Վերլուծում է քաղաքագետ Իգոր Մուրադյանը
Հուլիսի 18-ին Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը որեւէ լուրջ հետեւանք չի կարող ունենալ, քանի որ կարգավորման գործընթաց որպես այդպիսին, քաղաքագետ Իգոր Մուրադյանի դիտարկմամբ, պարզապես չկա: «Կա վերադարձ կարգավորման գործընթացի իմիտացիայի, բայց ոչ գործընթացի», «Դե ֆակտո» ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց Իգոր Մուրադյանը:
Վերլուծելով իրավիճակն Իգոր Մուրադյանը եզրակացնում է, որ Մայնդորֆյան հռչակագրի ստորագրումով Ռուսաստանը հայտնվեց հիմար վիճակում, քանի որ ԱՄՆ-ը հայտարարեց, որ կարգավորման գործընթացը պետք է շարունակվի միայն Մինսկի խմբի շրջանակներում: Ռուսաստանին այժմ հարկավոր է ապահովել կարգավորման գործընթացի շարունակությունը, ինչն էլ արվում է հերթական հանդիպման կազմակերպմամբ:
«Որեւէ մեկը հետաքրքրված չէ ղարաբաղյան խնդրի լուծմամբ եւ դա լավ է», համոզված է քաղաքագետը, «8 տարի առաջ, երբ անցկացվեց Քի Վեսթի հանդիպումը, Միացյալ Նահանգների համար ղարաբաղյան խնդիրը Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու միջոց էր: Այս տարիների ընթացքում առաջ են քաշվել Վրաստանի, Ուկրաինայի գործոնները եւ Ղարաբաղի խնդիրը չունի նախկին ազդեցությունը»:
Արցախյան հիմնահարցի կարգավորումն էական նշանակություն չունի նաեւ Թուրքիայի համար: Դա ընդամենը միջոց է սահմանը փակ պահելու համար: Սահմանի բացման դեպքում Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները ստիպված կլինի կարգավորել ԱՄՆ-ի հաստատած ծրագրով, ինչը, քաղաքագետի կարծիքով, բնավ էլ ցանկալի հեռանկար չէ Թուրքիայի համար: Սահմանները փակ պահող հարեւան երկիրն ունի իր ցանկություններն ու տարածաշրջանային տերություն դառնալու ձգտումները, ինչն էլ Իգոր Մուրադյանի վերլուծությամբ, հարկավոր չէ որեւէ մեկին, բացի Թուրքիայից: Դեպի Կենտրոնական Ասիա նոր ճանապարհների ուրվագծումն էլ կարող է դառնալ Թուրքիայի նկրտումների զսպման միջոց: Օբամա-Մեդվեդեւ հանդիպումից քաղաքագետը կարեւորում է երկու նախագահների միջեւ Աֆղանստանի գործողության համար Ռուսաստանի տարանցիկ ենթակառուցվածքների օգտագործման մասին ձեռք բերված համաձայնությունը: «Այդ դեպքում նվազում է Հարավային Կովկասի դերը որպես տարանցիկ երկիր: Համաձայնության իրագործման դեպքում Հարավային Կովկասը կմնա որպես պահուստային տարբերակ», նկատեց քաղաքագետը:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ