«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#125, 2009-07-07 | #126, 2009-07-08 | #127, 2009-07-09


ԻՆՉՊԵՍ ՆՊԱՍՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԵՐՔԻՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Քննարկեցին վարչապետն ու տուրօպերատորների ղեկավարները

Հայաստանում ներգնա զբոսաշրջությամբ զբաղվող տուրօպերատորների ղեկավարներին երեկ ընդունեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, քննարկելու համար «թե ինչ խնդիրներ պետք է լուծվեն, որպեսզի Հայաստանի քաղաքացիները նախընտրեն հանգիստն անցկացնել Հայաստանում կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում»: Միաժամանակ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց եւ առաջարկեց քննարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության առաջարկած տուրփաթեթըՙ զբոսաշրջիկների հանգիստը Լեռնային Ղարաբաղում անցկացնելու վերաբերյալ:

Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներից առաջինը խոսեց «Ռումեա» ընկերության ղեկավար Ռուբեն Գրիգորյանը , որի կարծիքով ԼՂՀ կառավարության առաջարկած փաթեթը մրցունակ է, բայց հարկ է լինել տեղում եւ համոզվել առաջարկվող պայմանների իսկությանը: Անդրադառնալով ներքին զբոսաշրջության զարգացման խնդիրներին, Ռուբեն Գրիգորյանը նշեց, որ շրջաններում հանգստյան տների եւ հյուրանոցների գները թանկ են: Դրանց տերերն ասում են, որ սա է իրենց գինը եւ տուրօպերատորներին հիշում են, երբ խնդիրներ են ունենում: Դա, ըստ ելույթ ունեցողի, շատ հաճախ կապված է լինում կրթական մակարդակի հետ: Հիմա արդեն այդ օբյեկտների տերերը հաճախորդների պակասի խնդիրներ ունեն:

Ռուբեն Գրիգորյանը պետության անհրաժեշտ անելիքների թվում նշեց Հայաստանի մասին պաշտոնական տեղեկագրքի պատրաստումը, որը կներկայացվի աշխարհում: Կան նման ֆիլմեր, տեսահոլովակներ, բուկլետներ եւ այլն, բայց գիրք չկա: Կա միայն լուսանկարների գիրք, որն արժե 70 հազար դրամ: Ներքին տուրիզմի զարգացմանը խոչընդոտող մեկ այլ խնդիր այն է, որ եթե ներգնաՙ արտերկրից Հայաստան եկող զբոսաշրջությունն ազատված է ավելացված արժեքի հարկից, ապա ներքին տուրիզմըՙ ոչ:

  Կարեն Անդրեասյանը , որը ներկայացնում էր «Ֆրսթ թրավել» ընկերությունը, մեկ այլ հարց բարձրացրեց: Նրա կարծիքով, Ծաղկաձորը եւ Ջերմուկը հագեցած են հյուրանոցներով եւ հանգստյան տներով: Փոխարենը դրանք գրեթե չկան Գորիսում եւ Ալավերդիում: Սանահինն ու Հաղպատը, Տաթեւը զբոսաշրջիկներին ներկայացնող ընկերությունները չեն իմանում, թե որտեղ տեղավորեն իրենց զբոսաշրջիկներին: Նա առաջարկեց խոշոր գումարներ ունեցող գործարարներին դիմել իրենց եւ խորհուրդ հարցնել, թե որտեղ հյուրանոցի պահանջարկ կա, այլ ոչ թե բոլորը կառուցել Ջերմուկում կամ Ծաղկաձորում: Միաժամանակ, Հայաստանի մարզերի համար Կարեն Անդրեասյանը օրինակելի համարեց Լեռնային Ղարաբաղի պայմանները: Ըստ նրա, Ղարաբաղում փողոցները բարեկարգ են, հյուրանոցներըՙ մաքուր, սպասարկումըՙ բարձր, գներըՙ նորմալ:

«Ավարայր թրավել» ընկերության տնօրեն Արկադի Սահակյանը հայտնեց, որ ներգնա զբոսաշրջային գործակալությունները ներկայացրել են ոլորտի զարգացմանն ուղղված 16 կետից բաղկացած առաջարկները: Իսկ «Ակվարիուս թրավելը» ներկայացնող Տիգրան Ղահրամանյանը նշեց, որ ներքին զբոսաշրջության ոլորտում Հայաստանի քաղաքացիները չեն ցանկանում օգտվել տուրօպերատորների ծառայություններից: Ստեղծվում է իրավիճակ, երբ տուրօպերատորները գովազդում են փաթեթը, իսկ քաղաքացիները զանգում են եւ ինքնուրույն մեկնում այդ հյուրանոցը կամ հանգստյան տունը:

«Սաթի տուր» ընկերության տնօրեն Մակար Առաքելյանը մարզային հյուրանոցների եւ հանգստյան տների բարձր գները պայմանավորեց նրանով, որ Հայաստանում ներքին զբոսաշրջության սեզոնը շատ կարճ էՙ 2 ամիս ամռանը եւ 20 օրՙ ձմռանը: Այդ ընթացքում բարձր պահանջարկ է ձեւավորվում եւ գներն էլ բարձր են լինում: Պետք է ձգտել ընդլայնել սեզոնը մինչեւ 4-5 ամիս ամռան շրջանում եւ 1-2 ամիսՙ ձմռանը: Նա նաեւ առաջարկեց կառավարությանը խոշոր միջոցառումներ կազմակերպելիս (համահայկական խաղեր եւ այլն) նկատի ունենալ այս հանգամանքը եւ միայն ամռանը դրանք չկազմակերպել:

Արտերկրում միջազգային ցուցահանդեսների ժամանակ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ներկայացնելիս տուրօպերատորները վճարում են ավելացված արժեքի հարկ, ինչը, ըստ «Պրինցես Մանեհ» ընկերության տնօրեն Նելլի Մալխասյանի , տարօրինակ է: Նա հայտնեց, որ իր ղեկավարած կազմակերպությունը Գերմանիայում կազմակերպված ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է Լեռնային Ղարաբաղը: Դա կտրուկ հակազդեցություն եւ գործողություններ է առաջացրել Ադրբեջանի դեսպանի կողմից: Մինչդեռ Հայաստանի դեսպանատները ոչնինչ չեն անում եւ չեն օգնում մեր ընկերություններին:

Ամփոփելով հանդիպումը, Տիգրան Սարգսյանը խոստացավ ավելացված արժեքի հարկի, ենթակառուցվածքների եւ պետության անելիքը համարվող մյուս հարցերը քննարկել եւ արդյունքների մասին տեղեկացնել: Նա միաժամանակ առաջարկեց տուրօպերատորների ներկայացուցիչներին մասնակցել երկուշաբթի օրը կազմակերպվող այցելությանը ԼՂՀ, տեղում տեսնել եւ քննարկել համագործակցության հարցերը ներկայացրած տուրփաթեթի առնչությամբ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4