Ալիկ Արզումանյանը, որ նոր է ազատվել բանտից, երեկ «Իրավունք դե ֆակտո» ակումբի հյուրն էր եւ ազատության մեջ հայտնվելուց հետո առաջին անգամ էր հանդիպում լրագրողներին եւ իր տեսակետն էր ներկայացնում Հայաստանի վերջին մեկուկես տարվա իրավիճակի մասին. «Փետրվարի 19-ին Հայաստանում եղավ քաղաքական ճգնաժամ, որի լուծումը իշխանությունները տեսան մարտի 1-ի սպանդի իրականացմամբ, որից հետո Հայաստանը հայտնվել է քաղաքակրթական ճգնաժամի մեջ»:
Նրա խոսքով, չի փակվել նաեւ մարտի 1-ի էջը: Ալիկ Արզումանյանն ասում է, որ մարտի 1-ի էջը կփակվի միայն այն ժամանակ, երբ բացահայտվեն եւ պատասխանատվություն կրեն այդ օրը կատարված սպանդի իրական մեղավորները, հրաման տվողներն ու կատարողները:
Անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ, երիտասարդ Տիգրան Առաքելյանի ձերբակալությանը` Ալիկ Արզումանյանը նշեց. «Ինչ է կատարվել: Երիտասարդները իրազեկման իրենց օրինական իրավունքն իրականացնելիս, հարձակվել է խուլիգանների մի խումբ, որոնք ոչ ներկայացել են որպես ոստիկան, ոչ ներկայացել են որպես իրավապահ մարմին: Ծեծել են երիտասարդներին, ընդ որում զենք են հանել, զենքով խփել են երիտասարդներից մեկի գլխին, այդ խուլիգանությունն իրականացնելուց հետո այդ նույն երիտասարդներին բերման են ենթարկել եւ քրեական գործ են հարուցել ինչ-որ զավեշտալի, անհեթեթ հոդվածով»:
Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի մասին խոսելիս Հայաստանի նախկին արտգործնախարարը փաստեց, որ միջազգային մամուլը հեղեղված է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների մտահոգիչ հայտարարություններով, իսկ Հայաստանից չկա համարժեք պատասխան. «Հայաստանյան կողմը լռում է, միջնորդներն ասում են ընդհանուր ֆրազներ` «հնարավորության պատուհան», «հերթական ոսկե հնարավորություն» եւ այլն: Ադրբեջանը տալիս է իր պատկերացրած լուծման եղանակը, հայկական կողմը ձայն չի հանում, իսկ Լեռնային Ղարաբաղը` տպավորություն է, որ խոսքը Կիպրոսի Հանրապետության մասին է: Մտահոգիչ է նաեւ ինչ-ինչ պատճառաբանությամբ Լեռնային Ղարաբաղ չայցելելը նախագահողների կողմից: Վերջին 17 տարիների ընթացքում, ինչ գործում է Մինսկի խումբը, հա, 15, սա միակ տարին է, որ ընդամենը 6 ամիս է անցել եւ 3 անգամ եղանակը բարենպաստ չի եղել Ղարաբաղ գնալու համար: Տարօրինակ զուգադիպություն է, որ 15 տարի այդքան վատ եղանակ չի եղել»:
Նրա խոսքով, կա Հայաստանին կարգավորում պարտադրելու ծրագիր, որը եթե ինչ-ինչ պատճառով չստացվի, կարող է գործի դրվել ռազմական ճանապարհով կարգավորման տարբերակը, ինչն ունի միջազգային շատ այլ նախադեպեր, երբ պատերազմով են խաղաղություն պարտադրում: Այդ մասին Ալիկ Արզումանյանը խոսել է ի պատասխան հարցի, թե գուցե չարժե ուշադրություն դարձնել ադրբեջանական հայտարարություններին:
Lրագրողները Արզումանյանին խնդրեցին գնահատել ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի գործունեության հայտնի միջադեպն ու դրան Հայաստանում տված «դավաճանություն» որակումը:
Ալիկ Արզումանյանը հպարտ է, որ Հայաստանն ունի Զարուհի Փոստանջյանի պես քաղաքացի, որն իր հասուն կյանքը նվիրել է իրավունքների ու ազատությունների համար պայքարին, որ Հայաստանում չլինեն քաղբանտարկյալներ: «Հայրենասիրությունը որպես մահակ օգտագործող այս կամ այն քաղաքական գործիչը նախ պետք է իր կենսագրությամբ, իր քայլերով ապացուցի, որ ինքը մտածում է Հայաստանի մասին, ոչ թե մտածում է ինչ-որ մեկին սպասարկելու եւ մի քանի քաղբանտարկյալի ինչ-որ մեկի վրեժխնդրության պատճառով 2-3 տարի ավելի բանտերում պահելու համար: Զարուհի Փոստանջյանը կատարել է իր քաղաքացիական պարտքը, կատարել է պրոֆեսիոնալ աշխատանք, դիմել է բոլոր այն պատգամավորներին, որոնք... Նույն տրամաբանությամբ խոսելիս պետք է ասել` Հայաստանը պետք է չընդունի մարդու իրավունքների միջազգային կոնվենցիան, քանի որ դրա տակ ստորագրել է նաեւ Ադրբեջանը կամ Թուրքիան: Սա աբսուրդ եւ հիվանդ մոտեցում է»:
Ն. Մ.