«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#127, 2009-07-09 | #128, 2009-07-10 | #129, 2009-07-11


ՍԻՐԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԲԱՇԱՐ ԱՍԱԴԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆ

Որքան էլ տարօրինակ թվա, այցին չեն արձագանքել նույնիսկ թուրքական թերթերը

Հուլիսի 8-ին Ադրբեջան է այցելել Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Մինչ այդՙ հունիսի 17-18-ը նա պետական այցով եղել էր Հայաստանում: Ելնելով այս երկու այցերի հաջորդականությունից, կարելի էր ենթադրել, որ նախագահ Ասադը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հավասարակշռություն պահպանելու նպատակով է ուղեւորվել Բաքու: Սակայն Հարավային Կովկասում Սիրիան ակտիվ դերակատարություն չունի: Բացի այդ, չհաշված ադրբեջանական լրատվամիջոցներին, նախագահ Ասադի Ադրբեջան այցելությանը չեն արձագանքել նույնիսկ թուրքական թերթերը, ինչը միանգամայն տարօրինակ է:

Ինչ վերաբերում է թուրքական հանրային հեռուստատեսությանը, ապա այս լրատվամիջոցն էլ, փոխանակ այցը լուսաբանելու, նշում է, որ Սիրիայի եւ Ադրբեջանի նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը եւ մեկ նախադասությամբ, այն էլՙ հուլիսի 9-ին միայն ընդգծում. «Նախագահ Բաշար Ասադն ասաց, որ Ղարաբաղի հարցում Ադրբեջանի թեզերը համապատասխանում են միջազգային իրավունքի նորմերին»:

Ինչո՞վ պայմանավորել նախագահ Ասադի Ադրբեջան այցելության մասին թուրքական թերթերի քար լռությունը կամ Իլհամ Ալիեւի հետ նրա հանդիպման հանգեցումը սոսկ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի քննարկմանը, ինչպես թուրքական հանրային հեռուստատեսությունն է անում: Հարցին դժվար է միանշանակ պատասխանել: Բայց որ Բաշար Ասադի այցը չէր կարող դժգոհություն առաջ բերել Անկարայում, կասկած չի հարուցում: Դրա գրավականը թերեւս Սիրիայի հետ Թուրքիայի մերձեցումն է:

Այս դեպքում արդեն մնում է ենթադրել, որ Սիրիայի նախագահը Ադրբեջան է ուղեւորվել տեղի տալով Անկարայի ներշնչանքին, կամ էլ Ղարաբաղի նկատմամբ Բաշար Ասադի դիրքորոշումը Ալիեւի հետ հանդիպմանը չի բավարարել թուրքական շրջանակներին: Կա նաեւ մեկ այլ հանգամանք: Դա Սիրիայի ռուսական կողմնորոշումն է եւ ռազմավարական բնագավառում նրա համագործակցությունը Իրանի հետ:

Համենայն դեպս, նախագահ Ասադի հետ հանդիպման ավարտին Ադրբեջանի նախագահ Ալիեւը հայտարարություն է արել մամուլին: Նա, day.az-ի վկայությամբ, ընդգծել է Սիրիայի հետ հարաբերությունների կարեւորությունը, հիշեցրել է, որ անցյալ տարվանից Սիրիայում գործում է Ադրբեջանի դեսպանությունը, անդրադարձել է Սիրիա-Ադրբեջան համագործակցության հեռանկարներին, ապա եւ ավելացրել. «Ես պարոն նախագահին ներկայացրի տարածաշրջանի հայ-ադրբեջանական եւ ղարաբաղյան հակամարտություններով պայմանավորված իրավիճակի մասին իմ տեսակետները: Ինչպես գիտեք, տարիներ ի վեր, ադրբեջանական հողերը օկուպացված վիճակում են: Թեեւ զինադադարը հաստատվել է ավելի քան 15 տարի առաջ, սակայն հիմնահարցը դեռեւս լուծված չէ»:

Պատասխան ելույթում նախագահ Ասադն անդրադարձել է Իսրայելի հետ ծավալվող բանակցություններին եւ պաղեստինա-իսրայելական հակամարտությանն առնչվող խնդիրներին, նշել է օկուպացված բոլոր տարածքների, մասնավորապես Գոլանի բարձունքների ազատման անհրաժեշտության մասին: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, ապա նա, ըստ day.az-ի, ասել է. «Այս հարցում Ադրբեջանի դիրքորոշումը հենվում է միջազգային իրավունքի վրա: Որքան շուտ կարգավորվի հակամարտությունը, այնքան լավ: Այլապես դա ստանում է խրոնիկ հիվանդության բնույթ: Հակամարտության կարգավորման գործընթացում Սիրիան կարող է մեծ դեր կատարել, որովհետեւ շատ լավ հարաբերություններ ունի ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական կողմերի հետ: Սիրիան կարող է նպաստել հարցի կարգավորմանը»:

Ըստ երեւույթին, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մամուլի համատեղ ասուլիսից հետո Իլհամ Ալիեւը AzTV-ի էկրանից հանդիպման արդյունքներն ամփոփելիս, հարկ է համարել վերստին անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին: Նա Հայաստանին մեղադրել է ադրբեջանցիների նկատմամբ էթնիկ զտում իրականացնելու եւ ադրբեջանական տարածքներն օկուպացնելու մեջ, ապա եւ եզրակացրել. «Պետք է վերջ գտնի այս ագրեսիան եւ վերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ինչ վերաբերում է հայկական կողմի ժողովուրդների ինքնորոշման թեզերին, ապա հայ ժողովուրդն արդեն ինքնորոշված է: Հայաստանը դարձել է անկախ պետություն եւ այդ հարցը (Լեռնային Ղարաբաղի) կարող է լուծվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքով միայն»:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4