Նվիրված հայ երգիծանկարչությանը
Մեր թերթը սովորություն չունի անդրադառնալու թեկնածուական կամ դոկտորական ատենախոսություններինՙ նախքան հրատարակվելը, առավել եւսՙ նախքան պաշտպանությունը: Բացառություն պետք է լինի երիտասարդ արվեստաբան Արսեն Թորոսյանի թեկնածուական ատենախոսությունը «19-րդ դարի երկրորդ կեսի եւ 20-րդ դարի առաջին տասնամյակի հայ երգիծանկարչությունը» թեմայով: Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի ասպիրանտ Արսեն Թորոսյանը ձեռնամուխ է եղել իսկապես բացառիկ մի թեմայի, որը մեր իրականության մեջ քիչ ուշադրության է արժանացել ցարդ: Բանասերներն ու մամուլի պատմության մասնագետները դրան անդրադարձել են մասնակիՙ մեր երգիծական թերթերի ու ժանրերի մասին գրելու ընթացքում: Այնինչ երգիծանկարչությունը կամ ծաղրանկարչությունը կայուն եւ հստակ ավանդներ է ունեցել հայ լրագրության մեջ եւ բազմաթիվ հեղինակություններ ենք ունեցել այդ ասպարեզում, որոնցից Ալեքսանդր Սարուխանը, Չիք Դամադյանը, Տիրան Աճեմյանը, Մասիս Արարատյանը եւ մի քանի ուրիշներ մեծ ճանաչում են գտել նաեւ միջազգային մամուլում:
Իր գիտական ղեկավարՙ արվեստաբան, բանասեր ու պատմաբան պրոֆ. Լեւոն Չուքասզյանի ղեկավարությամբ Արսեն Թորոսյանը լուրջ ակնարկով ընդգրկել է նշված ժամանակահատվածում հայ երգիծանկարչության ու երգիծանքի պատմությունը, եվրոպական գաղթօջախներում ծնունդ առած հայկական երգիծանկարչության եւ դրա միջոցով Հայկական հարցի արտացոլման առանձնահատկությունները: Այնուհետեւ «Ապտակ», «Հնչակ» եւ այլ պարբերականների որդեգրած քաղաքական-ազգային ուղղությունների համատեքստում գիտական քննության է ենթարկել երգիծանկարների թեմատիկ ընդգրկումները, զուգահեռաբար, որպես համեմատության եզր, անդրադառնալով արտասահմանյան մամուլում Հայկական հարցի երգիծանկարային դրսեւորումներին:
Հեղինակը կատարել է, բացի ժամանակագրական շրջանաբաժանումներից, հայ երգիծանկարչության աշխարհագրական բաժանումներՙ Պոլիս, Թիֆլիս եւ այլ գաղթօջախներ, եւ առանձին-առանձին անդրադարձել է «Մեղու», «Մշակ», «Թատրոն», «Սափրիչ», «Կառափնատ», «Խարազան», «Խաթաբալա», «Հայելի» եւ այլ պարբերականներում լույս տեսած երգիծանկարներին, հեղինակներին, վեր հանել դրանց գծապատկերային, գրաֆիկական եւ մյուս առանձնահատկությունները, փորձ է արել ստեղծելու դրանց արվեստային ծագումնաբանությունը եւ համեմատել օտար արվեստակիցների աշխատանքների հետ:
Անշուշտ, աշխատությունն ունի թերություններ, որոնցից առաջին հերթին պետք է նշել շարադրանքիՙ տեղ-տեղ գլուխ ցցող անհարթություններն ու գիտական տերմինների անհարկի առատ գործածությունը: Այսուհանդերձ, կարծում եմ, որ աշխատության վերամշակումից ու լրամշակումից հետո հետագայում մենք կունենանք հայկական հարուստ երգիծանկարչությանը նվիրված հիմնարար առաջին գործը:
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ