Այսօր Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումները կանցկացնեն «Միկան» եւ «Բանանցը»: «Միկան» սեփական հարկի տակ կհյուրընկալի շվեդական «Հելսինգբորգին», որին առաջին խաղում զիջել էր 1-3 հաշվով: Խաղը սկսվելու է ժամը 6-ին: Իսկ «Բանանցը» հյուրընկալվելու է Բոսնիա-Հերցեգովինայի «Շիրոկի Բրիեգին», որին սեփական հարկի տակ պարտվել էր 0-2 հաշվով:
Ինչպես տեսնում եք, մեր երկու ակումբների առջեւ էլ պատասխան հանդիպումներում դժվարին խնդիր է ծառացած: Նրանք պետք է փորձեն վերացնել 2 գնդակի տարբերությունը: Եթե անկեղծ լինենք, ապա դժվար է հավատալ, որ «Բանանցը» կարող է մրցակցի դաշտում հաջողությամբ լուծել հաջորդ փուլի ուղեգրի նվաճման հարցը: Իսկ ահա «Միկան», հաշվի առնելով առաջին հանդիպման ժամանակ թիմի ցուցադրած բավական գրագետ խաղը, իրոք որոշակի հնարավորություններ է պահպանում հաջողությամբ լուծելու իր առջեւ դրված խնդիրը: Կարծում ենք, որ դրան պետք է նպաստի նաեւ երեւանյան շոգը, որին շվեդներն անսովոր են:
«Միկայի» գլխավոր մարզիչ Սամվել Դարբինյանը գտնում է, որ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ուշադիր լինել պաշտպանությունում եւ ագրեսիվ խաղ ցուցադրել հարձակման գծում: Նաեւ մի փոքր էլ մարզական բախտ պետք է ունենալ, որն առաջին խաղում կարծես երես էր թեքել թիմից: Մարզիչը գտնում է, որ պետք է պայքարել մինչեւ վերջ եւ փորձել լուծել խնդիրը, մանավանդ որ «Հելսինգբորգի» հնարավորություններին արդեն ծանոթ են:
Ի դեպ, մինչեւ Երեւան ժամանելը «Հելսինգբորգը» հուլիսի 5-ին առաջնության 13-րդ տուրում հյուրընկալվելիս 1-2 հաշվով զիջել է 14-րդ տեղում ընթացող «Յուրգորդենին»: 13 տուրից հետո «Հելսինգբորգը» 22 միավորով ընթանում է 4-րդ տեղում` աղյուսակը գլխավորող «Գյոթեբորգից» հետ մնալով 6 միավորով:
Նշենք, որ Սամվել Դարբինյանը եվրոգավաթներում ռեւանշի հասնելու փորձ արդեն ունի: Նա մեր մարզիչներից առաջինն էր, որի գլխավորությամբ հայկական ակումբը պատասխան խաղում կարողացավ ռեւանշի հասնել մրցակցի նկատմամբ ու մտնել հաջորդ փուլ: Դա 1995 թ. գավաթակիրների գավաթի խաղարկությունում էր: Սամվել Դարբինյանի գլխավորությամբ «Արարատն» առաջին խաղում 0-2 հաշվով զիջել էր լեհական ԳԿՍ-ին: Օգոստոսի 24-ին «Հրազդանում» կայացած պատասխան խաղում արարատցիներն իրենց գերազանց դրսեւորեցին եւ համոզիչ ռեւանշի հասան: Խաղի հիմնական ժամանակում Տիգրան Գսպեյանն ու Արամայիս Տոնոյանը 2 անգամ գրավեցին մրցակցի դարպասը, իսկ հետխաղյա 11 մ հարվածաշարում արարատցիներն ավելի դիպուկ գտնվեցին (5-4) եւ հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին: Ի դեպ, այդ խաղին մասնակցում էր «Միկայի» ներկայիս առաջատարներից մեկը` Արամ Ոսկանյանը, որը վնասվածքի պատճառով հանդես չեկավ Շվեդիայում: Նրա կարիքը պատասխան խաղում շատ է զգացվում: Մնում է հուսալ, որ «Միկան» ի զորու կլինի հաղթահարել շվեդական արգելապատնեշը:
Եվրոգավաթների վերջին երկու խաղարկություններում «Միկան» ձեռքից բաց է թողել հաջորդ փուլ մտնելու հիանալի հնարավորությունը: 2007-ին հաջողությամբ հաղթահարելով հունգարական ՄՏԿ-ի արգելքը, «Միկան» ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության 2-րդ փուլում հյուրընկալել էր «Արտմեդիային»: Սեփական հարկի տակ միկացիները մեծ առավելություն ունեին, սակայն չկարողացան վստահ հաղթանակ տոնել` բավարարվելով միայն 2-1 հաշվով: Իսկ հյուրընկալվելիս «Միկան» պարտվեց (0-2) եւ դուրս մնաց հետագա պայքարից: Անցած տարի էլ Ինտերտոտոյի գավաթի մրցաշարի առաջին խաղում «Միկան» սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթում էր «Տիրասպոլին», սակայն ընդմիջումից հետո առավելությունը ձեռքից բաց թողեց եւ մրցակիցը վերականգնեց հավասարակշռությունը: Իսկ պատասխան խաղում դարպասները մնացին անառիկ եւ «Միկան» կրկին դուրս մնաց մրցաշարից:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ