Հայաստանում կարող է եւ պետք է գործի միջազգային գիտական կենտրոն, որը միմյանց կկապի քրիստոնեական եւ իսլամական աշխարհը: Այսօր մեկնարկած «Թյուրքական աշխարհ, Կովկաս եւ Իրան. քաղաքակրթությունների փոխներգործության խաչմերուկ» խորագրով գիտաժողովի կազմակերպիչները վստահ են, որ գաղափարն իրագործելի է եւ ավելինՙ ուշացած: «Թյուրքական աշխարհ ասելով մենք հասկանում ենք ոչ միայն Թուրքիան եւ Ադրբեջանը: Ղազախստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Իրանը, ինչու ոչՙ Թաթարստանը ներկայացնում են թյուրքական աշխարհը, որոնց հետ մենք կարող ենք կապեր հաստատել եւ դառնալ կապող օղակ: Մեր իշխանությունները շարունակ խոսում են հայ ժողովրդի մտավոր պոտենցիալի մասին, սա հենց այն դեպքն է, երբ հարկավոր է օգտագործել այդ պոտենցիալը: Բարեհաջող է նաեւ մեր երկրի աշխարհագրական դիրքը», «Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանը :
Գիտաժողովը, որը կանցկացվի մինչեւ հուլիսի 12-ը, իր շուրջն է համախմբել 21 երկրի 100 մասնակցի: Երկու մշակույթների միջեւ կապող օղակ դառնալու ճանապարհին գիտաժողովն էական քայլ է, կարծում է «Պարթեւ» հայ-թուրքմենական համագործակցության կենտրոնի ղեկավար Մհեր Գյուլումյանը : «Անգամ մեր գործընկերներից շատերը թերահավատորեն էին վերաբերվում այդ գաղափարին` ասելով, որ ի՞նչ է, ընկերությո՞ւն եք ուզում անել թուրքերի հետ: Սակայն թյուրքական աշխարհը չի սկսվում եւ ավարտվում միայն Թուրքիայով եւ Ադրբեջանով: Ժամանակ պահանջվեց հենց մեր գործընկերների շրջանում այդ կարծրատիպը կոտրելու համար: Թյուրքական աշխարհի հետ համագործակցությամբ մենք կարող ենք նախապայմաններ ստեղծել նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ համագործակցության համար», ասաց Մհեր Գյուլումյանը:
Ադրբեջանի գիտնականների հետ համագործակցության փորձ եղել է, սակայն գիտաժողովին նրանք չեն մասնակցի: Փոխարենը գիտնականներ են այցելել Թուրքիայից, Կենտրոնական Ասիայից, Եվրոպայից եւ ԱՄՆ-ից: Գիտնականների աշխատանքի արդյունքները կամփոփվեն եւ կհրապարակվեն մի քանի լեզուներով: Գիտաժողովը կազմակերպել են «Իրան եւ Կովկաս» պարբերականը, Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը, «Սոցիոմետր» կենտրոնը, ARMACAD-ը, Իրանալեզու հանրույթների ուսումնասիրության միջազգային ընկերակցությունը եւ «Պարթեւ» հայ-թուրքմենական համագործակցության կենտրոնը: Կազմակերպիչները նախատեսվում են նմանատիպ գիտաժողովներ անցկացնել 2 տարին մեկ անգամ:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ