2003-2006 թթ. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը ԵԽԽՎ բանաձեւերի ընդունումը երկրի խնդիրների լուծում չի համարում, այլ առկա հիմնահարցերի ամրագրում: «Տեսակետ» ակումբում խոսելով 1677 բանաձեւի մասինՙ ԱԺ անկախ պատգամավորը նշեց, որ բանաձեւին «մեկ քայլ առաջ» ձեւակերպում տալը տարօրինակ է, կարեւորը համարժեք մոտեցում ցուցաբերելն է եւ պահանջների իրագործումը: «Նախկինում ընդունված որեւէ բանաձեւ լիարժեք չի կատարվել: Հայաստանը որպես ԵԽԽՎ անդամ պարտավոր է իրականացնել բանաձեւերում ամրագրված կետերը քաղաքական ճգնաժամի հաղթահարման համար», ասաց Տիգրան Թորոսյանը: Իսկ երկրի անհաջողությունների հիմնական պատճառը եւ թերությունը ԱԺ նախկին նախագահը համարում է «քայքայվող եւ դեգրադացվող բազմակուսակցական համակարգը»: «Կուսակցությունների որակից է կախված, թե ինչպիսին են լինելու լուծումները: Այս համակարգում լուրջ տեղաշարժեր չկան, խնդիրը լուծելու համար հարկավոր են ունակ քաղաքական ուժեր: Երկրին նոր որակի քաղաքական ուժեր են պետք: Ամենամեծ ճգնաժամը բազմակուսակցական համակարգի ճգնաժամն է», նկատեց Տիգրան Թորոսյանը: «Ազատական գաղափարախոսություն ունեցող կուսակցությունը, իրականում, կոմունիստական հայացքներին է հետեւում, սոցիալիստականը պաշտպանում է ծայրահեղ ազատականներին»: Կոնկրետ անուններ Տիգրան Թորոսյանը առաջարկում է չփնտրել, սա ընդամենը Հայաստանի քաղաքական դաշտի նկարագրությունն է:
Համաներում հայտարարելն էլ, Տիգրան Թորոսյանի կարծիքով, չթուլացրեց ներքաղաքական ճգնաժամը: «Համաներումը չունեցավ այն արդյունքը, որն ակնկալվում էր», կարծում է պատգամավորը, «Համաներումն ուներ լուրջ թերություններ: Ցանկացած որոշում պետք է ունենա իր սկզբունքները: Այստեղ սկզբունքներն ու մոտեցումներն աղճատված էին»:
ԱԺ նախկին նախագահը Հայաստանում «մեկ այլ լուրջ հիվանդություն էլ է» դիտարկում: «Իշխանության մեջ գտնվող կուսակցությունները հայտարարում են, որ ընդդիմադիր կուսակցությունները թույլ են, ընդդիմությունն էլ նույնն է հայտարարում իշխանության մասին: Իրականությունը, սակայն, այլ է: Ընդդիմությունն ու իշխանությունը մեկ համակարգում են եւ իրար են կապված հաղորդակից անոթներով», ասաց Տիգրան Թորոսյանը:
Աժ պատգամավորը դրական երեւույթներ էլ է նկատում: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի համանախագահներին ներկայացրած առաջարկությունը` Ղարաբաղն ընդգրկել բանակցություններում որպես բանակցային կողմ, Տիգրան Թորոսյանը համարում է դրական, բայց երկչոտ քայլ:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ