Պետական ծառայողը պարգեւավճար կստանա կամ կազատվի աշխատանքից ըստ կատարած աշխատանքի արդյունավետության
Կառավարությունն ավարտել է 16 նախարարությունների եւ պետական եկամուտների կոմիտեի կիսամյակային հաշվետվությունների ընդունումը, որոնք, ինչպես կառավարության նիստի ժամանակ հայտնեց վարչապետ Տիգրան Սարգսյանը , այս անգամ կազմվել են նոր մեթոդաբանությամբ: Այդ մեթոդաբանության մանրամասները լրագրողներին ներկայացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը :
Ըստ կառավարության աշխատակազմի ղեկավարի, նոր մեթոդաբանությունը մշակվում է արդեն մեկ տարի, որի անհրաժեշտությունն այն է, որ նախարարությունների հաշվետվություններն ընդունելիս հնարավոր չի լինում գնահատել այդ մարմինների աշխատանքի արդյունավետությունը: Փորձնական այս կարգով նախարարությունների յուրաքանչյուր վարչության պետի, բաժնի պետի, աշխատակցի մակարդակով մշակվել է տարեկան ծրագիր, որտեղ նշվում է, թե ինչ ժամկետում նրանցից յուրաքանչյուրը պետք է կատարի համապատասխան միջոցառումները, ինչ ռեսուրսներ են անհրաժեշտ դրա համար: Գնահատականը տրվում է կիսամյակային եւ տարեկան կտրվածքով: Գնահատման հիմքում դրվում է երկու չափորոշիչՙ ժամկետ եւ որակ: Ժամկետի առումով բարդություն չկա: Պետք է ստուգվիՙ կատարվե՞լ է այդ ժամկետում աշխատանքը, թե՞ ոչ: Մինչդեռ այլ է խնդիրը որակի առումով: Ինչպես հայտնեց Դավիթ Սարգսյանը, պետք է ստեղծվեն չափորոշիչներ եւ հստակ ձեւակերպվեն խնդիրները: Գնահատման հիման վրա էլ որոշվելու է տվյալ աշխատակցի վարձատրությունը:
Միաժամանակ, նախարարությունների աշխատանքի գնահատման նոր մեթոդաբանությամբ երեւում է, թե ո՞ր ստորաբաժանումներն են գերբեռնված աշխատում, որըՙ թերբեռնված: Կամՙ ո՞ր ֆունկցիաներն են անհրաժեշտ իրականացնել եւ որոնց կարիքը չկա:
Խոսելով գնահատման որոշ արդյունքների մասին, կառավարության աշխատակազմի ղեկավարը հայտնեց, որ հանդիպել են դեպքեր, երբ աշխատակիցը հաջողությամբ անցել է քաղծառայության ատեստավորումը, բայց աշխատանքի արդյունավետության կատարման ցածր գնահատական է ստացել եւ ընդհակառակը: Այսինքն, դեռեւս կան ճշտման կարիք ունեցող խնդիրներ: Այդուհանդերձ, աշխատակցի գնահատականը նրա ղեկավարները տալու են ոչ թե զգացմունքային մոտեցումներով, այլ ըստ կոնկրետ արդյունքների: Սահմանվելու են նաեւ վարքագծային թեստերՙ պարզելու աշխատակցին գնահատելիս ղեկավարի մոտիվացիան:
Դավիթ Սարգսյանը տեղեկացրեց, որ նախարարությունների կատարած կիսամյակային աշխատանքների միջին գնահատականը եղել է 90 տոկոս: Եղել են նախարարություններ, որոնք ունեցել են 90 տոկոսից ավելի ցուցանիշ, եւ այնպիսիք, որոնք ունեցել են 75-80 տոկոս ցուցանիշ:
«Ազգի» հարցն այն էր, թե ի՞նչ է լինելու այն աշխատակցի հետ, որը քաղծառայության ատեստավորումը հաջողությամբ անցել է, բայց ցույց է տվել կատարած աշխատանքի ցածր արդյունավետություն: Պատասխանելով այս հարցին, կառավարության աշխատակազմի ղեկավարը հիշեցրեց, որ այս ծրագիրը փորձնական է եւ վերջնականում նախատեսվում են այս հարցի կապակցությամբ հետեւյալ մոտեցումները սահամանելՙ 85 տոկոս եւ ավելի կատարողական ցույց տված աշխատակիցը պարգեւատրման իրավունք կստանա, 80-85 տոկոս ցուցանիշ ցույց տված աշխատակիցը չի պարգեւատրվի եւ կշարունակի աշխատել նույն աշխատավարձով, իսկ 80 տոկոսից ցածր արդյունավետությամբ աշխատողների համար հարց է բարձրացվելու տեղափոխել ավելի ցածր պաշտոնի կամ ազատել աշխատանքից:
Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ այս համակարգը պետական գերատեսչություններում ներդրվելու է երեք տարվա ընթացքում եւ ապագայում բյուջեի պլանավորումը ըստ նախարարությունների հիմնված է լինելու այս մեթոդաբանության վրա:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Բյուջետային երաշխիք 5-րդ կառուցապատող ընկերությանը
Կառավարության երեկվա նիստում որոշվեց բյուջետային երաշխիք տրամադրել «Վահե Հարությունյան» ընկերությանը` Երեւանի Կենտրոն վարչական տարածքում, Հանրապետության 51-53 հասցեում կառուցվող շինության կառուցապատումն ավարտին հասցնելու համար: Հիշեցնենք, որ այդպիսի երաշխքիներ տրամադրվել էին եւս 4 կառուցապատողների: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ բյուջետային երաշխիքներ տրամադրելու համար սահմանված են բավականին խիստ պահանջներ: Դրանք հատկացնելու դեպքում կառավարությունը վճարում է գրավադրվող գույքի 30 տոկոսի չափով, իսկ գումարները տրամադրվում են միայն պատրաստվածության բավականին բարձր աստիճան ունեցող կառույցների շինարարությունն ավարտին հասցնելու համար:
Ա. Մ.