Եվ ի՞նչն է հակաճգնաժամային միջոցառումներից ավելի կարեւոր
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հույսերը, թե այս տարին Հայաստանը կեզրափակի առանց տնտեսական անկման կամ փոքր տնտեսական անկմամբ, վաղուց ի դերեւ են եղել: Հունվար-մայիս ամիսներին արձանագրվեց համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 15,7 տոկոս անկում: Այդ անկումը տարվա մնացած ամիսներին, այսպես ասած, հետ բերելն, անհնար է: Խոսք կարող է լինել միայն անկման տարեկան ցուցանիշի բարելավման մասին, որպեսզի այն չգերազանցի 9-10 տոկոսը, ինչպես կանխատեսում են Համաշխարհային բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը: Ի՞նչ հիմքեր, ի՞նչ միտումներ կան, որոնք հնարավորություն կտան հուսալու, որ տնտեսական անկումն ավելի չի խորանա, եւ ի՞նչ խնդիրներ երեւան հանեց տնտեսական ճգնաժամը, որոնք, անկախ ամեն ինչից, լուծման կարիք ունեն:
Նախՙ անկման ցուցանիշի նվազման հիմքերի մասին: Դրանք նախ եւ առաջ դեպի Հայաստան հոսող մեծածավալ վարկային միջոցներն են, որոնք ստանում ենք միջազգային ֆինանսական կառույցներից, բանկերից եւ Ռուսաստանի Դաշնությունից, հայկական բանկերն էլ սեփական ջանքերով են արտերկրից վարկեր ներգրավում: Կառավարությունն արդեն որոշել է պետությանը հատկացված վարկային միջոցների բաշխման ուղղություններըՙ խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր եւ առաջին հերթին աղետի գոտու կառուցապատում, համակարգաստեղծ խոշոր, հիմնականում հանքարդյունաբերական կոմբինատների եւ փոքր ու միջին բիզնեսի վարկավորում: Բացի այդ, արդյունաբերության ոլորտում օրենսդրական բարելավումները, հարկման դաշտի մեղմացումները, պետական ուղղակի վարկավորումն ու սուբսիդավորումը (որոնք ոչ մի դեպքում չպետք է շարունակվեն հետճգնաժամային փուլում), կնպաստեն առանձին ճյուղերի զարգացմանը: Որ այս քայլերն իրենց արդյունքը տալու են, անկասկած է:
Ցուցանիշների նկատելի բարելավում կարձանագրվի արդեն հուլիսին հունիսի համեմատ: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշների բարելավումը հավանական է, որ կսկսվի նկատվել միայն հոկտեմբերից: Ինչո՞ւ հենց հոկտեմբերից: Հենց անցյալ տարվա հոկտեմբերին տնտեսական բարձրՙ երկնիշ աճը Հայաստանում սկսեց նվազել, կազմելով 9,2 տոկոս: Հետագայում մինչեւ դեկտեմբերի վերջ աճի նվազումը խորացավ եւ տարեկան տնտեսական աճը 2008-ին կազմեց 6,8 տոկոս: Այս տարվա վերջին եռամսյակում սոցիալ-տնտեսական ցուցանիշների բարելավման դեպքում, անցյալ տարվա վերջին եռամսյակի վատթարացման ֆոնի վրա, ՀՆԱ ցուցանիշի բարելավումն արդեն նկատելի կլինի:
Իսկ ի՞նչ միտումներ կան, որոնք հավանական կդարձնեն նմանատիպ զարգացումները: Դրա համար հարկ է դիտարկել այս տարվա յուրաքանչյուր ամսվա ընթացքում արձանագրվող տնտեսական ցուցանիշների տեղաշարժը: Նախ, տնտեսական կտրուկՙ ավելի քան 60 տոկոսով անկում հունվարինՙ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, հետո փոքրՙ 13 տոկոսով աճ փետրվարինՙ հունվարի համեմատ եւ 22 տոկոսով աճ մարտինՙ փետրվարի համեմատ: Սակայն կտրուկ անկմանը հաջորդած այս երկու ամիսների աճին հաջորդեց ապրիլին մայիսի նկատմամբ արձանագրված 5 տոկոսանոց անկում: Եվ վերջապես, մայիսին ապրիլի համեմատ արձանագրվեց 15,6 տոկոս աճ: Ի տարբերություն փետրվար եւ մարտ ամիսների դրական տեղաշարժի, որոնք ընդմիջվեցին ապրիլի անկմամբ, մայիսի աճը կարելի է բարելավման միտում համարել, քանի որ արձանագրվել է դեռ մինչեւ վերոնշյալ խոշոր ֆինանսական միջոցների ներհոսքը Հայաստան: Բնական է, որ դրանց մեր երկիր մտնելուց եւ տնտեսության մեջ ներդրվելուց հետո, որին կավելանա սեզոնային գործոնով պայմանավորված գյուղատնտեսության աճը, տնտեսական զարգացման տեմպը կավելանա եւ յուրաքանչյուր ամիս նախորդ ամսվա նկատմամբ աճ կարձանագրվի:
Այդուհանդերձ, ճգնաժամն ավելի ակնառու դարձրեց մեր տնտեսության հիվանդությունները, որոնք մինչ այդ գտնվում էին գաղտնի փուլում: Դրանցից գլխավորը տնտեսության ցածր դիվերսիֆիկացումն է եւ մեծ կախվածությունը մեկ ճյուղիցՙ շինարարությունից: Վերջինիս սրընթաց աճն էր հիմնականում տնտեսության ընդհանուր բարձր աճն ապահովում: Դա, իհարկե, դրական երեւույթ էր բազմաթիվ առումներովՙ նոր ենթակառուցվածքների ստեղծմամբ, մեծ թվով բարձր վարձատրվող աշխատատեղերի ապահովմամբ, շինանյութերի արդյունաբերության զարգացմամբ եւ այլն: Սակայն, դժբախտաբար, արդյունաբերության մեջ, անգամ շինարարությանն առնչվող ճյուղերում, նման թռիչքաձեւ զարգացումներ չեղան: Թերեւս բացի սննդարդյունաբերությունից, արդյունաբերության ոչ մի այլ ճյուղում գրեթե չստեղծվեցին բարձր մրցունակություն, արտադրողականություն ունեցող ընկերություններ եւ արտադրատեսակներ: Նորարարություններն ու նոր տեխնոլոգիաները կիրառումը Հայաստանում շարունակեցին մնալ ամենացածր մակարդակի վրա անգամ ԱՊՀ երկրների ցուցանիշների համեմատ: Եթե անգամ շինարարության աճի տեմպը մեզ հաջողվի վերականգնել, առանց զարգացած եւ միջազգային շուկայում կայուն տեղ զբաղեցնող հայկական արդյունաբերական արտադրանքի, անհնար է մեր տնտեսության բարձր դիմադրողականությունը տնտեսական կատակլիզմների ժամանակ եւ ընդհանրապես երկրի կայուն զարգացումը: Այստեղ բավականին լուրջ անելիքներ ունեն ինչպես տեղական արտադրողները, այնպես էլ կառավարությունը: Հարկ է նշել, որ մի շարք ճյուղերում (ոսկերչություն, թեթեւ արդյունաբերություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ) վերջին ամիսներին հարկային դաշտի մեղմացումներ կատարվեցին, որոնք պետք է որ խթանեն դրանց զարգացումը հատկապես հետճգնաժամային փուլում: Մնում է, որ այս ոլորտների ներկայացուցիչները կարողանան օգտվել ընձեռված հնարավորություններից, իսկ կառավարությունը, ավելի, քան հակաճգնաժամային միջոցառումները, մշտապես առաջնային համարի տեղական արտադրության զարգացմանն ու մրցունակության բարձրացմանն աջակցելը: