25 մլն դոլար վարկ` կրթության որակը բարելավելու նպատակով
Խորհրդարանը երեկ գումարեց արտահերթ նստաշրջան: Պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին Աժ նախորդ նիստերում քննարկված` հանրակրթությանը վերաբերող փաթեթը երկրորդ ընթերցմամբ:
«Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ ստորագրված «Կրթության որակի եւ համապատասխանության երկրորդ ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրով նախատեսվում է 17 մլն հատուկ փոխառության իրավունքին համարժեք գումարի (25 մլն ԱՄՆ դոլար) վարկ տրամադրել Հայաստանին: Գումարները ծախսվելու են երկու ուղղություններով` միջնակարգ կրթության որակը բարելավելու եւ բոլոնյան գործընթացի համատեքստում բարձրագույն, նաեւ` միջին մասնագիտական կրթության բարեփոխումներին աջակցելու նպատակով: Նախարար Արմեն Աշոտյանի գնահատմամբ` այս վարկային ծրագիրը կնպաստի ոչ միայն կրթության որակի բարելավմանը, այլեւ կրթության մատչելիությանը. նախատեսվում է ծրագրի շրջանակներում ուսման վարկեր հատկացնել անապահով ընտանիքների ուսանողներին: Աշոտյանը նշեց, որ վարկային այդ ծրագրի շրջանակներում աշխատանքներ են տարվելու երեխաների նախադպրոցական պատրաստվածությունը մեծացնելու ուղղությամբ: Նշված ծրագրերը կիրականացվեն կառավարության կողմից 20 տոկոս համաֆինանսավորմամբ:
Ծրագրի քննարկման ընթացքում ԱԺ դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ կրթական համակարգը վաղուց արդեն որակ չի ապահովում եւ արտասահմանից եկող ուսանողների թիվը նվազում է: Նրա խոսքերով, ստեղծված այն տպավորությունը, թե Հայաստանում ապահովվում է բարձրորակ կրթություն, այդպես չէ. «Ինչի՞ համար է, որ մեր ուսանողը փորձում է ստանալ գիտելիքներ: Նրանց 80 տոկոսը, եթե հարցնեք, չգիտեն իրենց ապագան: Այսինքն, ի սկզբանե խզված է կապը մասնագիտական կողմնորոշման եւ կրթության միջեւ: Կրթական հաստատությունները իրենց ուսանողական կազմը համալրելիս հաշվի չեն առնում` երբ այս կամ այն անձը ավարտեց, ի վիճակի՞ է անցնելու աշխատանքի»:
«Առաջին վարկային ծրագիրը, որի գործունեության ժամկետն ավարտվում է այս աշնանը, թույլ տվեց Հայաստանի կրթության համակարգում իրականացնել լայնածավալ բարեփոխումներ, ներմուծել ինստիտուցիոնալ նոր համակարգ եւ մեծ քայլ կատարել դեպի եվրոպական միջազգային կրթական համընդհանուր տարածք», նշեց Աշոտյանը:
Այս ծրագրի շրջանակներում հիմնական շեշտադրումը, բացի հանրակրթական ոլորտից, դրվելու է նաեւ նախադպրոցական կրթության վրա: Ծրագրով նախատեսվում է նաեւ մանկավարժների վերապատրաստում եւ ուսանողների վարկավորում` կրթությունը մատչելի դարձնելու համար:
«Լավ սովորողը լավ է ապրում: Սա եղել է մարդկության պատմության ողջ ընթացքում, հակառակ պարագայում գիտելիքը դառնում է ինքնանպատակ, եթե չի սպասարկում տնտեսությանը եւ չի բերում տնտեսական հետեւանքներ», իր ելույթը եզրափակեց Աշոտյանը:
Անահիտ Բախշյանը հիշեց իր մանկավարժական գործունեության տարիները եւ հայտարարեց, որ 2005-2009 թվականների նույն վարկային ծրագրի իրականացման ընթացքում զգալի բացթողումներ են թույլ տրվել. «Մեր ուսուցիչները գնում էին իբր թե վերապատրաստման, բայց գալիս էին հին գիտելիքներով, ոչ մի նոր բան չէին ստանում»:
«Մենք հաստատում ենք համաձայնագրեր, վերցնում ենք միջոցներ, ստանձնում ենք պարտավորություններ եւ մեր հետագա սերունդը պետք է փակի այդ պարտավորությունները, բայց այդ միջոցների ծախսը չենք կարողանում համակարգաստեղծ մակարդակով իրականացնել», նկատեց դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Ն. Մ.