Երեկ Կովկասի ինստիտուտը, գերմանական «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամի օժանդակությամբ, Ստեփանակերտում կազմակերպել էր կոնֆերանս «Ղարաբաղյան հակամարտություն. նոր իրողություններ» թեմայով:
Ինչպես միջոցառման սկզբում նշեց նախաձեռնության հեղինակ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, կոնֆերանսը Ստեփանակերտում անցկացնելը նպատակ ուներ ղարաբաղյան խնդրի քննարկումները ոչ թե արտերկրում, այլ հենց տեղում անցկացնել: Իսկ «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամի Հարավային Կովկասի բյուրոյի ղեկավար Իրիս Քեմպեն նշեց, որ իրենց համար կարեւոր են տեղական փորձագետների տեսակետները հակամարտության վերաբերյալ:
Զեկուցումները տարաթեմա էին: Ռազմավարական եւ ազգային ուսումնասիրությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի զեկուցման թեման, օրինակ, ղարաբաղյան հակամարտությունում փոփոխվող իրողությունների ու արտաքին գործոնների ներգրավման մասին էր: Ըստ բանախոսի, չպիտի թույլ տալ, որ քաղաքական խնդիրները ռազմական լուծում ունենան: Այս համատեքստում նա շեշտեց Ադրբեջանի` տարածաշրջանում ռազմական գործոն դառնալու մղումը: Սակայն, նշեց Ռ. Կիրակոսյանը, հարեւան երկրում անհնար է ռազմական ոլորտում արդյունավետ բարեփոխումներ իրականացնել, քանի դեռ այդ երկրի ռազմական գերատեսչության ղեկավարը շարունակում է պաշտոնավարել: Որպես ամերիկացի իր տեսակետն արտահայտելով` բանախոսն ասաց, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի շահերից է բխում ղարաբաղյան կոնֆլիկտում ստատուս քվոյի պահպանումը: Անդրադառնալով Եվրոմիության Արեւելյան գործընկերության ծրագրին, նա նշեց, որ այդ ծրագիրը դատապարտված է ձախողման, քանի որ ստույգ պարագայում Ռուսաստանը թույլ չի տա Հայաստանին ավելի ծավալվել գործընկերության մեջ:
Ռիչարդ Կիրակոսյանի այս տեսակետը չէր ընդունում Իրիս Քեմպեն: «Հարավային Կովկասի եվրոինտեգրման նոր հեռանկարները եւ ազդեցությունը տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործում» թեմայով նրա զեկուցումը հիմնականում նվիրված էր ԵՄ աճող դերին: Հարավային Կովկասում հակամարտությունների լուծման լավագույն տարբերակը, ըստ Ի. Քեմպեի, Ադրբեջանի, Հայաստանի ու Վրաստանի անդամակցությունն է Եվրոմիությանը: Գաղափարը խելացնոր է թվում, սակայն չպիտի բացառել դրա հնարավորությունը, գտնում է «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամի Հարավային Կովկասի բյուրոյի ղեկավարը:
Թբիլիսիի պետական համալսարանի դասախոս, «Ռեզոնանս» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ Մալխաս Գագուան , ելնելով Վրաստանի փորձից, համեմատական վերլուծություններ կատարեց Հարավային Կովկասի հակամարտությունների առնչությամբ, իսկ ԼՂ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով հասարակական խորհրդի ղեկավար Մասիս Մայիլյանն ու ստեփանակերտցի փորձագետ Հրաչյա Արզումանյանն անդրադարձան ղարաբաղյան հիմնախնդրի հեռանկարներին: Մասիս Մայիլյանը, մասնավորապես, փորձագիտական գնահատականներ ներկայացրեց Ղարաբաղում քաղաքացիական հասարակության մոտեցումների շուրջը:
Հնչեցին նաեւ զեկուցումներ` նվիրված տարածաշրջանային անվտանգության ռազմական ռիսկերին ու էթնոքաղաքական զարգացումներին:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ