«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#125, 2009-07-07 | #126, 2009-07-08 | #127, 2009-07-09


«ԵՐԲ ԿՈՂՔ ԿՈՂՔԻ ԵՆ ԳԱԼԻՍ ԽՐԻՍՏՈՖԻԱՍՆ ՈՒ ՍԱՐԳՍՅԱՆԸ»

Կիպրոսի նախագահի այցին «հայ-հունական դավադրության» տեսանկյունից է մոտենում թուրքական թերթը

Թուրքիան բախվում է ներքին եւ արտաքին բարդ խնդիրների: Սակայն դա չի խանգարում, որ նա ուշադրության կենտրոնում պահի ինչպես Կիպրոսի Հանրապետությանը, այնպես էլ Հայաստանին: Դավադրության որոնումներով հագեցած այս ուշադրությունը պատահական չէ, այլ պայմանավորված է Կիպրոսի հիմնահարցն ու Հայաստանի հետ հարաբերությունները իբրեւ ազգային խնդիր ընկալելու Անկարայի դիրքորոշումով:

Թերեւս այդ ընկալումն է պատճառը, որ Եվրոմիության հետ անդամակցության բանակցություններ վարող Թուրքիան հրաժարվում է ճանաչել եվրոպական այս կառույցի լիիրավ անդամ Կիպրոսի Հանրապետությանը: Թեեւ նա 1991-ին ճանաչել է Հայաստանի անկախությունը, սակայն այս դեպքում էլ հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններից: Ընդ որում Կիպրոսի առջեւ նավահանգիստներն ու օդանավակայանները փակող Թուրքիան Հայաստանին էլ ենթարկում է հարատեւ շրջափակման:

Մինչդեռ 1974-ին թուրքական զորքերը օկուպացրել են Կիպրոսի հյուսիսը եւ 1983-ին օկուպացված հատվածում հռչակվել է ինքնակոչ «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը», իսկ դիվանագիտական հարաբերությունների համար Հայաստանին առաջադրվող նախապայմանները անհարիր են միջազգային պրակտիկայում: Ավելին, Կիպրոսի Հանրապետության իշխանությունների հետ բանակցությունները վարում է ինքնակոչ այս հանրապետությունը: Թերեւս դրանով էլ մասնակի օրինականացնում է իր ապօրինի գոյությունը:

Թուրքիան Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությամբ շրջափակման պայմաններում իրականացվող «մերձեցումով» էլ անուղղակի ապահովում է առաջադրած նախապայմանների օրինականացումը: Դրան, անկասկած, նպաստում են միջազգային ուժերը, ողջունելով ինչպես Հայաստան-Թուրքիա մերձեցումը, այնպես էլ հունական եւ թուրքական կողմերի տասնամյակների վաղեմություն ունեցող բանակցությունները, որոնց ընթացքը մշտապես կանխորոշում է Կիպրոսի մասնատման Անկարայի դիրքորոշումը ու այդ բանակցությունները, որպես կանոն, ձախողվում են:

Ինչ վերաբերում է Հայաստանի հետ այսպես կոչված մերձեցմանը, ակնհայտ է, որ դրանով Թուրքիան կատարել է «Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմի» միջոցով Հարավային Կովկասում թուրքական գործոնի ակտիվացումն ապահովելու, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու, ինչպես նաեւ ապրիլի 24-ին նախագահ Բարաք Օբամային «ցեղասպանություն» բառի արտասանումից զերծ պահելու առաջադրանքները:

Որքան էլ միջազգային ուժերի ճնշումները Կիպրոսում հավասարապես գործադրեն թուրքական եւ հունական, իսկ «մերձեցման» հարցում Հայաստանի ու Թուրքիայի վրա, վերջինը կարողանում է խուսափել ճնշումների բասացական հետեւանքներից: Այսպիսով դրանց թիրախն են դառնում Հայաստանն ու Կիպրոսի Հանրապետությունը: Այս հանգամանքը պայմանավորված է ոչ այնքան թուրքական դիվանագիտության ճկունությամբ, որքան Թուրքիայի նկատմամբ միջազգային ուժերի հանդուրժողականությամբ:

Դրա վառ արտահայտությունը ԵՄ-ի անդամ Կիպրոսին չճանաչող Թուրքիայի հետ բանակցություններ սկզբնավորելու եվրոպական այս կառույցի որոշումն էր: ԱՄՆ-ը խրախուսում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը: Սա նշանակում է, որ նա նույնպես անտեսում է Կիպրոսի Հանրապետության նկատմամբ Թուրքիայի դրսեւորած թշնամական քաղաքականությունը:

Հայաստան-Թուրքիա «մերձեցման» պարագայում միջազգային ուժերը գուցե չեն մոռանում թուրքական կողմից պահանջել սահմանների բացումը: Բայց եւ այնպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար կողմերի վրա ճնշում գործադրելիս ողջամտորեն շրջանցում են Հայաստանին առաջադրվող թուրքական նախապայմաններն ու շրջափակումը:

Այսպիսով նրանց ճնշումներն ակամա անդրադառնում են Հայաստանի վրա, տալով Թուրքիային միջազգային պրակտիկային անհարիր նախապայմանների եւ շրջափակման պատասխանատվությունից խուսափելու, ավելին, այս հարցերում համառելու լայն հնարավորություն: Կարելի էր թերեւս չանդրադառնալ այս ամենին, եթե «Ջումհուրիեթ» թերթը հուլիսի 7-ի համարում Կիպրոսի Հանրապետության նախագահի Հայաստան կատարած այցին չմոտենար «հայ-հունական համատեղ դավադրության» տեսանկյունից եւ դա չլուսաբաներ «Երբ կողք կողքի են գալիս Խրիստոֆիասն ու Սարգսյանը» վերնագրով:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4