«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#125, 2009-07-07 | #126, 2009-07-08 | #127, 2009-07-09


ԻՆՉՔԱ՞Ն ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ԱՂԱՆԴԻ ԲԻԶՆԵՍ-ԽՐԱԽՃԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Այս հրապարակումը նվիրում եմ իմ սիրելի սաներին` Լիպարիտին, Աննային, Անիին, Ռուզաննային, Ժակլինին եւ հոգեորսության ենթարկված բոլոր երեխաներին, հուսալով, որ մի օր նրանց համար ճշմարտությունը վեր կլինի ամեն գայթակղիչ թվացյալից:


Այնպիսի ժամանակներ են, որ հոդվածի կամ հրապարակման, ուշադրություն ակնկալող խնդիրներ բարձրացնելու եւ ցուցանելու համար երկար փնտրտուքի կարիք չունենք: Անհապաղ լուծման կարոտ խնդիրները եւ երեւույթները ոչ թե ուրիշի, երրորդ անձի, այլ յուրաքանչյուրիս բկին չոքած` խեղդում են, ինչպես անկանաչ Երեւանի օդը, երթուղային տաքսու վարորդի խայտառակ փնթիությունը, գիշերային Երեւանի վտանգավորությունը, կաշառքից խելքահան եղած առողջապահության ու անգրագիտությունից ծռմռվող կրթության ոլորտները եւ, վերջապես, ուշակորույս մարդկանց այն խումբը, որին աղանդավորներ կամ «հավատացյալներ» են կոչում: Այս մարդկանց հետ իմ կամքից անկախ, բայց պարբերաբար շփվելը ճակատագիր է դարձել, որից խույս տալն անօգուտ է թվում: Նույնիսկ ամենաանհավանական վայրում, ամենաչսպասված ձեւերով աղանդավորները շրջապատում են ինձ` հարեւանի կամ տուն մաքրողի, անկոչ «լրաբերի» տեսքով, դիմացի փողոցում սեփական տան վրա բարձրացրած ծուռ խաչի եւ գմբեթավոր տանիքի տեսքով, տրանսպորտում իրար ստիպողաբար «աղոթքի» տանող ուղեւորների տեսքով, իսկ վերջինը` աշխատավայրում հանդիպածն ուղղակի մինչ օրս շշմեցնում է ինձ:

Աղանդավորներ էին իմ 21 նախկին աշակերտներից 5-ը: Ընդգծենք, ծպտյալ աղանդավորներ, որովհետեւ ուսումնառության ինն ամիսների ընթացքում դպրոցահասակ այս երեխաները ձկան նման լուռ էին, երբ խոսում էի աղանդավորների խնդիրները լուսաբանելու իմ պրակտիկայի եւ այդ առումով չեզոք ու հավասարակշիռ լրագրողական պահվածքի մասին: Նրանք լուռ էին հենց սկզբից եւեթ, երբ հարց էր տրվում` կա՞ն իմ խմբում կրոնական նորաստեղծ կազմակերպությունների անդամներ: Ժամանակը եւ հենց նույն աղանդավոր երեխայի ծնողը պատռեցին ստի դիմակը: Աղջիկներից մեկի տարօրինակ ակտիվությամբ աչքի ընկնող հայրը` Տիգրանը, դասընթացի ավարտից հետո հեռախոսով շնորհակալություն հայտնեց ինձ երեխային լրագրություն սովորեցնելու համար եւ ասաց, որ «երեխան իր գործերի համար իրեն պետք է»: «Իր գործերը» աղանդավորական հերթական կառույցի ամրապնդումը եւ ավելին` աղանդավորական պարբերականի հրատարակումն են, որի գոյությունն այլեւս հարցականի անգամ չեմ արժանացնում, մանավանդ որ զրուցակիցս ու նրա աղջիկը պարբերաբար խոսում էին մեր տպարաններից մեկում «ընկեր» ունենալու մասին: Պակաս ուշագրավ չէր այն, որ լրագրողական համեմատաբար թույլ ունակություններ ունեցող աշակերտուհիս վստահորեն պնդում էր, որ ինքը կարող է ընդունվել ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետ` «պապան ծանոթներ ունի» հիմնավորմամբ: Վստահ եմ, որ ծանոթները չեն կարող այդքան բարձր թռչել «հովիվ պապայի ջանքերով», եւ աղջիկն առավել երեւակայում էր, քան հասկանում, որ իրեն, ցավոք, նախ հոգեբանի օգնություն, ապա նոր բարձրագույն կրթություն է հարկավոր:

Ինչեւէ: Ծպտյալ աղանդավորների փորձությունից հաղթանակած դուրս գալու մի միջոց է այս հրապարակումը, որ, շեղվելով մասնագիտական խորհուրդ չտալու կանոնից, հորդորում է ընթերցողին ուշադիր լինել անգամ դասասենյակում ու լսարանում, ուր բազմաթիվ ազնիվ աչուկներից որոշները կարող են կեղծ լինել, ճշմարտություն թաքցնել...

Ինչ վերաբերում է աղանդավորության տարածման այսօրվա չափերին, շատերի կարծիքով, հետընթաց սպասելն ուղղակի միամտություն է: Ճիշտ է, մարդիկ արդեն իսկ տեղեկացված են կրոնական բազմազանության բերած խառնաշփոթի մասին, բայց քանի որ «մարդու խղճի ազատության» մասին բարբառողները (անշուշտ, ոչ առանց ծրագիր-պատվերի ակնկալության) ավելի ակտիվանում են, հոգեորսությունն էլ որպես երեւույթ դեռ իրավաբանորեն չի ձեւակերպված եւ քրեորեն պատժելի չէ, աղանդավորական խրախճանքը դեռ երկար կշարունակվի: Խրախճանքն այդ միայն հոգեորսության, հազարավոր անդամների հավաքների եւ հոգեւոր էքստազների տեսք չունի: Այն նախ եւ առաջ բիզնես ծրագիր է` աղանդավորներից դրամահավաքություն տոպրակներով ու թասերով ամեն հավաքի ժամանակ: Այս մասին մեզ ավելի մանրամասն է պատմում 50-ամյա Դավիթը: Նա հիշեցնում է, որ այդ հավաքները կատարվում են ամեն թաղամասում, վերանորոգված ու մեծ դահլիճներում, որոնք վարձակալվում են դահլիճների պատասխանատուների համար շատ ձեռնտու գումարներով: Բացի այդ, ծեսի պարտադիր մաս է անդամների տասանորդի վճարումը: Գումարը հավաքվում է հերթականությամբ` յուրաքանչյուր անդամին փոխանցելով տարան կամ տոպրակը: «Եթե փող չես գցում, անհարմար, մի տեսակ մեղավոր ես զգում քեզ, ճնշումը միջավայրի մեջ ես զգում` բոլորը տասանորդ տվեցին, դու` ոչ, ասում է Դավիթը: Ես «Կյանքի խոսքի» հավաքներին գնում էի կնոջս ազդեցության տակ ընկած: Քանի որ կինս հոգեկան ջղաձգված վիճակում էր, հանդուրժում էի, մտածելով, որ սիրտը կհանգստանա, բայց դա ավելի բարդացրեց նրա վիճակն ու տան մթնոլորտը, քան ինչ-որ լավ բանի բերեց: Ի վերջո բաժանվեցի»: Դավիթը 24 տարիների համատեղ ամուսնությունից առավել ափսոսում է աղջկա համար, որը հրաժարվում է իրենից եւ աղանդավորական կառույցում իրեն հարմարավետ է զգում: Մյուս որդիների հետ հայրը կապ է պահպանում, ամեն օր մտածելով, թե ինչպես տղաներին զերծ պահի աղանդավորության ճիրաններից: Դավիթը խնդրեց ինձ չտպագրել իր ազգանունը, որ երեխաներին աղանդավորները չճնշեն:

Որ հայրը իր երեխաների հետագա հոգեկան առողջության համար մտահոգվելու լուրջ պատճառներ ունի, հաստատում է նաեւ «Վեմ» ռադիոկայանի նախագահ Մեսրոպ քահանա Արամյանը : «Աղանդները հոգեւոր խնդիրներ ունեցող մարդկանց տալիս են որոշակի ժամանակահատվածի համար բուժումներ: Մարդը առժամանակ թվացյալ ապաքինում է ստանում: Ինչու թվացյալ, քանի որ խոսքը գնում է ցավազրկման թմրադեղային ազդեցության մասին, բայց բավական է ցավազրկող «դեղի» ազդեցությունն անցնի, մարդը ստիպված է նորից դիմել «ցավազրկողին», «դեղի» նոր պաշար ստանալու համար: Սա վերածվում է հոգեւոր թմրամոլության»: Տեր հայրը վստահ է, որ. «Մարդու մեջ հիմնարար փոփոխություններ հավատքի առումով տեղի չեն ունենում: Շատ դյուրին է հասկանալ, թե մարդը հոգեւոր ինչ աստիճանի վրա է գտնվում: Բավական է մի դիտողություն կամ հանդիմանություն անես, աղանդավորի պատասխանը կպարզի, թե ինչ հպարտություն է քողարկում նրա առերես խոնարհությունը: Աղանդավորները քննադատություն չեն ընդունում, առհասարակ ի վիճակի չեն լսելու: Նրանք ոչ միայն ի վիճակի չեն, այլեւ պարտավոր են չլսել քեզ: Իրենք ունեն ստանդարտ պատասխաններ, որից դուրս իրենց մտավոր պաշարը չի հերիքում: «Խրթին» հարցեր ստանալու դեպքում նրանք պարտավոր են գնալ եւ առաջնորդին հարցնել: Նրանք երկար եւ հանգամանալից մտածելու, վերլուծելու, այլ աղբյուրներ կարդալու իրավունք չունեն: Տոտալիտար աղանդներում սրանք լուրջ խնդիրներ են դիտարկվում եւ այնպես է մշակված, որ մարդու մեջ ինքնուրույնության տարր ի հայտ չգա: Ի վերջո, աղանդավորական կառույց մտնելու նախապայմանը հետեւյալն է. դու վաճառում ես քո ազատությունը հանուն հոգեւոր որոշակի հարմարավետության կամ հաճույքների եւ էքստազների, որոնք դու անմիջապես ստանում ես»:

Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականների հիմնական կռվանն է մարդու հոգեւոր ազատության խնդիրը, որ պարզունակ հասկացություն չէ, դրա համար էլ աղանդավորների մեջ մեծ տոկոս են կազմում մտավորական ոչ բարձր ունակությունների տեր մարդիկ: Նրանք դյուրահավատ են եւ բավարարվում են մի քանի առերես բարեգործությունների փաստեր արձանագրելով: «Բարեգործությունը դառնում է քարոզչություն տվյալ կազմակերպության վարկանիշը բարձրացնելու համար, ասում է Մեսրոպ քահանան` բացահայտելով կրոնական կազմակերպության աշխատելաոճը: Նրանք կարող են ծխելու դեմ քարոզչություն իրականացնել կամ տարածել, թե ինչ-որ տղամարդիկ եկել են հոգեւոր երգեր երգելու, կամ զբաղվել ցանցային մարկետինգով եւ այլն: Ժամանակի ընթացքում բիզնեսը կամ անմեղ համերգը սկսում է կրոնական երանգավորում ստանալ եւ դառնալ հստակ թակարդ: Աղանդների մեջ սա հոգեորսության շատ լավ մտածված տեխնոլոգիա է: Անուղղակի կերպով մարդկանց դեպի իրենց աղանդը քաշելու թաքնված դեպքերը շատ են: Դրանցից են տարբեր բիզնես տեխնոլոգիաներ բերելը, օրինակ, խարիզմատները զբաղվում են հայտնի Mary Kay ֆիրմայի ապրանքների վաճառքով, որի մեջ ներգրավում են բավականին երիտասարդ աղջիկների (սա չի բացառում, որ կոսմետիկայի վաճառքով զբաղվում են նաեւ ոչ աղանդավորները- Ս. Մ.): Նրանց վաստակած կոնկրետ եկամուտը հավելյալ խթան է: Անգամ ոչ կրոնական թեմաներով տարբեր տեսակի դասախոսությունները, հատկապես առողջապահական թեմաներով, հետո վերածվում են հոգեորսության: Ամեն հնարավոր հնարք, այդ թվում եւ գումարային, օրենքի շրջանակում եւ նույնիսկ օրենքից դուրս, օգտագործում են մարդկանց դեպի իրենց շարժումը տանելու համար»:

  Տիգրանին կարելի է Հայաստանում աղանդավորության հիմնադիրների թվին դասել, հաշվի առնելով, որ նա 90-ականների սկզբին ընկերություն էր անում վիլնյուսցի ռուս Լյոնյայի հետ: «Քեզ ներարկում էին, որ դու շատ լուրջ գործ ես անում, շատ լավ ես դա անում եւ շատ շուտով ամեն բան շատ լավ կլինի քո կյանքում: Սա ենթագիտակցության մակարդակի վրա տարվող խաղ է: Ում բախտը բերեց, նա շատ շուտ հասկանում է, թե ուր են գնում Վիլնյուսից ու արտասահմաններից եկած փողերը, եւ դուրս է գալիս խաղից, բայց հատկապես այն երիտասարդները, որոնք որոշակի հուզական հակվածություն ունեն, կարող են «քշվել» հեռուները: Աղանդի խնդիրը կյանքից դժգոհներին հավաքագրելու եւ նրանց երջանկացնելու միֆն է: Նրանց խնդիրը մարդուց գործիք ստանալն է, նպատակը` ստեղծել սոցիալական լծակներ: Ի դեպ, այս նպատակը շատ ընդհանրություններ ունի քաղաքական կուսակցության համակարգի մեխանիզմի հետ: Ես էական տարբերություն չեմ տեսնում քաղաքական կամ կրոնական զանգվածների մեջ», ասում է նախկին աղանդավորը:

Աղանդավորական բիզնեսի գովազդի համար հայաստանցի աղանդավորները եւ հատկապես վերջին շրջանում մեծ թափ առնող «Կյանքի խոսք» կազմակերպությունն ու նրանցից շեղված նորահայտ ուղղությունները (կրոնական կազմակերպություններում տարբեր պառակտումները շատ նման են այն դեպքերին, երբ երկու ընկեր «գործ են դնում», ապա վիճում են ֆինանսական հողի վրա եւ բաժանվում` ստեղծելով նոր, անջատ կառույցներ), փութաջանորեն խոսում են ազգային ու պատմական արժեքներից: Այդ իմաստով հայտնի Արթուր Սիմոնյանի «Լուսավորչի հետքերով» խաղարկային տեսաֆիլմը գառան մորթով գայլի խաղ է հիշեցնում, որի ատամներն ու կճղակները հնարավոր չէ անտեսել, եթե հաշվի առնենք կադրում երեւացող հեղինակի կիսագրագետ հայերենն ու անտեղի պաթոսը: Ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ «ծպտյալ գայլերը» նկարահանումներ են արել Խոր Վիրապում, Սբ Հռիփսիմե եկեղեցում, խոսել են պատմաբանի եւ միանձնուհիների հետ` անշուշտ չներկայացնելով իրենց իրական կազմակերպության անունն ու հիմնական նպատակը: Լա՞վ համադրություն է «Լուսավորչի հետքերն» ու ... աղանդի սուտը: Կարելի է տեսաֆիլմի վերնագիրը փոխել եւ նկարահանել շարունակությունը ...

Այսքանը հաշվի առնելով, հարց է առաջանում` ո՞վ եւ ինչո՞վ է հակադարձում աղանդավորների, փաստորեն, անխափան գործունեությանը: Մեր իսկ համեստ դիտարկմամբ միայն Հայ արիների միաբանությունն է, որ ամեն քայլափոխի էլեկտրասյուների վրա զգուշացնում է. «Հեռո՛ւ մնացեք աղանդներից: Մի՛ լրացրեք աղանդների անասնագլխաքանակը»: Անշուշտ կոպիտ է ասված, բայց ասվա՛ծ է: Ուրեմն հայ արիները` մեկ: Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականի դիրքորոշումը լսենք Մեսրոպ քհն. Արամյանից. «Ես վիճակը չէի բնութագրի անմխիթար, թեպետ չարածի մասշտաբն ինձ անհանգստացնում է: Քանի որ միշտ կան դժգոհ, ծույլ եւ իրենց մեջ քննություն կատարելուց խուսափող մարդիկ, ենթահող կա աղանդավորական շարժումների համար: Բայց դա պետք է չանցնի որոշակի սահմաններ եւ դառնա ազգային անվտանգության խնդիր»: Մյուս կողմից էլ հոգեւորականը նշում է. «Հիմա բավականին շատ է բանիմաց հոգեւորականների քանակը: Եկեղեցու քարոզչությունն է բավականին ազդու, նաեւ մարդկանց մեծ մասի մեջ բավականին առողջ դրսեւորում կա, ժողովրդի ներքին ինքնապաշտպանական մեխանիզմներն սկսեցին աշխատել եւ որոշակի պատնեշներ դրեցին նմանօրինակ շարժումների դեմ»: Հանուն արդարության նշենք, որ Մեսրոպ քահանա Արամյանի անձնական պայքարը մեծ մասշտաբներ ունի: Նրա նախագահած «Վեմ» ռադիոկայանն ամեն օր լսում է մոտ 50 000 հայաստանցի: Սա, անշուշտ, որպես գործ չդիտարկելը կողմնապահություն կլիներ: Կարեւոր գործ է կատարում նաեւ «Շողակաթ» հեռուստաընկերությունը: «Կրոնի պատմությունը» իր հատուկ ազդեցությունը թողնում է նաեւ դպրոցներում: Իմ գործընկերների հրապարակումներն այս թեմաներով նույնպես կարեւոր են: Սակայն...

Ինչ վերաբերում է իշխանական ու հասարակական կառույցներին, հիշեմ միայն վերջին հերթական կլոր սեղան- քննարկումը, որ կազմակերպել էր շատ հարգարժան գիտակրթական կազմակերպություններից մեկը: Ներկա էին ԱԺ կրթության եւ գիտության հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ՀՀ կառավարության ազգային եւ կրոնական փոքրամասնությունների գծով վարչության պետ Վարդան Ասծատրյանը, հոգեւորականներ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից, «Քայքայիչ պաշտամունքներից տուժած քաղաքացիների պաշտպանություն» հասարակական կազմակերպության ղեկավար Ալեքսանդր Ամարյանը եւ այլք: Երբ ձայն խնդրեցի. եւ հարցրի, թե ի՞նչ պետք է անի մեզնից յուրաքանչյուրն այսօր, որ ունենանք թարմ վիճակագրություն աղանդների կազմի, թվի, տարածվածության վերաբերյալ, ի՞նչ պետք է անենք, որ դպրոցներում եւ ընտանիքներում երեխաների հոգեւոր անվտանգությունը առկա երեւույթ, ոչ թե խոսք լինի, ինչպե՞ս պաշտպանենք մեր հավատացյալ եւ ոչ հավատացյալ, աղանդավոր կամ կրոնափոխ ազգակիցներին անհանդուրժողականության ախտից, ո՞վ, ե՞րբ, որտե՞ղ եւ ինչպե՞ս պիտի համակարգի այս աշխատանքները, ներկա պետական պաշտոնյաները սրահից դուրս եկան ծխելու: Նրանց վիճակը հասկանալի է: Անշուշտ, հոգեւոր անվտանգության եւ աղանդավորության խնդիրների լուծումը սեփական աշխատանքների ցանկում նշող շատ պաշտոնյաներ չէին ցանկանա լսել նման ուղիղ հարցեր, էլ ուր մնաց պատասխաններ որոնեին դրանց համար:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4