճանապարհին, որը տանում է դեպի համամարդկային արժեքներ:
«Հակահայկականով առլեցուն մեր երկրի շոու բիզնեսում առաջնորդվում են շատով ու էժանով եւ երգում չի մնում այն համաձայնությունը, որի մասին ասացի, ու կատարողի ոչ վատ տվյալներն էլ փոշիանում են: Սա ամենավտանգավորն է, կեղեքիչը, կործանարարըՙ երաժշտության հանդեպ մարդն անպաշտպան է, քանի որ հոգին չի փակում», - եզրափակեց Դանիել Երաժիշտը:
Ն. Պ.